>

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, SHANTNEWS-ը հայտնել էր, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին և 8-ին ևս երեք հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել են ու ենթարկել մշակման: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ավելի ծանր, քան նախորդ ընդունված հիվանդներինը, քանի որ կանայք ինքնաբուժությամբ են զբաղվել և բժշկի դիմել են բավական ուշ:





«Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք միսը գնել են իրենց համագյուղացուց, մշակելուց վարակվել են: Օջախը նույնն է: Խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա: Բավական խոր վերքեր են: Նրանց վիճակը, նախորդ հոսպիտալացվածների համեմատությամբ, ծանր է այն առումով, որ իրենք ուշ են դիմել, թաքցրել են վերքը, զբաղվել ինքնաբուժությամբ: Եթե շուտ դիմեին, ավելի հեշտ ու արագ բուժում կստանային:

Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Սիբիրյան խոցն ինքն իրեն չի բուժվում, կոնկրետ ստացիոնար բուժում է անհրաժեշտ: Եթե չեն դիմում, հետո ավելի բարդացած վիճակով են դիմելու: Բացի դրանից՝ նրանք կարող են վարակել իրենց ընտանիքի անդամներին: Կոնտակտային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է: Ընդհանուր արդեն 10 հիվանդ է ընդունվել Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ ու նույն օջախից»,- Shantnews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:


Գյուղում կենդանիների անկումներից հետո բժիշկ-վարակաբանները տուն առ տուն բակային այցեր են կազմակերպել, ինչի արդյունքում էլ հայտնաբերվել է հիվանդ կենդանու միսը, ինչպես նաև կենդանուց մարդուն վարակի փոխանցման դեպքերը:

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում Սիբիրախտ հիվանդության պատճառով մեկ տասնյակից ավելի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ են արձանագրվել:

Հիվանդներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հսկողության տակ են Իսահակյան գյուղի բոլոր այն բնակիչները, որոնք հիվանդ կենդանու միսն օգտագործել են:



Сообщение Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի появились сначала на MediaNews.


от admin

-->