>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։

– Պարոն Աբգարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մտադիր է հրաժարական տալ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է պատեհ այդ մտադրությունը։




Քոչարյանի զոհերը

– Անկեղծ ասած, Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելուց հետո ինձ առաջնահերթորեն մտահոգել է  նոր իշխանության կողմից երկրում քաղաքական կայունություն հաստատելու հարցը: Տվյալ պարագայում դա բոլոր հարցերից կարևորագույնն  է, նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարից, որը նույնպես մաս է կազմում երկրի քաղաքական կայունության գործում, բայց որը կարելի էր կարճ ժամանակով հետաձգել: Իսկ ընդհանրապես, յուրաքանչյուր հեղափոխության՝ անկախ դրա բնույթից, առաջնահերթ հարցն է փակել նախկին վարչակարգի ռևանշի բոլոր ուղիները: Հայաստանում թավշյա հեղափոխությունը անցած հինգ ամիսներին կարողացավ դիմակայել հակահեղափոխությանը միմիայն ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ: Նոր իշխանությունը, հանուն «թավշյա» բառի, կազմավորվեց ակնհայտորեն կասկածելի քաղաքական դիրքորոշում ունեցող  ուժերի ներկայացուցիչներից և խորքային  քաղաքական մտածողությունից զուրկ որոշ անհատներից, որոնք, ինչպես ժամանակը ցույց տվեց, դեռ չեն պատկերացնում իրենց ոլորտների կայացման և զարգացման հեռանկարները: Այս իրողությունների պայմաններում ներիշխանական ճգնաժամը 5 ամիս անհաղթահարելի մնաց և ներկայումս հանգուցալուծման լուրջ հայտ է ներկայացնում՝ ի դեմս հակահեղափոխության կենտրոնատեղի ԱԺ-ի և Նիկոլ Փաշինյանի հուսահատ մտադրության: Կարծում եմ՝ նրա այդ որոշումը՝ հրաժարական տալը, ամենավտանգավորն է եղած տարբերակներից, և նա պետք է հրաժարվի դրանից: Նկատի ունեմ, որ անցած ժամանակամիջոցը լիովին բավարար է եղել հակահեղափոխականների համար՝ վերակազմավորելու իրենց կարողությունն ու մարտավարությունը:




– Երեք խորհրդարանական ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, քվեարկեցին աղմկահարույց օրինագծի օգտին, ինչից հետո վարչապետը հեռացրեց ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին կառավարության կազմից։ Ո՞րն էր այդ ուժերի՝ նման վարքի պատճառը, արդյոք այլ ո՞ւժ է կանգնած նրանց թիկունքում։

– Ձեր նշած այդ երեք կուսակցություններն էլ ղարաբաղյան հանցագործ կլանի 20-ամյա իշխանության գոյատևման հիմնաքարերն են եղել, և անհնար էր, որ դրանք չգործեին  իրենց նախորդ գործունեության տրամաբանությանը համապատասխան: Ի՞նչ է նշանակում ԱԺ թաքուն նիստ գումարելը՝ բացառելով խորհրդարանական այլ խմբերի ներկայությունը և հանրային իրազեկումը: Դա բացահայտ դավադրություն էր, և հենց այդ հիմքի վրա հարկավոր էր որոշում կայացնել և ցրել այդ խորհրդարանը, և դա օրինական կլիներ: Իսկ թե ո՞ր ուժերն են կանգնած դրանց հետևում՝ հայտնի է բոլորին: Դա ռուսական իշխանությունն է, սրա գործակալ-մանկլավիկ ղարաբաղյան կլանի պարագլուխները և օլիգարխիան՝ իրենց խոշոր ֆինանսական միջոցներով, հայաստանյան ռուսական 5-րդ զորասյունը՝ ի դեմս ռուսամոլ զանգվածի:

– Շատ վերլուծաբաններ չեն բացառում, որ արտաքին ուժեր ևս կարող են լինել հակահեղափոխականների թիկունքում։ Արդյոք նոր իշխանությանը կհաջողվի՞ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու մտադրությունը՝ արտաքին հնարավոր ճնշման պարագայում։


– Բացառելն անմտություն է,  իսկ  չբացառելն էլ դժվար: Միջազգային հարթակում միայն 3 պետություն է շահագրգռված, որ Հայաստանում վերականգնվի պետական դավաճանների գլխավորած իշխանությունը, որը, հանուն իր գոյության, վերջին  20 տարում միշտ պատրաստակամ է եղել Հայաստանի պետական շահերը զոհաբերել այդ օտարներին և ոչնչացնել Հայաստանի պետականությունը և կորցնել Արցախը: Դրանք են՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Ինչ վերաբերում է  ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների կազմակերպմանը և անցկացմանը, կարծում եմ, որ դա ոչ միայն հնարավոր է, այլև պարտադիր: Հայաստանի հեղինակությունն աշխարհում այսօր այնպիսին է, որ մեծ դժվարությունների առջև կկանգնեն նրանք, որոնք կփորձեն բացահայտորեն  միջամտել մեր երկրի ներքին գործերին: Միջամտությանը դիմակայելն առաջնահերթորեն մե՛ր գործն է:

– Դուք մի առիթով նշել եք, թե կատարվածը հեղաշրջման փորձ է, և Փաշինյանը պարտավոր է հատուկ միջոցներ ձեռնարկել դրա ղեկավարներին և ակտիվիստներին ձերբակալելու համար։ Կա՞ արդյոք դրա օրինական և քաղաքական հնարավորությունը։


– Այո՛,  ես այդ մասին խոսել եմ և հիմա էլ վստահաբար պնդում եմ, որ նախնական պայմանավորություններին հակառակ ուխտադրժորեն և թաքուն  որոշում կայացնելը և պետական երկու մարմիններին ներքաշելը հակադրությունների ոլորտը հակասահմանադրական է և հակաօրինական: Սահմանադրությունն ու օրենքները այլ միջոցներ են նախատեսում առկա հակասությունները կարգավորելու համար: Վստահ եմ նաև, որ Քոչարյանի, Ս. Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի հանցագործությունների մեջ թաթախված մի 10 հոգու ժամանակին արգելափակումը այսպիսի վտանգավոր իրադրություն չէր ստեղծի Հայաստանում և ոչ էլ որևէ օտար միջամտության ակնկալիք: Պետությունը խաղալիք չէ, պարահանդեսային ռևերանսների հարթակ չէ և ոչ էլ ազնվազարմ օրիորդների գիմնազիա: Պետության ատամները ստեղծված են պետական և ոչ պետական հանցագործություններն առաջնահերթորեն կանխարգելելու համար:

– Ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխական ուժերին սանձելու համար։

-Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ մտադրություն ունի, բացի իր ասածից՝ հրաժարական տալուց: Կարծում եմ, որ նա կարող է և ի վիճակի է առավել արդյունավետ ու կարճ ուղի ընտրել հակահեղափոխությանը վերջնականապես ճնշելու համար:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->