>

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

 Պարոն Պապյան, Դուք արդեն երկար ժամանակ պնդում եք, որ սխալ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ԱԺ լուծարման համար պետք է հանրաքվե լինի։ Ի՞նչ մտավախություններ ունեք այս առումով՝ հաշվի առնելով նաև, որ վերջին օրերին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մոտ դիրքորոշման մեղմացում է նկատվում։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե ժողովուրդը դեկտեմբերին է ուզում ընտրություններ լինեն, դեկտեմբերին կգնան։

Եթե նշում ենք հռետորաբանության փոփոխության մասին, ապա պետք է վերցնենք ոչ թե մեկ մարդու ելույթը, այլ բազմաթիվ ելույթներ, իսկ բազմաթիվ ելույթների մեջ հակառակն է, նշվում է, որ մենք որևէ մտադրություն չունենք արտահերթի գնալու մինչև ձմեռ, մենք մտադրություն ունենք մնալու մինչև 2022 թվականը, ծեծում եք, ծեծեք, միևնույն է, չենք համաձայնելու։ Այս հռետորաբանությունը լրիվ հակառակի մասին է վկայում։ Ծառուկյանի հայտարարությունը ոչինչ չնշանակող հայտարարություն է, որևէ քաղաքական պարտավորություն չկա։ Քաղաքական շահի տեսանկյունից, ինչը մենք տեսանք վերջին քվեարկության ժամանակ, և ՀՀԿ-ն, և ԲՀԿ-ն, և ՀՅԴ-ն շահագրգռված են, որ ընտրեն իրենց վարչապետին։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, ամենայն հավանակությամբ, այսինքն 70-80 տոկոս հավանականությամբ, իրենք կառաջադրեն ու կընտրեն իրենց նոր վարչապետին։ Ի՞նչ է մնում այդ դեպքում անել իշխանություններին ու ժողովրդին, ոչ ցանկալի զարգացումների գնալ, որը կլինի բախում։ Այսինքն այն թավշյա կերպարը, որը ստեղծվել է, շատ ավելի վատ կավերվի, քան իմ և ոմանց առաջարկած տարբերակը։




Քոչարյանի զոհերը

Կարծում եք՝ նրանք ոչ մի բանի առջև չե՞ն կանգնի՝ հաշվի առնելով, որ քաղաքացիները ոչ մի կերպ չեն համակերպվի այդ վիճակի հետ։ Այդ մի քանի տարին այդքան վճռորո՞շ է այդ քաղաքական ուժերի համար։ Մենք տեսանք, թե ինչ կատարվեց հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ, երբ պատգամավորները վախենում էին շենքից դուրս գալ։




Բայց ի՞նչն էր հոկտեմբերի 2-ի հավաքի արդյունքը։ Արդյունքն այն էր, որ նրանք անցկացրեցին այն, ինչ ուզում էին։ Այսինքն այդ ամբողջ հավաքվելն անիմաստ էր։ Ժողովուրդը հավաքվել էր, որ թույլ չտար նրանց այդ փոփոխությունն անցկացնեն, բայց նրանք անցկացրեցին։ Նույն հաջողությամբ իրենք կանցկացնեն իրենց ընտրած վարչապետին։ Հիմա դրանից հետո թե ինչ կաներ ժողովուրդը, կարող է մի քանիսի գլուխը ջարդեր, մի քանի հոգու սպաներ, բայց դրա մեջ ի՞նչ լավ բան կա։ Մենք առաջարկում ենք, որ դա այդպես չարվի։ Ձեր նշած հռետորաբանության մեջ էսպիսի մի միտք կա, որ Դուք ով եք, ինչու եք խոսում ամբողջ ժողովրդի անունից, որ ժողովուրդն ուզում է արտահերթ ընտրությունները, ընդամենը 50-60 հազար մարդ է հավաքվում, որը նույնիսկ 2 մլն բնակչության դեպքում  2,5 տոկոս է կազմում։ Հիմա մենք ո՞նց ենք փաստում, որ ժողովուրդն ուզում է արտահերթ ընտրություններ, միայն փողոցում հավաքված մարդկանցո՞վ, որոնք  տոկոսային առումով շատ քիչ են։ Դրա համար իմ առաջարկը շատ պարզ է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, եկեք ժողովրդին հարցնենք, թե նա ինչ է ուզում։ Կազմակերպենք փաստաթղթավորված հարցում՝ պլեբիսցիտ, հանրաքվե, ոնց ուզում եք՝ կոչեք։ Եկեք տեսնենք, ժողովուրդն ինչ է ուզում, ըստ դրա էլ գործադիրը պարտավոր կլինի անելու ժողովրդի ցանկությունը։ Ուզո՞ւմ է նոր ընտրություններ, ուրեմն թող հրամանագրով ցրեն Ազգային ժողովը, գնան նոր ընտրությունների։ Ի վերջո, Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մենք պետք է շարժվենք նրանով, թե ինչ արդյունք ենք ուզում, և ոչ թե բախումների սպառնալիքներով, որը վատ է։

Ձեր կարծիքով` ինչո՞ւ այդ տարբերակը չի ընդունվում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին նշում էր այս տարբերակը, բայց հիմա գնում է հրաժարականի տարբերակով։

Որովհետև իրենք հանրաքվե ասելով հասկանում են կատարման համար պարտադիր հանրաքվե։ Դրա համար պատահական չէր, որ ես նշեցի ոչ թե ռեֆերենդում, այլ պրեբիսցիտ-հանրաքվե։ Կատարման համար պարտադիր ռեֆերենդումի համար պետք է Սահմանադրական դատարանի եզրակացությունը և ԱԺ համաձայնությունը։ Իրենք ասում են՝ դա հնարավոր չի։ Իսկ ես առաջարկում եմ՝ դիմել ժողովրդին ու հարցնել, հարցախույզ անել ու տեսնել՝ ի՞նչ է ուզում ժողովուրդը։ Ի վերջո, մենք անընդհատ ասում ենք, որ այս երկիրը պետք է կառավարվի ժողովրդի ցանկությամբ։ Ո՞վ գիտի այդ ցանկությունը, Նիկոլ Փաշինյանը գիտի՞, ինչի՞ հիման վրա գիտի, կարող է՝ ժողովուրդը չի ուզում, որ խորհրդարանը ցրվի, կարող է ժողովուրդը չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Ես չգիտեմ։ Ամեն մարդ մի բան է ասում, հարցրեք ժողովրդին, թող ասի, մենք էլ որոշենք, թե ինչ անենք։ Մնացածն ավելորդ խոսակցություններ են, ամեն մարդ կարող է իր ուզածը պնդել։


Եթե խորհրդարանը վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ նոր վարչապետ չընտրի և ԱԺ-ն լուծարվի, այս սցենարն էլ կհանգեցնի ընտրությունների, որը հնարավորություն կտա պարզելու, թե որքան վստահություն ունեն քաղաքական ուժերը։

Եթե խորհրդարանը երկու կրակոցով ինքնասպանություն կգործի, ես միայն երջանիկ կլինեմ, որ իմ բոլոր մտավախություններն անհիմն լինեն։ Բայց լուրջ պատճառներ կան մտահոգվելու, որովհետև պնդումը, թե մի քանի տարվա համար արժի՞, որ նրանք գնան այդ քայլին, իրականում սա մի քանի տարվա համար չի։ Սա և անցյալի համար է, որ շատերը պետք է պատասխանատվությունից խուսափեն, և այդ անցյալի կուտակած հարստությունն է վտանգի տակ դրվում, և ապագայում իրենց ազատությունն է հարցականի տակ դրվում։ Այստեղ միայն խորհրդարանական պաշտոնը չի, որը վերաբերում է ինչ-որ մի խմբի։ Իրենց շահերը՝ ամեն ինչ պահպանել հնի պես, շատ ավելին է, քան փոփոխություններ մտցնելը։ Այն բոլոր համեմատությունները, որ փորձում են ապրիլի-մայիսի հետ համեմատեն, բնավ տեղին չի։ Այն ժամանակ խորհրդարանը շահագրգռված էր, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, որ խորհրդարանը չլուծարվի, որ իրենք մնան ևս մեկ տարի, հիմա հակառակ շահագրգռությունն ունեն պատգամավորները, որ Նիկոլ Փաշինյանը չմնա վարչապետ, իրենք բերեն իրենց վարչապետացուին։ Ու մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տեսնում ենք։ Եթե ձեզ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները պարապ տեղն են հանդիպում, միլիոններ ծախսում պրոպագանդայի համար, աշխարհից տարբեր մարդկանց են խառնում էս գործին, դա ձևի համար է, ԱԺ-ն միևնույն է, պետք է լուծարվի, դե թող լուծարվի։ Այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ուներ «ԱԺ կանոնակարգի» մեջ փոփոխություններ անել։ Այդ քայլերից մենք դատողություն ենք անում, որ իրենք չեն ուզում հեշտ գնալ։


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ունի պատմական հնարավորություն չստորագրելու «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը և դիմել Սահմանադրական դատարան։ Դրանով չի՞ չեզոքացվում վտանգներից մեկը։

Չի չեզոքացվում, որովհետև եթե Սահմանադրական դատարանը եզրակացություն տվեց, որ այն չի հակասում Սահմանադրությանը, ապա Արմեն Սարգսյանի ստորագրության կարիքն այլևս չկա, միայն Արա Բաբլոյանի ստորագրությունը բավարար է։

Ձեր կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրություններ ե՞րբ պետք է տեղի ունենան։

Չինացուն հարցնում են՝ ե՞րբ է ծառ տնկելու ճիշտ ժամանակը, պատասխանում է՝ 20 տարի առաջ էր։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն պետք է տեղի ունեցած լինեին։ Հասկանալի չէ այս մի քանի ամիսը։ Եթե այս ընթացքում չեն ընդունվել Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները, Կուսակցությունների մասին օրենքը, ապա այս 4 ամիսը ձգելու իմաստը ո՞րն էր։ Եթե տեղի ունեցածը հեղափոխություն էր, ապա դու հեղափոխության ուժով լուծարում ես ԱԺ-ն և ձևավորում ես նոր իշխանություններ։ Իսկ եթե սա հեղափոխություն չի և դու կառավարվում ես նախկինում ընդունված օրենքներով, էդ դեպքում մայիսի 8-ից հետո պետք էր հարցնել, թե ժողովուրդն ինչ է ուզում, և այսպես ասած, մեղքի բաժինը դնում ես ժողովրդի վրա։ Դրանից հետո կարող ես ցրել խորհրդարանը։ Դա շատ ավելի հանգիստ կանցներ, քան հիմա, երբ արդեն զգում ենք, որ նախկին իշխանությունները, կան գուցե ներկա իշխանությունները, որովհետև մարդ արդեն չգիտի՝ ով է իշխանություն։ Որովհետև դե յուրե իշխանությունը խորհրդարանն է, դե ֆակտո մենք այլ բան ենք տեսնում։ Երբ մարդիկ կան, որ նույն գործադիր իշխանության կողմից ասում են՝ թող համարձակվեն այսպես կամ այնպես քվեարկեն, այսինքն` իրենք ընդունում են, որ նրանք կարող են քվեարկել, պարզապես բախումների վտանգ են ստեղծում։ Սա բնավ ցանկալի չէ։

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->