>

Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը օրերս բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին։ Բախշյանի Ռոբերտ Քոչարյնաին որպես ԱԺ պատգամավոր մի քանի հարց էր առաջադրել կապված հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հետ։




Քոչարյանի զոհերը

«Հիշո՞ւմ եք 1999 նոյեմբերի վերջին Դուք և տիկին Բելլան ընտանիքիս ցավակցություն հայտնելու նպատակով եկաք մեր տուն և նախապես որոշված կես ժամի փոխարեն մնացիք մեկ ժամից ավելի։ Դուք խոսեցիք ահաբեկչության կազմակերպիչներին ամեն գնով բացահայտելու անհրաժեշտության մասին և երբ ես ասացի, որ եթե չբացահայտեք՝ ժողովուրդը Ձեզ է կասկածելու։ Դուք ասացիք՝ ԳԻՏԵՄ։





Նշանակում է գիտեք, որ ժողովուրդը 22 տարի ապրում է Ձեր նկատմամբ այդ կասկածով։ Անցել է 22 տարի և ահաբեկչության կազմակերպիչները չեն բացահայտվել ոչ՛ Ձեր, ո՛չ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Իսկ դրանք կա՛ն, քանի որ, մասնավորապես դատարանն այդպես էլ չբացահայտեց Արմենակ Արմենակյանի սպանությունն այն դեպքում, երբ հենց դատարանում դատախազ Հակոբ Մարտիրոսյանն ապացուցեց, որ Արմենակյանին չէին կարող սպանել ահաբեկչության ձերբակալված, ապա դատապարտված մասնակիցները, քանի որ նրանք այդ պահին ԱԺ դահլիճում էին։ Ո՞վ ԱԺ նիստերի դահլիճի միջանցքում սպանեց Արմենակյանին, 22 տարի է այս հարցը կախված է մեր արդարադատություն գլխին»,-նամակում գրել է Բախշյանը և ավելացրել․ «Դուք էիք Երկրի անվտանգության թիվ 1 պատասխանատուն, Ձեր օրոք գլխատվեց մեր պետությունն ու պետականությունը, որի հետևանքն այսօրվա իրականությունն է և Դուք ոչինչ չարեցիք, ընդհակառակը՝ ամեն ինչ արեցիք դատավարությունը շեղելու համար, կարևոր վկաները վերացվեցին, դատարանում չհարցաքննվեցիք։ ԻՆՉՈ՞Ւ»։

Անահիտ Բախշյանը Քոչարյանին երեք հարց է առաջադրել։


Եթե գիտեիք, որ չբացահայտելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին դուք կհաստատեք Ձեր նկատմամբ ժողովրդի մեջ եղած կասկածը, ինչո՞ւ չպահանջեցիք արդար նախաքննություն և դատավարություն։

ԻՆՉՈ՞Ւ 2004-ի նոյեմբերի 11-ին կայացվեց կազմակերպիչների մասով «մայր» գործից անջատված մասը կարճելու որոշումն ու այդպես էլ ուզեցիք թաղել ամեն ինչ։

Որպես պատգամավոր պատրաստվո՞ւմ եք հետևել այս գործի վերաբացման ընթացքին։



Հոկտեմբերի 27-ին առեղծվածային պայմաններում սպանված Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմինե Արմենակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը համակարծիք է Բախշյանի հարցադրումների հետ։ Ասաց՝ եղել են դեպքեր, երբ ինքը նույնպես հարցեր է բարձրացրել, բայց այդ բոլոր հարցերը մնացել են անպատասխան․«Հիմա ես դեմ չեմ, եթե այդ հարցերը մի արդյունք կտան, թող նորից հնչեցվեն։ Ես էլ կուզենայի պատգամավոր Քոչարյանից հետաքրքրվել Արմենակյանի սպանության հանգամանքներից։ Իրեքն ասում են, որ Կարեն Հունանյանի հրազենից է սպանվել։ Բայց դատի ժամանակ Կարեն Հունանյանն ասեց, որ ինքը չի եղել։ Ու մինչև հիմա չգիտենք այդպես էլ, թե ով սպանեց Արմենակին։ Ես այդ հարցի պատասխանը կուզենամ իմանալ։ Կուզենայի պարզել առաջինը թե ում էր խանգարում Արմենակյանը։ Այս հարցերը մինչ օրս հետաքրքրում է մեր ընտանիքին ու բոլորին»,-ասաց տիկին Արմենակյանը՝ հավելելով․«Տարիներ շարունակ մեզ համար անհայտ է՝ Քոչարյանը ինչ գիտեր հոկտեմբերի 27-ի մասին, ճի՞շտ էին այդ օրերի խոսակցությունները, թե ոչ։ Բայց ես ինքս փաստեր չունեմ ու չեմ կարող ասել, թե Քոչարյանը մեղավոր է, թե ոչ։ Կուզենայի, որ դատավարության ժամանակ փաստերով բացահայտվեր իրականությունը։ Բայց իրենք ընդհանրապես չներկայացան դատավարությանը, դատը շեղեցին։ Բայց ինքը եթե ոչ վկայի կարգավիճակով, այլ երկրի նախագահի կարգավիճակով պետք է գար ու պատասխան տար, թե ինչու այդ օրը կատարվեց այդ ահաբեկչությունը։ Հենց իրենց անտարբերությունը ժողովրդին ուղղեց իրենց մեղադրելու ուղղությամբ։ Իրենց անգամ դրանից հետո բացարձակ չհետաքրքրեց, թե ինչպես էին զոհերի ընտանիքները ապրում, ոչինչ չարեցին դատավարությունը ճիշտ վարելու համար»։

Արմենակյանի խոսքով՝ Քոչարյանին պետք է անհանգստացներ, որ իր նախագահության օրոք տեղի ունեցավ ոճրագործությունը։ Պետք է անհանգստացներ այն փաստը, թե ինչպես էին ոճրագործները հանգիստ մուտք գործել Ազգային ժողով ու իրագործել այդ ոճիրը․ «Եղել են կազմակերպիչներ, նրանց օժանդակողներ։ Նրանք չէին կարող այդպես անարգել մտնել երկրի ամենաապով տեղը ու գլխատել երկիրը։ Եղել են մարդիկ, որոնք նրանց հանգիստ թողել են մտնել ներս։ Հակառակ դեպքում այդքան զենք ու զրահով մարդիկ չէին կարող ներս մտնել։ Մի խոսքով դա կազմակերպված սպանդ է եղել ու մի օր պետք է բացահայտվի այդ սպանդը։ Կարծում եմ, որ եթե հիմա իշխանությունը կամք ունի, ապա պարոն Քոչարյանը կարող է օժանդակել, աջակցել հոկտեմբերի 27-ի բացահայտմանը»,-ասաց Արմենակյանի այրին։

Մեր դիտարկմանը՝ հավատո՞ւմ է, որ Քոչարյանը կարող է աջակցել, օժանդակել հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, մեր զրուցակիցը պատասխանեց․«Մտածում եմ՝ գոնե օգնի։ Եթե իշխանությունը կամենա, ապա մտածում եմ, որ հնարավոր կլինի բացահայտել 27-ը։ Մինչ այսօր մենք սպասում ենք մեր հարցերի պատասխանին, թե ինչպես եղավ և ում ձեռքով գնացին մեր անվանի գործիչները։ Բայց առանց իշխանության կամեցողության ոչ մի բան էլ չի բացահայտվի»։

Сообщение «Մինչ այսօր սպասում ենք մեր հարցերի պատասխանին…». Արմենակ Արմենակյանի կինը ևս դիմում է Ռոբերտ Քոչարյանին появились сначала на MediaNews.


от admin

-->