>

Համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2020 թ. հրապարակված «Մարդկային կապիտալի ինդեքսի» վերաբերյալ զեկույցի՝ 2015 թվականի տվյալներով մինչեւ 10 տարեկան երեխաների 35 տոկոսը կրթության առաջին աստիճանի ավարտին չի կարողանում կարդալ եւ հասկանալ հասարակ տեքստի բովանդակությունը:

Վիճակագրական այս ցավալի պատկերը, սակայն, հանրային լայն հնչեղություն ստացավ ամիսներ առաջ, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ դրա մասին խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:




Քոչարյանի զոհերը

Նշենք, որ Մարդկային կապիտալի ինդեքսում օգտագործված այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study- Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։


Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ 2015թ. նկատմամբ գրանցելով որոշակի առաջընթաց: Մասնավորապես, 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի: Չնայած չորս տարի հետո գրանցած արդյունքների որոշակի բարելավմանը, արձանագրված արդյունքները դարձյալ մտահոգիչ են։





Որպես ոլորտային քաղաքականությունը համակարգող մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում նախարարությունը՝ առաջացած խնդիրներն իր լիազորությունների շրջանակում լուծելու եւ Հայաստանում կրթության այսպիսի ցածր մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Ոլորտային բարեփոխումների բովանդակության մասին ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեզ որոշ տվյալներ է հայտնել:

Մասնավորապես՝ նա նշել է, որ խնդիրների լուծման առաջնային քայլերն ուղղված էին կրթական չափորոշիչներին եւ ծրագրերին։


Այս համատեքստում, նա ընդգծել է, որ դեռեւս 2019 թվականին ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է Հանրակրթական պետական չափորոշչի եւ դրա հիման վրա առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի վերանայման գործընթացը, որը վերջին անգամ վերանայվել էր 15 տարի առաջ:

Նշենք նաեւ, որ իր ֆեյսբուքյան էջում փոխնախարարը օրեր առաջ գրառում էր կատարել եւ նշել, որ հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով. պետք է չեղարկել անբավարար գնահատականի շեմը, որը չի աշխատում, պատասխանատվություն վերցնել սովորողի հետ աշխատել տարվա ընթացքում, հավելյալ կրթական աջակցություն ցույց տալ, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել և սովորեցնել։

Ըստ Ժաննա Անդրեսայանի՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու եւ նրանց լիարժեք կրթությունը ապահովելու նպատակով դեռեւս անցյալ տարի՝ 2020 թվականին, վերանայվել եւ Կառավարության կողմից 2021 թվականի փետրվարի 11-ին հաստատվել է «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ ուղղորդման կարգը սահմանելու» մասին որոշումը, որը հնարավորություն կընձեռի միջգերատեսչական համագործակցությամբ իրականացնել նշված երեխաների հայտնաբերումն ու արդյունավետ ընդգրկումը դասապրոցեսի մեջ:

Փոխնախարարը հավելել է նաեւ, որ Հանրակրթության կառավարման արդյունավետության տեսանկյունից այս երեխաների, ինչպես նաեւ ցածր առաջադիմություն ցուցաբերող երեխաների համար նախատեսվում է ներդնել կրթական հավելյալ աջակցության հնարավորություն, որը նախատեսված է ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի 38-Ն հրամանով հաստատված երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգով:



Նշենք, որ երկարօրյա ուսուցման այս կարգով ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի ոչ միայն ցածր առաջադիմությամբ աշակերտների համար ներդնել կրթական հավելյալ ծառայություններ, զարգացնել նրանց ստեղծագործական ընդունակությունները, այլեւ արտադասարանական աշխատանքների միջոցով լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:

Դպրոցում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա:

Երկարօրյա խմբերը համալրվելու են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների:

Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվելու է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:

Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:

Երկարօրյա խմբերը ձևավորվելու են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվելու են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:

Сообщение «Ցածր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների համար կներդրվի կրթական հավելյալ աջակցություն…». Ժաննա Անդրեասյան появились сначала на MediaNews.


от admin

-->