>

Ալիեւի սպառնալիքների շուրջ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ.

— Պարոն Խաչատրյան, երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով սահմանի Երասխի հատվածում զոհ ունեցանք: Կան կարծիքներ, որ լարվածության նոր օջախ է ստեղծում Ադրբեջանը: Ի՞նչ զարգացում կարող է ունենալ այս իրավիճակը:




Քոչարյանի զոհերը

— Սա գնահատում եմ սովորական սադրանք, Ադրբեջանի շատ ծանոթ ձեռագիրն է, որ ամեն անգամ սահմանային մի հատվածում սադրում են այսպիսի իրավիճակներ. սպասելի են միշտ այսպիսի իրավիճակները, կարեւորն այն է, որ սրանք էսկալացիա չապրեն եւ չդառնան մեծածավալ գործողություններ եւ խաղաղ գործընթացը չխաթարվի: Բայց ամեն դեպքում մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն բոլոր սցենարներին եւ այդ սադրանքներին պետք է համարժեք պատասխան տան, ինչը, կարծում եմ, այս դեպքում մեր զինված ուժերը պատվով կատարել են:





— Վստահաբար տեղյակ եք, որ Ալիեւը երեկ կրկին հայտարարել է Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին, ասել է՝ Սեւանը մեր հողն է, Երեւանը մեր հողն է, մենք վերադառնալու ենք: Ինչո՞վ եք պայմանավորում այս հռետորաբանությանը վերադարձը:

— Ես, որպես քաղաքացի եւ պատգամավոր, Ալեւի մոտ նկատում եմ հոգեխանգարման երեւույթներ: Նման հայտարարություններ անելով նա երեւի փորձում է վախի, ապակայունացնող մթնոլորտ ստեղծել ՀՀ-ում եւ ասեմ, որ որոշ ժամանակ անց դա նրան ինչ-որ կերպ հաջողվում է: Կարծում եմ, այդպիսի հայտարարությունները հետագա բանակցային գործընթացի վրա ազդելու փորձ են: Նա փորձում է իր դիրքերը ավելի ամրապնդել, որպեսզի կարողանա դիվանագիտական պրոցեսում ավելի բարձր դիրքերից խոսել, պատերազմում կրած իր հաջողությունների հետ մեկտեղ նաեւ ավելացնի այս սպառնալիքնները, որպեսզի ավելի մեծ հաջողություններ ունենա:

Բայց իհարկե Ալիեւի հայտարարությունները ուղղակի հարիր չեն որեւէ երկրի նորմալ առաջնորդի: Այս ամենին պետք է գնահատական տան միջազգային կառույցները եւ պետությունները, որովհետեւ սա ուղղակի սադրանք է եւ Հայաստանի Հանրապետությանն ուղղված ագրեսիայի սպառնալիք:


— Կարո՞ղ է այդ սպառնալիքը վերածվել պատերազմի, թեեւ Ալիեւը խոսում է նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ ասելով, որ Հայաստանը չի համաձայնում դրան:

— Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ պատերազմի վտանգ կա, բայց սադրանքներ կարող են լինել, տեղային, սահմանային միջադեպեր կարող են հրահրվել. Ադրբեջանի ձեռագիրն է եւ չեմ բացառում այդպիսի դեպքերը, բայց պատերազմի վտանգ չեմ տեսնում: Սա չի նշանակում, որ մենք ինտենսիվ չպետք է պատրաստենք մեր բանակը այնպիսի վիճակի, որ ցանկացած իրավիճակում հնարավորություն ունենա հակազդել թշնամուն. ամեն դեպքում մենք պատրաստ պետք է լինենք ամեն ինչի՝ ե՛ւ պատերազմական գործողությունների, ե՛ւ հակազդելուն, ե՛ւ մեր սահմանների անվտանգությունը ապահովելուն: Այս ուղղությամբ բանակում շատ անելիք կա, ես կարծում եմ բանակում պետք է հստակ միջոցառումներ, մեծածավալ բարեփոխումներ իրականացվեն, որպեսզի մենք կարողանանք այսօրվա մեր առջեւ դրված խնդիրները լուծելի դարձնել:



— Բարեփոխումներն ի՞նչ ընթացքի մեջ են, տեղյա՞կ եք:

— Կարծում եմ, մոտ ապագայում մենք կունենանք այն տեսլականը, որով պետք է առաջ շարժվի մեր բանակը եւ որով պետք է իրականացվեն բարեփոխումները: Այս պահի դրությամբ այդ տեսլականն է կազմվում, այդ ծրագիրն է մշակվում, թե ինչպես եւ ինչ միջոցներով պետք է դա իրականացվի: Կարծում եմ դա հնարավորինս հրատապ պետք է իրականացվի: Բանակում իրականացվող բարեփոխումները գուցե այդքան էլ տեսանելի չեն լինում հանրության համար, բայց մոտ ապագայում մենք հաստատ տեսանելի արդյունքներ կունենանք այս ուղղությամբ:

— Վերադառնալով Ալիեւի հայտարարություններին. պարոն Խաչատրյան, Ալիեւն ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կարգավիճակի հարց այլեւս չկա: Մենք պահանջում ենք բանակցություններ՝ այս հարցով: Ինչպե՞ս ենք պատկերացնում նրա հետ բանակցային սեղան վերադառնալը:

— Շատ բան կա բանակցելու՝ սկսած գերիների վերադարձից, վերջացրած տեղային ներխուժումների խնդրից, որ այլեւս նման բան չանեն: Եվ իհարկե, գլխավոր հարցը, հարցերի հարցը Արցախի կարգավիճակի հարցն է: Վաղ թե ուշ պետք է կարգավիճակ տրվի Արցախին, Արցախի անկախությունը պետք է ճանաչվի. դա միակ երաշխիքն է Արցախի, Արցախի բնակչության անվտանգության: Կարծում եմ, որ այս ուղղությամբ առաջիկայում գործուն միջոցներ կձեռնարկվեն, այլ տարբերակ չկա:

Сообщение Արմեն Խաչատրյան. «Ես, որպես քաղաքացի եւ պատգամավոր, Ալիեւի մոտ նկատում եմ հոգեխանգարման երեւույթներ»․ ՀԺ появились сначала на MediaNews.


от admin

-->