>

Իրանը հնարավորություն է ընձեռում Հայաստանին դուրս գալ Ռուսաստանի հետ միակողմանի պարտավորություններից

Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը




Քոչարյանի զոհերը

Պարոն Շահմուրադյան, Իրանը էլեկտրաէներգիայի արտադրության լուրջ խնդրի առջև է կանգնել։ Իրանը որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից։ Ի՞նչ փուլում են պայմանավորվածությունները։





Այս տարի եղանակը բավականին շոգ է Իրանում և, բնականաբար, մեծ քաղաքներում ավելացել է զովացուցիչների հետ կապված էլեկտրաէներգիայի սպառումը հատկապես երկրի հարավային շրջանի նահանգներում։ Իրանի էլեկտրակայանները ամբողջ հզորությամբ աշխատում են արդյունաբերական և բնակելի վայրերի էլեկտրահոսանքը բավարարելու համար: Դրա համար երկրում գոյություն ունեցող առկա էլեկտրակայանները և ջրամբարները չեն կարողանում հսկայական պահանջարկը բավարարել և հաճախ չափից ավելի աշխատելու պատճառով, և էլեկտրաէներգիա արտադրող տուրբինները և այլ սարքավորումները կողմնակի վնասներ չկրելու պատճառով դադարում են աշխատելուց: Իրանը ջրային ռեսուրսներով թույլ երկիր է համարվում, իսկ երկրի կարևոր գետերի վրա կառուցված ջրամբարները օգտագործվում են թե էլեկտրաէներգիա արտադրելու և թե գյուղտնտեսության և ոռոգման պահանջները բավարարելու համար: Ավելին, էլեկտրափոխադրման ցանցերը ևս բավականին ծանր ճնշման տակ են և կարիք ունեն վերանորոգման ու տեխնիկական ընդլայնման, ինչը ավելացնում է էլեկտրաէներգիայի փոխադրման բարդությունները, և այս ամենը կարիք ունի ծրագրավորման, արտասահմանյան ներդրումների և տեխնիկական զարգացման աշխատանքի։ Բայց պատժամիջոցների պատճառով հնարավոր չէ կարճաժամկետ միջոցում ավելացնել երկրի էլեկտրաէներգիայի արտադրման ծավալները:


Էլեկտրաէներգիայի հերթական անջատումները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների և արդյունաբերական բաժնում, ինչպես նաև տարբեր պետական և հանրային սպասարկման կառույցների աշխատանքի համար: Տեխնիկական խնդիրները և գյուղատնտեսության ոլորտում ջրաոռոգման չվերահսկվող գործունեությունները պատճառ է դարձել, որ էլեկտրաէներգիայի սպառման ծավալը հասնի 11,000 ՄՎտ-ի:

Միակ քաղաքականությունը, որ պետք է կիրառվի, հարևան երկրներից էլեկտրաէենրգիայի ներմուծումն է: Այս առումով հարևան երկրներից, հատկապես Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումն Իրանի համար էլեկտրաէներգիայի ապահովման ամենալուրջ տարբերակներից մեկն է: Երևանն Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում, ընդ որում` ծավալները տարբեր են` կախված տարվա եղանակից։



Իրանում և Հայաստանում միաժամանակ ընտրություններ անցկացվեցին։ Երկկողմ հարաբերությունների խորացման համար ի՞նչ նոր հեռանկարներ եք տեսնում։

Իրանում բռնկվել է կորոնավիրուսի պանդեմիայի 5-րդ և ավելի վտանգավոր փուլը։ Հայաստանն օգնում է Իրանին պատվաստումների հարցում։ Իրանը փորձում է իր հարևան երկրների միջոցով զարկ տալ տնտեսական և առևտրական հարաբերություններին։ Եվ այս առումով բոլորը հանգել են հայ-իրանական հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ուղղություններով, և այս հնարավորությունը նոր առիթ և հնարավորություն է ընձեռում Հայաստանին դուրս գալ Ռուսաստանի հետ արդեն ավանդական և միակողմանի առևտրա-տնտեսական և ռազմաքաղաքական անառողջ հարաբերությունների ու կապանքներով լի պարտադիր համաձայնագրերի պարտավորություններից և նոր որակ մտցնել ու հարաբերություններ մշակել իր հարավային ամենակարևոր հարևան երկիր Իրանի հետ: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները սահմանափակում են բժշկական ապրանքներին և տեխնոլոգիաներին հասանելիությունը և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը:

Կորոնավիրուսի պանդեմիան հազարավոր զոհեր է խլել Իրանի քաղաքացիներից։ Հայաստանում ընդունված օրենքի շնորհիվ, որով թույլատրվում է օտարերկյա տուրիստները անվճար պատվաստվեն երկրում, իրանցի զբոսաշրջիկների նոր հոսք է սկսվել Իրանից դեպի Հայաստան, ինչը չնայած որոշ նեղմիտ շրջանակների միտումնավոր քննադատություններին, ողջունելի է հայ-իրանական բարեկամական կապերի ամրապնդման և խորացման առումով։ Արձանագրենք, որ Իրանի հարևան երկրների շրջանում նման սպասարկում չի իրականացվում Իրանի քաղաքացիների նկատմամբ, և նույնիսկ որոշ արաբական հարևան երկրներ խիստ բացասական են վերաբերվում Իրանի քաղաքացիներին։ Սաուդյան Արաբիան նույնիսկ կոշտ ու թշնամական դիրքորոշում ընդունելով ԻԻՀ նկատմամբ, միջազգային հարթակում խոչընտոտում է Իրանի՝ մարդասիրական և բժշկական օգնություններ հատկացնելու փորձերին:


от admin

-->