>

Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը բանակցելիս | PMA

Անճիշտ տերմինները վաղուց դարձել են հայերենին փայլուն տիրապետող վարչապետի պաշտոնակատարի այցեքարտը: Այդուհանդերձ, զգայուն թեմաների վերաբերյալ լղոզած դարձվածները եւ եզրաբանությունը մատնում են ոչ միայն լեզվական-քաղաքական անփութությունը, այլեւ, ամենայն հավանականությամբ, թաքնված, անգիտակից վախեր




Քոչարյանի զոհերը

Տառացի մեջբերենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից. «Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար», ասել է Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ բանակցությունն ամփոփող հայտարարության մեջ հուլիս 17-ին։





Փաշինյանը նկատի ունի Ալիեւի վերջին հայտարարությունները Զանգեզուր, Երեւան եւ Սեւան «պապենական հողեր մեւնույն է վերադառնալու» վերաբերյալ։ Բաքվի պարագլուխը մինչ այդ ասել էր, որ ոչ պաշտոնական խողովակով իրեն հայտնի է դարձել, որ Երեւանը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Փաշինյանն էլ, դատելով ամփոփիչ հայտարարությունից, ոչ պաշտոնական իր աղբյուրներից տեղյակ է, որ Բաքուն մտադիր է «օկուպացիայի» ռեժիմ հաստատել ընդհուպ մայրաքաղաք Երեւանում։

Հետաքրքիր է՝ այս լույսի ներքո, կառավարությունը Երեւանի բնակչությանը ինչպես է պատրաստում զինված տոտալ դիմադրության եւ օկուպացիայի պարագային՝ ընդհատակի եւ պարտիզանական պատերազմի: Սա առաջին հարցն է, որ պիտի առաջանա հայտարարությունը ընթերցելիս:


Երկրորդ հարցը միջանցքինն է: Մեղրիի միջանցքը ընդունված է եւ խնդիր է միայն դրա կապակցումը Տավուշի միջանցքի (Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան) հե՞տ։ Դա է հետեւում տեքստից: Հիշեցնենք, որ Բաքվի պահանջը Մեղրիի կապուղու փաստացի էքստերիտորիալ՝ հայկական պետական իրավասությունից դուրս կարգավիճակն է, ինչպիսին Լաչինի միջանցքինն է «ադրբեջանական» պետության հանդեպ:

Այս անտեղի հարցադրումներից կարելի էր զերծ պահել հանրությանը, եթե արտահայտությունները հստակ լինեին: Օկուպացիան սովորաբար միջազգայնորեն ճանաչված ռեժիմ է լինում որպես այդպիսին: Բոլոր դեպքերում՝ եթե այլ նպատակ չի հետապնդվում, դա անեքսիան նախապատրաստող մի վիճակ է, որ առաջանում է սկզբնական փուլի՝ ագրեսիայի իրականացման հետեւանքով: Այս հանգամանքն է, որ ՀՀ վարչապետի տեղակալ Փաշինյանի հայտարարությանը առավել քան երկիմաստ երանգ է հաղորդում:



Անշուշտ, հայտարարության մեջ խոսքը ոչ թե օկուպացիայի, այլ հարձակման՝ ներխուժման, ագրեսիայի մասին պիտի լիներ: Նույնը վերաբերում է «միջանցք» ընդունված տերմինի անհարկի օգտագործմանը: Նման մի միջանցք՝ Դանցիգյանը 1939-ին առիթ դարձավ Երկրորդ Աշխարհամարտի սկզբի համար:

Առանց այդ էլ ծայրահեղ ապակողմնորոշված հանրությունը կարիք ունի պետական մարմինների կողմից հստակ ձեւակերպումների: «Պողպատե քվեի» նախավարկածը, որ դրոշի պես պարզել է վարչախումբը, չի կարող ինդուլգենցիա նշանակել երեւանյան օլիմպոսում օրեցօր արմատավորվող քաղաքական անփութության համար:

Դե, Նիկոլը բազմազբաղ է, կողքին Արմեն Գրիգորյանի ԱԳՆ-ն է, մամուլի հետ հաղորդակցությունն էլ Մանե Գեւորգյանինն է, պետք է ներողամիտ լինել: Իսկ ինչու՞: Ամեն բառի ետեւում հազարավոր մարդկային կյանքեր են: 2020 սեպտեմբեր 27-ի դասը միանգամայն բավարար է համընդհանուր անփութության արգասիքի առումով: Բոլորովին այլ ճառեր են անհրաժեշտ՝ այլ բառապաշար եւ համապատասխան համարձակ գործողություններ ռազմի եւ դիվանագիտության դաշտում: Միայն դա կսթափեցնի մեր թշնամիներին:

Сообщение Երեւանի «օկուպացիան» եւ Մեղրիի «միջանցքը». Նիկոլից վերեւ մարդ չկա, իսկ կողքի՞ն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->