>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ արտահերթ ընտրության շուրջ ՀՅԴ-ի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռևս Փարիզում, ուր օրեր առաջ մեկնել էր Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը և հուղարկավորությանը մասնակցելու առիթով:


Նիկոլ Փաշինյանը դեռևս Փարիզից վերադարձից հետո էր հայտարարել, որ այնտեղ հանդիպել է ՀՅԴ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների հետ: Եվ եթե այդ հանդիպմանը ձեռք է բերվում արտահերթի շուրջ բանակցության կամ երևանյան հանդիպման պայմանավորվածություն, ապա հարց է ծագում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ՀՅԴ հարցերով այլևս հարաբերվում կամ ուղիղ կապի մեջ է գտնվում ոչ թե տեղի, այլ Սփյուռքի լիդերների, շրջանակների հետ: Ասել կուզի՝ արդյո՞ք դա քաղաքական ակնարկ է, որ վարչապետը ըստ էության «դուրս է թողնում» Դաշնակցության հայաստանյան ներկայիս ղեկավարությանը: Սա մի կողմից՝ ուշագրավ ներքաղաքական տողատակ կարող է պարունակել, մյուս կողմից նաև՝ համահայկական ավելի բազմաշերտ իրողության մասին վկայություն:







Քոչարյանի զոհերը

Իհարկե, Փարիզի պայմանավորվածությունն ամենևին չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանն այլևս հանդիպումներ չի ունենա ՀՅԴ տեղի ղեկավարների հետ, սակայն խնդիրն այստեղ ավելի խորն է, և հայտարարությունը, որ հանդիպման, բանակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել Փարիզում, ըստ էության ընդգծում է, որ ՀՅԴ տեղի ղեկավարները, այսպես ասած, «գործադիր», ոչ թե «քաղաքական» գործառույթի մեջ են դիտարկվում, իսկ քաղաքականը ստանում է համահայկական ընդգրկում: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ճանաչում է ՀՅԴ-ն ամբողջ ընդգրկումով, ոչ միայն տեղի ղեկավար կազմի, քանի որ խոշոր հաշվով հենց այդ ամբողջական ընդգրկումն է ՀՅԴ-ն:

Տեղի ղեկավար կազմը հայաստանյան նախկին համակարգի, այսպես ասած, աղյուսներից մեկն էր՝ իր տեղով ու դերով, որը ներառում է ՀՅԴ քաղաքական-գաղափարական փաթեթավորում Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանական համակարգի մի մասին: Դրա հետևանքը այն էր, որ Դաշնակցությունը ըստ էության վերածվել էր ապաքաղաքական մի կառույցի՝ մսխելով սեփական թե՛ պատմաքաղաքական, թե՛ գաղափարական ռեսուրսը:


Ամենևին պատահական չէ, որ արդեն տարիներ շարունակ առկա է պարբերաբար աշխուժացող տարակարծություն և հակասություն ՀՅԴ տեղի լիդերների և սփյուռքյան մի շարք կառույցների միջև: Անգամ եղել են ղեկավարության փոփոխության նախաձեռնություններ, որոնք, սակայն, չեն հասել նպատակին, քանի որ ՀՅԴ հայաստանյան ղեկավար կազմը ունեցել է Հայաստանի իշխանության աջակցությունը:


Ներկայումս Նիկոլ Փաշինյանը փաստորեն ազդարարում է իշխանություն-ՀՅԴ հարաբերության բոլորովին այլ ռեժիմի մասին՝ ցույց տալով նաև, որ նոր իշխանությանը ՀՅԴ-ն անհրաժեշտ չէ որպես ապաքաղաքական և ապագաղափարական, փողի և տնտեսական այլ մոտիվացիաների վրա հիմնված համակարգի գաղափարական և քաղաքական փաթեթավորման ռեսուրս, այլ անհրաժեշտ է որպես համահայկական ընդգրկումով ամբողջական սուբյեկտ, որը կարող է բավականին կենսունակ դեր կատարել թե՛ քաղաքականության, թե՛ նաև ընդհանրապես ավելի լայն հեռանկարների իմաստով, եթե, իհարկե, կուսակցությունն ինքը ուժ գտնի իր մեջ շրջելու նախորդ համակարգի էջն ու վերափոխվելու, այդ թվում՝ ոչ միայն լիդերների կազմով, այլ նաև նոր իրավիճակին համարժեք բովանդակությամբ և ուղենիշներով:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->