>

Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին:





Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնալու է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ, երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է:





Հադրութից Վայոց ձորի մարզ տեղափոխված Միքայելյաններն առայժմ ապրում են վարձակալությամբ՝ Արենի գյուղում: Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Տարոնը՝ ընտանիքի ավագ որդին, տարիներ առաջ իր հոր ճանապարհն է ընտրել. զինվորական է դարձել: Արդեն 11 տարի, Տարոնը հավատարիմ է մնում զինվորականի երդմանն ու անմնացորդ նվիրումով պաշտպանում է հայրենիքը:


Այդուհանդերձ, ո՛չ իր ծառայության, ո՛չ էլ պատերազմի ծանր օրերի մասին խոսել չի սիրում. խնայում է ապագա կնոջն ու մորը: Հադրութում կառուցած տունն ու ապրուստի միջոցները կորցրած Միքայելյանները, փորձում են նորից ոտքի կանգնել: Այդ հարցում նրանց կաջակցեն գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Ընտանիքն ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում: Մինչև տարեվերջ Արենիում հիմքից տուն կկառուցվի:

«Արցախ տեղափոխվեցինք, երբ որդիս, որպես սպա, նշանակվեց ծառայության: Կիրակի էր, երբ 44-օրյա պատերազմն սկսվեց: Ես աշխատում էի հացի փռում: Առաջին միտքը, որն այդ պահին ունեի՝ ու՞ր է որդիս: Հետո, տեսա նրան…վազում էր…Առամց հուզմունքի չեմ կարողանում հիշել այդ պահը: Այնտեղ ամեն ինչ ունեինք. տուն էինք ստեղծել: Հետո, մի վայրկյանում ամեն ինչ կորցրեցինք, բայց դա էլ աչքիս չէր երևում. որդիս էր ռազմի դաշտում: Ամուսինս զինվորական է եղել: Ամեն ինչ հասկանում էր ու փորձում ինձ հավատացնել, որ մեր որդուն ոչինչ չի լինի: Երբ Հադրութից շատերն արդեն հեռացել էին, ինձ էլ հանեցին: Ամուսինս մնաց որդուս հետ: Իսկ երբ պատերազմից հետո վերադարձան, ամուսնուս մոտ սուր լեյկոզ հայտնաբերվեց… սթրեսից էր: Իր 50-ամյակի օրը կյանքին հրաժեշտ տված ամուսինս խնդրեց թիկունք լինել մեր զավակներին և տան հարցը լուծել: Տառապանքից չեն մեռնում՝ ամրանում են: Պիտի տղաներիս ու հարսիկիս կողքին լինեմ և կատարեմ խոստումս»,-ասել է ընտանիքի մայրը՝ Լիլիկ Միքայելյանը:



«Կյանքում լինում են իրավիճակներ, երբ թվում է` փակված են բոլոր դռներն ու եղած խնդիրները հաղթահարելու հնարավորություն այլևս չկա։ Որքան էլ բարդ է լավատեսություն փոխանցել ձեր ընտանիքին` պետք է փորձեմ անել դա։ Ընտրեք ոչ թե հուսահատվելու, այլև հավատով առաջ գնալու ճանապարհը։ Մենք, մեր գործընկերների հետ, ձեր կողքին ենք։ Այս ծրագիրը ձեզ թույլ կտա ոտքի կանգնել։ Իսկ այժմ խոստացեք, որ երբ սկսվի շինարարությունը, տան կառուցվող պատերի, դրվող ամեն քարի հետ, ամրացնելու եք ձեր հույսն ու կամքը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա֊ ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: 2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:

Сообщение Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի появились сначала на MediaNews.


от admin

-->