>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը





-Պարոն Հովհաննիսյան, 8-րդ գումարման Ազգային ժողովի կազմն արդեն հայտնի է, մանդատները բաշխվել են։ Կարծիքներ կան, որ այս ԱԺ-ն բոլոր գումարման ԱԺ-ներից վատն է լինելու։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։





-Որպեսզի պատասխանեմ Ձեր այս հարցին, պետք է հստակ ձևակերպեք, թե ի՞նչ նկատի ունեք ասելով «վատ»: Մեզանում կա՞ն «վատի» և «լավի» ընդունված չափանիշներ: Եթե լինեին, քաղաքացիները կընտրեին արհեստավարժ և իմաստուն օրենսդիրների, և երկիրն այս վիճակում չէր լինի: Երեք տասնամյակների ընթացքում ընտրությունից ընտրություն հասարակությունը նույն փոցխի վրա է կանգնում, բայց չի կարողանում անհրաժեշտ եզրահանգումներ անել, որպեսզի հաջորդ անգամ նույն տաշտակի առջև չհայտնվի: Բայց միայն հասարակությանը մեղադրելը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների համար ազնիվ չի լինի: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ամբողջ պատասխանատվությունը դնել շարքային քաղաքացիների վրա՝ հայտարարելով, որ խորհրդարանը հասարակության հայելին է և վերջ:

Դուք գիտեք, որ ընտրացուցակները կազմում են լավագույն դեպքում կուսակցական ղեկավարները, իսկ գործնականում՝ կուսակցապետերը միանձնյա: Ձևականորեն այդ գործընթացը փաթեթավորվում է ՙՙժողովրդավարական՚՚ շղարշով՝ ընտրացուցակները քննարկվում ու հաստատվում են համագումարներում կամ քաղխորհուրդների ընդլայնված նիստերի կողմից, բայց բոլորը գիտեն՝ յուրաքանչյուրի տեղը ընտրացուցակում նախօրոք որոշված է: Այն, որ ընտրությունից ընտրություն նվազում է ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը, պատահական չէ՝ պայմանավորված է մեզանում ներկուսակցական ժողովրդավարության բացակայությամբ կամ ձևական բնույթով: Այդ պայմաններում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, երբ ընտրությունները տեղի են ունենում միայն կուսակցական ցուցակներով և ընտրողները հնարավորություն չունեն առաջադրելու և ընտրելու իրենց ուզած դեմքերին, իրեն չի արդարացնում և շատերին ստիպում է հրաժարվել քվեարկելու իրավունքից: Կարծում եմ, որ այս պայմաններում ընտրական օրենսգիրքը պետք է նախատեսի ԱԺ-ի առնվազն 30 տոկոսի ընտրությունը մեծամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հնարավորությունը վերապահի միայն անկուսակցական թեկնածուներին, ովքեր պետք է առաջադրվեն ոչ թե կուսակցությունների, այլ նախաձեռնող քաղաքացիական խմբերի կողմից: Ի վերջո բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, կուսակցությունների անդամների հավաքական թիվը չի գերազանցում ազգաբնակչության 5-ից 7 տոկոսը: Ստացվում է, որ ազգաբնակչության 90 տոկոսից ավելին ներկայացված չէ Ազգային կոչվող ժողովում: Հետո էլ ասում են, որ ԱԺ-ն հասարակության հայելին է, ինչը, ինչպես ես մատերի վրա Ձեզ ցույց տվեցի, իրականությանը չի համապատասխանում:

–Նիկոլ Փաշինյանը արդեն շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին և պատրաստակամություն հայտնել աշխատել նրանց հետ։ Ինչքանո՞վ է իրատեսական դա։


-Այս ԱԺ-ի հիմնական պրոբլեմը ոչ թե ԱԺ անդամների արհեստավարժության պակասն է, այլ այն, որ այս խորհրդարանում ինստիտուցիոնալ ընդդիմության դերը քվեարկության արդյունքներով վերապահված է ռևանշիստներըին: Քաղաքագիտության տեսանկյունից հակահեղափոխական ռևանշիստները չեն կարող դիտվել որպես ընդդիմություն: Հեղափոխություններից հետո նրանց ընտրվելու հնարավորությունը, որպես կանոն, սահմանափակվում կամ նույնիսկ բացառվում է: Նրանց օրենսդրորեն զրկում են քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից, քանզի նախկինում կատարված չարագործությունների պատճառով նրանք մերժված են հասարակության կողմից: Մեզանում այսօր ստեղծվել է պարզապես աննորմալ իրավիճակ, երբ, բացի հակահեղափոխական տականքից, ԱԺ-ում ուրիշ ՙՙընդդիմություն՚՚ չկա: Իսկ ռևանշիստներն իրենց էությամբ, ինչպես ես այդ թեմայով իմ ելույթներում չեմ զլանում կրկնել, ի վիճակի չեն կատարել ինստիտուցիոնալ ընդդիմության գործառույթները: Նրանք միշտ ձգտելու են ուժային ճանապարհով պտտել պատմության անիվը ի շրջանս յուր: Դրա համար էլ դեռ իրենց տեղերն ԱԺ-ում չզբաղեցրած արդեն խոսում են փողոցային պայքարը նույն դեստրուկտիվ ոճով շարունակելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ այսպիսի ԱԺ-ն երկար կյանք ունենալ չի կարող: Նիկոլ Փաշինյանը պետք է դա հաշվի առնի, որպեսզի առաջիկայում անակնկալի չգա և պատրաստվի հնարավոր նոր ֆորսմաժորային իրավիժակներին դիմակաելուն:

–Քոչարյանը որոշեց «Հայաստան» դաշինքի ղեկավարի պաշտոնում առաջադրել ոչ թե ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի, այլ Սեյրան Օհանյանին։ Արդյո՞ք այսպիսով Քոչարյանը պատժում է ՀՅԴ-ին։



– ՀՅԴ-ն ընկել է «մոր փորը» ի՞նչ պատժվելու մասին է խոսքը, երբ նրանք մանդատներ են ստացել ու լիարժեք հնարավորություն ունեն տանիքավորելու և՜ Օպերայի տարածքում, և՜ Երևանի այլ ՙՙյուղոտ՚՚ վայրերում տեղակայվող իրենց բիզնեսները: Իշխան Սաղաթելյանն էլ խմբակցության ղեկավարի հոգսերի փոխարեն պետք է հոգա իրա ընտանական բիզնեսների մասին՝ ահագին պարտքեր ունի փակելու: Իսկ ՙՙՀայաստան՚՚ անվանումով բիզնես-պրոեկտի մասին այսուհետև մտածելու է Արցախից փախած դղյակատեր գեներալ Սեյրան Օհանյանը: Եվ դա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնել այն, որ «Հայաստան» դաշինքը նպատակ է դրել ամեն գնով պահել ղարաբաղցիների բազմահազարանոց բանակը Երևանում՝ բացառելով նրանց վերադարձը Արցախ և դրանով իսկ արդարացնելով Իլհամ Ալիևի օր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում մնացել է ընդամենը 25 հազար հայ և որ այդ 25 հազարին կարգավիճակ տալը զավեշտալի է: Նրանք պետք է մնան Հայաստանում, որպեսզի կլանի օգտին կանխորոշեն հաջորդ ընտրությունների արդյունքները՝ ի՜նչ Արցախ, ի՜նչ բան, նրանք այլևս պատգամավոր են, այլ ոչ թե գեներալ կամ դաշնակցական ազատամարտիկներ: Այո՝ «Արցախ» բիզնես-պրոեկտը մնաց անցյալում և այլևս դիվիդենտներ չի կարող բերել, ուստի այսուհետև պետք է ապավինել «Հայաստան» բիզնես-պրոեկտին:

–Օրերս Քոչարյանը իր հարցազրույցում ակնարկել էր, որ իշխանությունը «դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա և ստորագրվելու է հերթական փաստաթուղթը , հերթական զիջումը»։ Ինչի՞ մասին է խոսում Քոչարյանը։

-Դե՜ Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին: Միշտ ձգտում է մի քայլ առաջ ընկնել Մարիա Զախարովայից և հերթական անգամ Շպիոն Օնիկի նման ապացուցել այն, ինչը վաղուց բոլորին հայտնի է՝ ինքը Մարիա Զախարովայից ոչ պակաս ինֆորմացված է Կրեմլի մտադրությունների մասին: Մարդը տասը տարի է մոսկովյան «Սիստեմայի» գործակալ է է և այնքան էր կտրվել Հայաստանից, որ ընտրություններում «կրելու» հույսեր ուներ: Միթե՞ արժի դրանից հետո հատուկ ենթատեքստեր փնտրել նրա ասածների հետևում, երբ այդ ենթատեքստերը նրա ասուլիսներից մեկ-երկու օրից բացահայտվում են Լավրովի կամ Մարիա Զախարովայի կողմից։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Сообщение «Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին» появились сначала на MediaNews.


от admin

-->