>

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:




Քոչարյանի զոհերը

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավոր, ինչպես նաև 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:





«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- նշել է Սիմոնյանը:


«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ վաղ թե ուշ նման հանձնաժողով պետք է ստեղծվեր, որպեսզի ջրի երես դուրս գան այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են ընդդեմ սեփական ժողովրդի ու պետականության․ «Այսինքն՝ պետք է բացահայտվեն այն բոլոր պատճառները, որոնք հանգեցրեցին Արցախի Հանրապետության կործանմանը։ Ինձ զարմացնում է, որ պատերազմից մոտ 10 ամիս անց է ստեղծվում նման մարմին։ Ես հակված եմ մտածել, որ նման հանձնաժողովը ամբողջությամբ չի բացահայտելու այն իրական հանցագործությունները, որ կատարվել են պատերազմի ժամանակ։ Ակնհայտ էր ՀՀ իշխանությունների բացարձակ ոչ կոմպետենտ գործունեությունը՝ արտակարգ իրավիճակում երկիրը կառավարելու իմաստով։ Ակնհայտ էին նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաների դավաճանական քայլերը։ Ես սխալ եմ համարում նաև ՀՀ իշխանությունների այն քաղաքականությունը, որ ռազմական ղեկավարությունից հեռացվեցին շատ գեներալներ, կոմպետենտ հրամանատարներ։ Բանակն այդպիսով ամբողջությամբ փլուզվեց, այդ մարդկանց բացակայությունն էլ իրենց պաշտոններից բերեց այսպիսի կործանարար հետևանքների»։

Միևնույն ժամանակ Օհանջանյանը նման հանձնաժողովի ստեղծումը անհրաժեշտություն համարեց։ Նա նշեց, որ հանձնաժողովում հավասար հիմունքներով պետք է ընդգրկվեն և՛ իշխանության և՛ ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, պատերազմում տուժածները․ «Վերջնական որոշումն էլ պետք է կայացնի ոչ թե իշխանությունը միանձնյա, այլ կոնսենսուսով։ Միայն այդպես մենք կիմանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։



Խոսելով նախկին հանձնաժողովների գործունեության արդյունավետության մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Գիտեք՝ նախևառաջ պետք է բաց հարթակ լինի։ Ցանկացած քննարկում պետք է լինի հրապարակային, հանրությունն էլ պետք է լսի, թե ինչ են խոսում տվյալ հանձնաժողովի անդամներն ու հրավիրված մարդիկ։ Այսինքն՝ պետք է ամբողջ գործընթացը լինի բաց ու թափանցիկ։ Դա պետք է արվի այն բանի համար, որ մինիմումի հասցվի այն անվստահությունը, որ հանրությունն ունի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության նկատմամբ։ Պետք է հստակ պատասխաններ տրվեն, թե այդ ամենում ինչ դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, ՀՀ-ի և Արցախի ղեկավարությունը, որ մենք նման խայտառակ պարտություն կրեցինք»։

Իրավապաշտպանը համարում է, որ ակնհայտ էր, որ մենք նման ձևով պարտություն չպետք է կրեինք․ «Անգամ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում, մենք չպետք է նման պարտություն կրեինք։ Ես միանշանակ համարում եմ, որ ակնհայտ էր, որ Ռուսաստանը ծախեց Լեռնային Ղարաբաղը։ Ընդ որում՝ Մոսկվան դրան պատրաստվում էր շատ վաղուցվանից։ 2016 թվականն առաջին փորձն էր։ Պարզապես այդ պայմանավորվածության ճանապարհին այն ժամանակ կանգնեցին գեներալ Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Խաչատուրովը։ Նրանց ակտիվ գործունեության արդյունքում Մոսկվայի ջանքերը այն ժամանակ տապալվեցին»։

Сообщение Ակնհայտ էր, որ Մոսկվան ծախեց Ղարաբաղը, նման հանձնաժողովի ստեղծումը կարևոր է появились сначала на MediaNews.


от admin

-->