>

1993 թվականի հունիսի 14-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղ կատարած առաջին այցի տարածված տեսագրությունից և ավելի վաղ հրապարակված սղագրությունից պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի իշխանություններին առաջարկել է համաձայնել Ադրբեջանին վերադարձնել Քարվաճառի շրջանը՝ մատնանշելով, որ հակառակ դեպքում Հայաստանը որպես թշնամի ձեռք է բերում Ռուսաստանին։ «Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինեն կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի՝ Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում՝ Ելցինի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի՝ միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտի վրա է նաև Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը:  Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի»,- դիմելով Ղարաբաղի իշխանության վերնախավին՝ ասել է Տեր-Պետրոսյանը:

Ներկաներից Սամվել Բաբայանը առաջարկել է համաձայնել, սակայն 60 օր ժամանակ ուզել և ռուսներին որոշ պահանջներ ներկայացնել, և եթե պահանջները չկատարվեն, ապա հայկական կողմն էլ չի կատարի իր պարտավորությունը։ Այս առաջարկին համաձայնել են նաև Ռոբերտ Քոչարյանը,  Գերագույն խորհրդի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախագահության անդամ Լևոն Մելիք-Շահնազարյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, այնուհետև՝ նախագահ Կարեն Բաբուրյանը, Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Վալերի Բալայանը, ԳԽ պատգամավոր, ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար Հրանտ Խաչատրյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Արմեն Իսագուլովը, Արկադի Ղուկասյանը։





ԼՂՀ Գերագույն խորհրդի կրթության, գիտության, լեզվի, մշակույթի և լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը և ԼՂՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային, բանկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, դաշնակցական Վալերի Ղազարյանը դեմ են արտահայտվել։





Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, ՀՅԴ բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը նշել է, որ ինքը անձամբ կասեր «այո», սակայն քանի որ չկա ներքին համաձայնություն՝ դեմ է և առաջարկում է քվեարկել իր հրաժարականի հարցը։ 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ի վերջո Պետրոսյանը հրաժարական է տվել, և Կարեն Բաբուրյանը նշանակվել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրել է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրել է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը:

Դրանից հետո հայկական կողմերը ձեռնարկել են Աղդամի օպերացիան, և Քելբաջարի վերադարձի հարցը մոռացվել է։
Սրանով, ըստ էության, վիժեցվել է փոխզիջումներով հակամարտությունը կարգավորելու առաջին փորձը։ Հրադադարի հաստատումից հետո միջազգային հանրությունը տարբեր փաթեթավորումներով կողմերին առաջարկել է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, սակայն Ղարաբաղի իշխանությունները կողմ էին կարգավորման փաթեթային տարբերակին։ Այսինքն՝ բոլոր հարցերը պետք է լուծվեին միաժամանակ, մինչդեռ փուլային տարբերակը իրենից ենթադրում էր խնդիրների լուծում՝ հերթականությամբ։ 1997 թվականին Ղարաբաղի հարցի լուծման շուրջ իշխանությունների միջև եղած անհամաձայնությունների պատճառով հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ։


Civic.am-ին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ մինչև 1997 թվականը Ռոբերտ Քոչարյանը իրոք համաձայն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առավել ևս, որ Արցախում տեղի ունեցող փոփոխությունների շահառուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, որը Արցախի նախագահ դարձավ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի գծի ներկայացուցիչ։

Թե ի՞նչ փոխվեց 1997 թվականից հետո, երբ հայաստանյան իշխանության մեջ տարաձայնությունները խորացան այնքան, որ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Տեր-Պետրոսյանի թեզի կողմնակից, այնուամենայնիվ դարձավ ՀՀ հաջորդ նախագահ, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ազդանշանները ամենևին Հայաստանից չեն և Հայաստանի մարտահրավերների հետ չեն կապված։ Եթե կարդաք Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, ապա «Առասպելներ» բաժնում Տեր-Պետրոսյանը ներկայացնում է իր և մյուս թևի՝ Ռոբերտ Քոչարյանի բանավեճը, որտեղ Տեր-Պետրոսյանը, լինելով «փոխզիջումներ հիմա, այլ ոչ՝ ապագայում» թեզի կողմնակից, ներկայացնում է այդ թեզի հակառակորդների արգումենտները՝ դրանք համարելով հիմնազուրկ։ Մասնավորապես, նա հարց է տալիս. «Այդ ո՞վ է ձեզ ասել, որ Ռուսաստանում ազգային իշխանություններ են լինելու։ Սա ակնհայտորեն նշանակում է, որ երկու ճամբարների միջև այս թեմայով զրույց է եղել, և Ռոբերտ Քոչարյանի թեզի կողմնակիցները պնդել են, որ Ռուսաստանում իշխանության են գալու ինչ-որ ազգային ուժեր, որոնք օգնելու են Հայաստանը դարձնել երկրորդ Իսրայել, որ Ռուսաստանը ավելի ազգային, հայամետ քաղաքականություն է վարելու և այլն։ Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը ցույց է տալիս, որ Հայաստանի՝ 1998 թվականի ներիշխանական ճեղքման և պալատական հեղաշրջման մեջ կա ռուսական գործոնի հաշվարկը, և ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է մյուս կողմը։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ կոնֆլիկտը պետք է լուծվի այժմ, ապա Ռոբերտ Քոչարյանը և իր արտաքին աջակիցներն ու հովանավորները կարծում  էին, որ կոնֆլիկտը չպետք է կարգավորվի այդ պահին»։



Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե դեմ է եղել կոնֆլիկտի լուծման այս կամ այն տարբերակին, այլ իրեն ասվել է, որ ինքը իրեն պետք է այդպես պահի։ «Ռոբերտ Քոչարյանը միակ ղեկավարն է, որ համաձայնել է կարգավորման լուծման առաջարկված ցանկացած տարբերակի։ Նրա հաշվարկը, անշուշտ, եղել է այն, որ մյուս կողմը չի համաձայնի, սակայն այդ հաշվարկում է եղել նաև ինչ-որ մեկը, որը պետք է օգներ այդ ամբողջը մարսել և շրջանցել։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ահաբեկված է, թե ինչպիսին կլինի Բորիս Ելցինի արձագանքը այս կամ այն տարբերակի դեպքում, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում մենք անհանգստության այդպիսի նշաններ չենք տեսել կամ այդպիսի տեղեկություններ չունենք»,- ասաց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է Աղդամի օպերացիային Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությանը, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հրապարակված տեսանյութից և սղագրությունից պարզ է դառնում, որ որոշումները այնպես չէ, որ միանձնյա ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա շահագրգռությունները, որ Քարվաճառը վերադարձվի անմիջապես այն տարում, երբ այն վերցվել է, ցույց են տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան էլ կողմ չի եղել այդ օպերացիային։ «Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության մեջ երկու կոմպոնենտ է պետք նայել՝ Ռուսաստան և Թուրքիա։ Լևոն Տեր-Պետրոսյանը ունեցել է անհանգստություններ, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, և թե ինչպես կարձագանքի Թուրքիան։ Կոնկրետ Քարվաճառի հետ կապված սա ինձ համար նորություն էր, որ Ռուսաստանում Ելցինը դեմ է եղել Քարվաճառը պահելուն, և քանի որ, ինչպես ասում է Տեր-Պետրոսյանը, Ռուսաստանը Ադրբեջանում իշխանության է բերել Ալիևին, ապա որոշել են Ալիևին նվեր տալ Քարվաճառը, որպեսզի նա կարողանա դա մատուցել իր հասարակությանը՝ որպես գահին նստած ղեկավար։ Իմ կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ալիևին նվիրել Քարվաճառը, որպեսզի վերջինս կարողանա մնալ իշխանության, քանի որ Տեր-Պետրոսյանը հիշատակում է այդ հանգամանքը և համաձայնում է ռուս-ադրբեջանական այդ գործարքին, ինչը հայկական շահերի տեսակետից անընդունելի է։  Այդպիսով Տեր-Պետրոսյանը փորձել է կառավարել ռուսական գործոնը։ Քարվաճառը կարմիր գիծ էր նաև Թուրքիայի համար, և այն վերցնելուց հետո Թուրքիան սկսեց շատ ագրեսիվ վերաբերվել Հայաստանի գործողություններին, իսկ քանի որ Թուրքիան Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության մյուս ուղղությունն էր, ապա նա կարծում էր, որ եթե ռուսներն ու թուրքերը միասին չեն ուզում, որ Քարվաճառը մնա հայկական, ապա Քարվաճառը պետք է վերադարձվի։ Սա նշանակում է, որ պլանները, որ կազմվել են այս կամ այն տարածքի ազատագրման հետ կապված, ավելի շատ եղել են տեղական հրամանատարական որոշումներ, և կարծես թե հիմքեր են ստանում այն զրույցները, որ երբեմն որոշ տարածքների ազատագրումը եղել է Տեր-Պետրոսյանի կամքին հակառակ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Քարվաճառը, այնուամենայնիվ, չվերադարձվեց Ադրբեջանին։ Ավելին՝ հայկական կողմը վերցրեց նաև Աղդամի շրջանը, և չնայած այս ամենին՝ չկատարվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի նկարագրած հետևանքները՝ կապված ռուսական արձագանքի հետ։

2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցած հեռուստաբանավեճում Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Տեր-Պետրոսյանի իշխանությանը Ղարաբաղին կոնֆլիկտում մենակ թողնելու մեջ՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները, ասելով «Հայաստանի համար ընդունելի կլինի այն տարբերակը, որն ընդունելի է Ղարաբաղի ժողովրդի համար», այդպիսով Ղարաբաղին մենակ են թողել միջազգային հանրության դեմ, և նախորդ իշխանության մոտեցումը եղել է այդպիսին, որ «Ղարաբաղի հարցը միայն ղարաբաղցիներինն է»։ «Ղարաբաղին մենակ չթողնելով» հանդերձ՝ Քոչարյանին ևս չի հաջողվում լուծել կոնֆլիկտը, և Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելով՝ հարցը վերածվում է տարածքային վեճի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը էականորեն թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային սեղանին։

Сообщение Քոչարյանը 1993-ին կողմ էր Քարվաճառը Ադրբեջանին վերադարձնելուն, իսկ 1998-ին եկավ իշխանության «ոչ մի թիզ հող» սկզբունքով. մանրամասներ գաղտնազերծված տեսագրությունից появились сначала на MediaNews.


от admin

-->