>

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ցավոք, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։





Սահմանին մարտական գործողությունների մասին տեղեկանալուց հետո բազմաթիվ կամավորական ջոկատներ ու ազատամարտիկներ հայտարարություններ տարածեցին, որ իրենք ջոկատներով պատրաստ են և սպասում են ՊՆ-ից հրամանի՝ առաջնագիծ մեկնելու։





Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է մի քանի կամավորական ջոկատների հրամանատարների հետ
«Կոռնիձորի վաշտ»-ի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ «Կոռնիձորի Արոն», մեզ հետ զրույցում նշեց, որ բանակի ողնաշարը շտկված է, և բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է։


«Ես կոչով դիմում եմ տղաներին. տղերք, պատրաստ եղեք՝ մինչև ՊՆ-ից ստանանք համապատասխան ցուցումներ դուրս գալու համար։ Տղաները պատրաստ են, բայց սա կարող է լինել սադրանք, խաբկանք, որ ուշադրությունը շեղեն այդ ուղղության վրա, բայց բուն գործողությունները լինեն Երասխավանի կամ Զանգեզուրի ուղղությամբ՝ Նախիջևանի կողմից։ Հապճեպ որոշում պետք չի կայացնել դուրս գալու համար, որպեսզի կարողանանք բոլոր սահմանների վերահսկողությունը պահել ուշադրության տակ»,- ասաց Արա Խուդավերդյանը։
«Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, «Ապարան» գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն էլ ասաց, որ ինքն առավոտից ինֆորմացիա ուներ, զանգել ճշտել է, և բոլոր ուղղություններում իր տղաներին առաջին պատրաստականության հրաման է տրված, հիմա էլ կապի մեջ է նրանց հետ, բոլոր կառույցներին էլ հանձնարարությունը տրված է։

«Մենք պատրաստ ենք։ Ես էլ կոչ եմ անում բոլոր կռված տղերքին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից. մենք պիտի լուրջ հետևություն անենք, հավաքվենք իրար շուրջ, այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, սա մեր երկրի խնդիրն է, հավաքվենք, մեր ջոկատները կարգավորենք, համալրենք նոր կամավորականներով, արդեն պատերազմին մասնակցած շատ տղաներով ու պատրաստ լինենք, որ որևէ տեղ որևէ սադրանք, որ կանի հակառակորդը, մենք պատժիչ գործողություններ անենք»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
Նա նշեց, որ այսօր մեր բանակն իր առջև դրված խնդիրը պատվով կատարում է, այլ խնդիր է, որ որոշ հայտարարությունների, տարբեր սուտ լուրերի, վարկաբեկող ինֆորմացիաների միջոցով մեր բանակի ոգին կոտրում են։



«Այսօր նույնիսկ առանց մեր միջամտության բանակն իր խնդիրը լուծել է։ Այն, որ մերոնք միանգամից հետ են վերցրել հենակետը, վկայությունն է նրա, որ բանակն իր բարձունքի վրա է։ Եվ ես դրա համար հպարտ եմ։ Մենք ուղղակի պետք է կարողանանք աջակցել, օգնել, պատրաստ լինել, արագ արձագանքել ու արագ հասնել՝ լինելու մեր բանակի կողքին։ Մենք հիմա պատրաստ ենք, և որևէ ուղղությամբ, եթե մեր առջև խնդիր դնեն, մենք այդ ուղղությամբ շարժվելու ենք»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը նույնպես վստահեցրեց, որ իրենք պատրաստ են ու սպասում են հրամանի։

«Մենք պատրաստ ենք, բայց այս պահին դեռ դրա կարիքը չկա։ ՊՆ-ից երբ հրահանգ լինի, անհրաժեշտության դեպքում անմիջապես կմեկնենք ցանկացած ուղղությամբ»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Сообщение Ազատամարտիկները ջոկատներով պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնելու սահման՝ ցանկացած ուղղությամբ появились сначала на MediaNews.


от admin

-->