>

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, այսօր Հայաստանի սահմանին, ՊՆ բնորոշմամբ` տեղային մարտեր էին: Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ է Ադրբեջանը գնում նման սադրանքների:

– Այսօրվա գործողությունները և տեղային մարտերը փոքր-ինչ ավելի լայնամասշտաբ բնույթի էին, որոնց հետևանքով, ցավոք, հայկական կողմը նաև զոհեր ունեցավ:





Այդուհանդերձ, վերջին շրջանում և՛ Երասխի, և՛ մյուս ուղղություններով Ադրբեջանը փաստացի գնում է նորանոր սադրանքների: Սրա մասին այդ երկիրը նաև բաց տեքստերով է հայտարարում, մասնավորապես, իրենց հեռուստաընկերություններից մեկին Ալիևի վերջին հարցազրույցը ակնհայտ հավաստիացումն էր առ այն, որ իրենք տարածքային հավակնություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ու այդ ճանապարհով էլ փորձում են առաջ շարժվել՝ իրենց առջև դնելով խնդիր մաքսիմալ կապիտալիզացնել այն ռազմական հաջողությունը, որը ձեռք են բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:





– Փորձագիտական շրջանակներում մի տեսակետ է շրջանառվում, որի համաձայն` Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է պարտադրել Հայաստանին կապիտուլյացիայի վերջնական ակտ ստորագրել: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Եթե խոսքը նույն խաղաղության պայմանագիր ասվածի մասին է, և թե ի՛նչ է Բաքուն դրա ներքո հասկանում, ապա ես իսկապես կարծում եմ, որ Բաքվի պատկերացրած խաղաղության պայմանագիրը հայոց պետականության ավարտի մասին կարող է խոսել, որովհետև Հայաստանի Հանրապետության ունեցած ստրատեգիական տարածքների նկատմամբ Բաքուն փաստացի հավակնություններ է ցուցաբերում:

Ես ուղղակի չեմ ուզում առաջ քաշել Բաքվի մտադրությունները, կարծում եմ՝ դրանք բոլորին են հասկանալի, և դրանք վերաբերում են և՛ Սյունիքի մարզի, և՛ Հայաստանի տարբեր շրջանների նկատմամբ ունեցած հավակնություններին: Այդ հարցում Բաքուն երբեք չի թաքցրել իր հավակնությունները և վայելում է Անկարայի աջակցությունը: Այո՛, այդ ձևակերպումներով պայմանագրի դեպքում ընդհանրապես հարցականի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության գոյությունը:

Բայց ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին, մասնավորապես՝ մեր զինված ուժերն ու բանակը թույլ չեն տա Բաքվի նպատակների իրագործում, որքան էլ ծանր է այդ պարտությունը, որ մենք կրել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Վերջին շրջանի զարգացումները, մեր զինվորների պահվածքն ու անձնազոհությունը փաստում են, որ հայկական բանակը կա, կանգնած է ու պատրաստ է պաշտպանելու ՀՀ ինքնիշխանությունն ու պետականությունը:

– Դուք ասում եք՝ Ադրբեջանը վայելում է Անկարայի աջակցությունը, սակայն շատ փորձագետներ պնդում են, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի համառ լռությունը:


– Գիտեք՝ տեղեկատվություն է տարածվում, որ Ռուսաստանի միջնորդությամբ է հրադադար հաստատվել, և այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, բնականաբար, ՀԱՊԿ-ի արձագանքը չէր բավարարում այն ակնկալիքները, որոնք ուներ Հայաստանը: Այդ մասին նաև որոշ պաշտոնյաներ էին խոսել:

Այդուհանդերձ, Ռուսաստանը այս պահին փաստացի իր միջնորդական առաքելությունը, կարծում եմ, շարունակում է իրականացնել և այդ տեսանկյունից էլ հրադադարի հաստատման ուղղությամբ արագ քայլեր է ձեռնարկել:

– Սեպտեմբերի կեսերից Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը: Դա, ըստ ձեզ, կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա:

– Բնականաբար, այդ մեխանիզմը ևս կարող է օգտագործվել՝ լայն գործունեություն ծավալելու, գործընկերների հետ շփվելու համար: Բայց ես կարծում եմ, նախքան այդ էլ մի քանի ուղղություններով պետք է հստակ աշխատանք տարվի:



Հույս ունեմ՝ արտաքին գերատեսչությունը զբաղվում է այդ հարցերով, և համապատասխան հանձնարարականներ կիջեցվեն դեսպանատներին՝ ստեղծված իրավիճակը մեր գործընկերներին ներկայացնելու և համարժեք արձագանքներ ստանալու նպատակով:

– Իշխանություններին կոչ է արվում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Դուք ինչ եք կարծում՝ կա՞ դրա անհրաժեշտությունը:

– Այստեղ խոսքը դիվանագիտական աշխատանքի մասին է, այդ քայլի հնարավոր արդյունավետությունը չափելու ու նոր դրան գնալու մասին է: Բնականաբար, դա կարևոր գործիքակազմերից մեկն է, և կարծում եմ, իսկապես այդ ուղղությամբ առնվազն նախապատրաստական աշխատանքներ տանելը հաստատ չի խանգարի և մեծապես կարող է նպաստել Բաքվի ագրեսիայի զսպմանը:

– Դուք ձեր խոսքում շեշտեցիք հայ զինվորի, հայկական բանակի կարևորությունը: Այսինքն՝ բացի ուժից, այլ կերպ հնարավոր չէ՞ սանձել Ադրբեջանին, սպառվա՞ծ են դիվանագիտական ուղիները:

– Դիվանագիտությունը կարևոր գործիքակազմ է, բայց, այդուհանդերձ, դիվանագիտությունն արդյունավետ է, երբ զինվորն ամուր կանգնած է սահմանի ու դիրքի պաշտպանությանը: Դրանք փոխկապակցված են:

Իհարկե, պետք է օգտագործել դիվանագիտական գործիքակազմը, և գիտեք, որ մայիսի 12-ից ի վեր սահմանային ճգնաժամի լուծման ուղղությամբ հենց դիվանագիտական քայլեր էին ձեռնարկվում: Բայց, ցավոք սրտի, մինչ այսօր չունենք հանգուցալուծում:

Ավելին՝ Ադրբեջանի ախորժակը օր օրի և ժամ ժամի ավելի է մեծանում: Եվ դրա գլխավոր զսպիչ ուժը մնում է հայոց բանակը, հայ զինվորը՝ իր անսահման անձնազոհությամբ:

MediaLab.am

Сообщение «Բաքվի պատկերացրած խաղաղության պայմանագիրը hայոց պետականության ավարտի մասին է». Տաթև Հայրապետյան появились сначала на MediaNews.


от admin

-->