>

Հայաստանում պրոթեզավորման և օրթեզավորման ծառայությունների արդյունավետ մատուցման համար հնարավորություններն ընդլայնվում են. «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը նոր շենք ունի, որտեղ եվրոպական լավագույն ընկերություններից բերված պրոթեզների մասերը հավաքվում և հագցվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 29-ին շենքի բացմանը ժապավենը կտրեց Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից, կենտրոնում ոտքի պրոթեզավորում անցած Վահե Քալանթարյանը, ով կռիվ է տվել «Եղնիկներում»:

«Սկզբում տեղադրել են ժամանակավոր պրոթեզ, դրանով սովորել եմ քայլել, հիմա քայլում եմ հիմնական պրոթեզով, խնդիր չունեմ ընդհանրապես»,-ասաց Վահեն ու հավելեց՝ գոհ է կենտրոնի բոլոր բժիշկներից:





Հայրենիքի պաշտպանը հիմա վերականգնողական փուլ է անցնում՝ ճիշտ քայլելու համար: Վահեն նշեց՝պատերազմը սովորեցրեց գնահատել խաղաղության գինը:





Պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնի նոր շենքը կառուցվել է վարկային միջոցներով: Պատերազմում վիրավորված զինծառայողներին սատարելու համար «Արաբկիր» բժշկական համալիրը փոխել է հիմնական ծրագրերի ուղղությունը, վարկ է վերցրել եւ սկսել նոր մասնաշենքի շինարարությունը, որպեսզի ստեղծի լիարժեք, միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ: «Օրթեզ»-ն էլ վարկային միջոցներով շենքը կահավորել է սարքավորումներով, տեխնիկայով:

«Նպատակը օրթեզավորման, պրոթեզավորման զարգացումը, ավելի արդիականացումն է: Մեզ նման երկրների համար, որոնք պատերազմների մեջ են, շրջապատված են թշնամիներով, այս մասնագիտությունը համարվում է ստրատեգիական՝ մարդկանց շուտ ոտքի հանելու, հասարակությանն ինտեգրելու և այլ խնդիրների համար: Մենք չենք դիտում, որ մեր երկիրն աղքատ է կամ հնարավորություններ չունի, մենք պետք է անենք այնպես, ինչպես անում են Եվրոպայում, Ամերիկայում, զարգացած երկրներում»,- ասաց «Օրթեզ»-ի տնօրեն Արա Թեքյոզյանը:


Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Կենտրոնում պրոթեզավորում, օրթեզավորում են երեխաներին, մեծահասակներին, այդ թվում՝ արդեն 44-օրյա պատերազմի հերոս տղաներին, կենտրոնում նրանք անցնում են նաև վերականգնողական փուլ: Տնօրենը վստահեցրեց՝ պրոթեզների մասերը, սարքավորումները բերվում են եվրոպական ճանաչված կազմակերպություններից, համագործակցում են ֆրանսիական, գերմանական ընկերությունների հետ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ նախ երկրաշարժը, այնուհետև Արցախյան պատերազմը մեծ խթան հանդիսացան, որ Հայաստանում ստեղծվեն, ձևավորվեն վերականգնողական ծառայություններ՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: «Ցավոք, անցյալ տարի պատերազմը այս խնդրի առաջնահերթությունը, կարևորությունը ևս մեկ անգամ շեշտադրեց, և պետությունը, մասնավոր ընկերությունները համագործակցությամբ փորձում են հնարավորինս զարգացնել ծառայությունը, ներառել բժշկական օգնության հնարավորինս նոր ուղղություններ՝ նոր սարքավորումներ, նոր մեթոդներ»,- նշեց Ավանեսյանը:



Նա վստահեցրեց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված բոլոր անձինք ներկայումս պետության հովանավորության ներքո ստանում են ամբողջական վերականգնողական բժշկական օգնություն:

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ևս նկատեց, որ վերականգնողական բժշկության հիմնական զարգացումը, ցավոք, ՀՀ-ում բավականին ուշ է սկսվել: Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 2 տասնյակ վերականգնողական կենտրոններ: Նա նշեց, որ «Արաբկիր» բժշկական համալիրը հանդիսացել է վերականգնողական ծառայության զարգացման առաջատարներից մեկը:

«Դժբախտաբար, պատերազմը ստիպեց մեզ փոխել մեր ծրագրերը, մենք անմիջապես վերցրեցինք վարկեր և սկսեցինք կառուցել և կահավորել պրոթեզների, օրթեզների և օրթոպեդիկ կոշիկների այն արտադրությունը, որը տեղադրված է այս նոր մասնաշենքում: Մեր ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, շինարարական աշխատանքները կշարունակվեն՝ նպատակ ունենալով ստեղծել վերականգնողական լողավազան և բարելավել մեծահասակների և վիրավոր զինծառայողների վերականգնողական պայմանները»-վստահեցրեց Բաբլոյանը:

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված Արսեն Թորոսյանն էլ նշեց՝ «Արաբկիր» բժշկական համալիրը մեծ ներդրում ունի մանկական վերականգնողական բժշկության և հիմա՝ առհասարակ վերականգնողական բժշկության մեջ: Նա անկեղծացավ՝ Արա Բաբլոյանի հետ հաճախ են քննարկել, թե ինչ է պետք ավելի անել այս ոլորտում:

Сообщение Վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական ծառայություններն ավելի հասանելի են դառնում появились сначала на MediaNews.


от admin

-->