>

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը խորքային առումով նախընտրական է վաղուց, սակայն ներկայում մենք ականատես ենք այդ իրավիճակի ֆորմալացմանը: Միաժամանակ հանրությունը ներկայում ականատես է նաեւ ոչ միայն խորհրդարանից, այլ նաեւ ներքաղաքական ասպարեզից ՀՀԿ սահուն հեռացման: Այդ կուսակցությունը մայիսի 8-ից հետո տրոհված լինելով առավելապես դե ֆակտո, ներկայում դրսեւորում է արդեն տրոհվածության առերեւույթ լայն նախանշաններ եւ «ակտեր»:

Ակնառու է, որ ՀՀԿ-ում այլեւս ձեւավորված են առանձին խմբեր, որոնք փորձում են ստեղծված իրավիճակում կողմնորոշվել որեւէ հեռանկարի եւ զարգացման միտումի ուղղությամբ եւ դիրքավորվել, ակնառու կերպով տեսնելով ընդհանուր ռազմավարության բացակայությունը: Թեեւ ՀՀԿ-ն վերսկսել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստերը, սակայն դրանց ընթացքում ավելի ակնառու է դառնում, որ այլեւս չկա մեկ կենտրոն, այն էլ այնպիսին, որ վստահելի եւ լեգիտիմ լինի կուսակցության տարբեր խմբերի եւ թեւերի համար:




Քոչարյանի զոհերը

Դրա վկայությունն են իրարամերժ հայտարարությունները, որ հնչում են տարբեր շրջանակներից, պատգամավորների տարբեր կազմերով, տարբեր շեշտադրումներով:




Այդ համատեքստում ՀՀԿ օրերս տարածած կուսակցական հայտարարությունը, թե վարչապետ չեն առաջադրելու, բայց դեկտեմբերի ընտրությունն էլ չեն ընդունում եւ համարում են սխալ, ըստ էության ոչ թե չդիմադրելու որոշման, այլ պարզապես այլեւս որպես քաղաքական ուժ գոյություն չունենալու մասին հայտարարություն է:

ՀՀԿ-ն պարզապես չի կարող վարչապետ առաջադրել, ոչ թե չի ուզում կամ նպատակահարմար չի գտնում: ՀՀԿ-ն այլեւս գտնվում է մի ռեժիմում, երբ դրված է ոչ թե ներքաղաքական կյանքում որեւէ տեղ պահպանելու հարցը, այլ ավելի շատ որոնվում է քաղաքական կյանքից հնարավորինս սահուն եւ ապահով հեռանալու հնարավորությունը: Թվում է, որ դա հակասության մեջ է մտնում կուսակցության այսպես ասած վերափոխման այն ճանապարհային քարտեզի հետ, որը անգամ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվում է Կոնրադ Ադենաուերի անունը կրող գերմանական հիմնադրամի հետ համատեղ:


Խնդիրը սակայն այն է, որ դա խորքային առումով ՀՀԿ ռեաբիլիտացիայի ծրագիրը չէ, այլ ՀՀԿ-ն սահուն ապամոնտաժելու ծրագիրը, եւ այստեղ իրավիճակը շատ նման է որեւէ կայսրություն ապամոնտաժելուն: Սովորաբար կայսրությունների փլուզումը լինում է շատ ցավոտ գործընթաց ոչ միայն հենց նրանց, այլ նաեւ ազդեցության այն տարածքների համար, որոնց հանդեպ վերահսկողություն են իրականացրել նրանք: Փլուզումը այդ տարածքների, նախկին գաղութների կամ ազդեցության գոտիների համար բերում է կատակլիզմների կամ դրանց մեծ ռիսկի:

Իհարկե, ՀՀԿ-ն կայսրություն չէ, սակայն Հայաստանում այդ կորպորացիայի քաղաքական իշխանությունը ներերկրային մասշտաբով համարժեք է եղել այդ երեւույթին, եւ ըստ էության դրա ապամոնտաժումը միայն դե յուրե իշխանությունից ու մանդատներից հրաժարարումը չէ, այլ դե ֆակտո ապամոնտաժումը կենսագործունեության առանցքային մի շարք ուղղություններով:

Բոլորովին պատահական չէ, որ այդ գործում ներգրավվածություն ունի նաեւ գերմանական հեղինակավոր հիմնադրամը, քանի որ առանց այդ բարձրակարգ եւ փորձառու օժանդակության ՀՀԿ-ն իբրեւ կառույց ունակ չէր լինի անգամ ինքնուրույն ապամոնտաժման: Այդ իմաստով, փաստացի գործ ունենք նաեւ նոր Հայաստանին գերմանական յուրօրինակ օժանդակության հետ:


Ինչ է ստացվելու ՀՀԿ ապամոնտաժման վերջնարդյունքը, բավական բարդ է ասել: Դա կախված է իհարկե նաեւ այն հանգամանքից, թե ինչ նոր քաղաքական նախագծեր կարող են առաջանալ Հայաստանում, որովհետեւ պետք չէ բացառել, որ ՀՀԿ «ապամոնտաժված» սեգմենտները կարող են դիտարկվել որպես այլ նոր քաղաքական շինարարության ընթացքում կիրառելի տարրեր:

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը հանդիպում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->