>

«Aerostar»-ը իսրայելական անօդաչու թռչող սարք է, վաղուց Ադրբեջանում կա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:





Նշենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, որը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են: Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։





Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ խոցված ԱԹՍ-ն հետախուզական է, բավականին որակյալ եւ միջին չափի:

Նա ասաց, որ ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցների համար այդ չափերի ԱԹՍ-ները հեշտ հայտնաբերվող ու խոցվող չեն. «Էլ չեմ ասում ո՞ր ընդհանրապես ԱԹՍ խոցելը ՀՕՊ-ի համար խորքային գլխացավանք է եղել ու մնում»:


Փորձագետը նշեց, որ վերոնշյալ ԱԹՍ-ների գինը մի քանի հարյուր հազար դոլարի է հասնում, սակայն այս պահին պարզ չէ, թե կոնկրետ վերոնշյալ ԱԹՍ-ի, որ մոդելի մասին է խոսքը:



«Սա իսրայելական ամենահին մոդելներից է, մինչեւ 12 ժամ կարող է օդում հետախուզություն իրականացնել: Նույնիսկ այդ տեխնոլոգիան վաճառվել է մի շարք պետությունների ոչ միայն որպես պրոդուկտ, այլեւ որպես արտադրության պլատֆորմ: Իհարկե, ամենաթոփ մոդելի ԱԹՍ-ներից չէ, բայց վատն էլ չէ. 5-6 կմ բարձրության վրա 12 ժամ մշտական կախված է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ ո՞րն էր նպատակը ՀՀ տարածք հետախուզական ԱԹՍ ուղարկելու, ռազմագետը պատասխանեց. «Դժվարանում եմ հստակ ասել, բայց քանի որ այդ ուղղությամբ լարում է եղել, մարտեր են ընթացել, իսկ հետո միջնորդական առաքելությամբ դադարել է, այնպես չէ, թե դադարելը միանգամից լիցքաթափում է նշանակում այդ ուղղությամբ: Ադրբեջանական զինված ուժերը փորձում են հասկանալ հայկական զինված ուժերի տրամադրվածությունը, ուժերը, դասավորվածությունը, միջոցները եւ այլն: Հետախուզությունը մշտական գործընթաց է մարտական գործողություններից առաջ, ընթացքում եւ նույնիսկ հետո»:

Ըստ Հովհաննիսյանի՝ ռազմական առումով տրամաբանական են հակառակորդի գործողությունները, բայց թե ի՞նչ քաղաքական նպատակներ ունեն եւ այս լարվածությամբ ի՞նչ են ցանկանում անել, դժվար է ասել. «Ադրբեջանական գործելաոճը բոլորս էլ գիտենք. նենգ են ու հաստատ այնպես չէ, թե ՌԴ միջնորդական առաքելությունը հարգելով՝ խաղասեր դարձան հաջորդ րոպեին»:

Сообщение ««Aerostar»-ը իսրայելական հետախուզական ԱԹՍ է, որի գինը հասնում է հարյուր հազարավոր դոլարների…». Հովհաննիսյան появились сначала на MediaNews.


от admin

-->