>

32 մեղադրյալ՝ մեկ գործում: Քննչական կոմիտեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրում է Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության միջադեպը: 2021-ի ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցը ընդհատվեց Ագարակում և Մեղրիում: Քննությամբ պարզվել է, որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և նրա տեղակալ Արմեն Սամվելյանը խուլիգանություն են կազմակերպել:





Գագիկ Առաքելյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) — Խուլիգանության մասնակիցները, որոնք եղել են մի քանի տասնյակ, և բոլորը փոխկապակցված են եղել Մխիթար Զաքարյանի հետ, սկսել են խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ՝ խաթարել են հասարակական կարգը, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության, այսինքն՝ հասարակական կարգը պահպանող աշխատակիցների օրինական պահանջներին:





Քննիչի խոսքով՝ խուլիգանության բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտելն էր:

Գագիկ Առաքելյան — Քննության ընթացքում պարզվել է, որ խուլիգանության մասնակից անձանց բացառապես ճնշող մեծամասնությունը հանդիսացել են Մխիթար Զաքարյանի մտերիմ անձինք, որոնք եղել են կա՛մ ընկերներ, կա՛մ մտերիմ անձինք, որոնք պատկերված են այս հատվածում, ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձինք են եղել, որոնք առնչվել են նրա բիզնեսների հետ, եղել են հարազատներ և մտերիմներ, ինչպես նաև ծառայողական կախվածության մեջ գտնվող անձինք:


Ըստ քննչական կոմիտեի՝ տեղաշարժը խոչընդոտելուց բացի՝ խուլիգանության մասնակիցները հայհոյել են նաև այն քաղաքացիներին, որոնք մոտեցել և զրուցել են վարչապետի հետ: Որոշ ժամանակ անց հայհոյանքներին ավելացել են ֆիզիկական ճնշումները:

Գագիկ Առաքելյան — Խուլիգանության կատարման ընթացքում նաև ընդհարումներ՝ քաշքշոցներ են եղել ոստիկանության աշխատակիցների և խուլիգանություն կատարող անձանց միջև, որոնք վերածվել են մեծածավալ քաշքշոցների, դրանց ներգրավել են նաև պետական պահպանության ծառայության աշխատակիցներին: Կատարված քաշքշոցների ընթացքում խուլիգանություն կատարած անձանցից ոմանք հարվածներ են հասցրել ՊՊԾ աշխատակիցներին և ոստիկանության աշխատակիցներին:

Ագարակից հետո նույն պատկերը եղել է նաև Մեղրիում, նույն անձինք կրկին խախտել են հասարակական կարգը, կանգնեցրել ավոտաշարասյունը, բարձրացել պետական պահպանության ծառայության աշխատակիցների մեքենայի վրա՝ մանրամասնում է Գագիկ Առաքելյանը:



Գագիկ Առաքելյան — Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ բուն խուլիգանական գործողությունների կատարման ընթացքում Զաքարյանը իր ալիբին ապահովելու նպատակով չի մասնակցել գործողություններին, այլ գործով ձեռք բերված ապացույցները վկայում են, որ նա բազմիցս հետևել է խուլիգանական գործողություններին, սակայն ինքն անմիջապես գործողություններ չի կատարել, որում էլ դրսևորվել է կազմակերպչի գործունեության առաձնահատկությունը:

Մեղրի ու Ագարակ քաղաքների խուլիգանության դեպքով 32 մեղադրյալից 27-ի գործն առանձնացվել է բուն նյութից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն՝ հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Մյուս 5 մեղադրյալի՝ այդ թվում Մխիթար Զաքարյանի վերաբերյալ նախաքննությունը դեռ շարունակվում է:

Сообщение Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ․ տեսանյութ появились сначала на MediaNews.


от admin

-->