>

-Սա ինչ աղբ է, հնարավոր չէ՞ սեփական ուժերով հավաքել, տարածքը մաքրել, բահը բերեք, ես կանեմ:

— Ես կմաքրեմ,-մարդկանց շարքերը մի կերպ ճեղքելով առաջ եկավ Միքայելը:

2019 թվականի ապրիլին Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միքայել Սարգսյանի այս երկխոսությունը եղավ ճակատագրական 14-ամյա տղայի համար: Խոստումը կատարեց, տարածքը մաքրեց:




Խոստումը կատարեց նաև Նիկոլ Փաշինյանը, Միքայելը հրավիրվեց Կառավարություն՝ հանդիպման: Որպես խրախուսանք տղան իր երազած ճագարները ստացավ: Փաշինյանի նվիրած կալիֆորնիական երկու ճագարը Միքայելին տարավ իր նպատակի հետևից:


«Ես պատմեցի, որ տանը ճագար եմ պահում, ու իրենք էլ որոշեցին իմ հոբին վերածել բիզնեսի»,-«Հայկական ժամանակին» իր առաջին քայլերն է ներկայացնում Միքայելը:





Հանդիպումից 3 տարի անց, 17-ամյա գյումրեցի Միքայել Սարգսյանը Հայաստանի ամենափոքր ճագարաբույծն է:

2 ճագարը դարձել է 50, նախկին փոքրիկ բնին փոխարինել է փոքրիկ կոկիկ ֆերման: Ձեռներեցության, ինքնուրույն տնտեսություն վարելու փորձով է Միքայելը մտնում պատանեկություն: Սմարթֆոն էլ ունի, պլանշետ էլ, համակարգիչ էլ կա, չկա սակայն իր տարեկիցներին բնորոշ կախվածությունը:

«Պետք է իրական կյանքում ապրել»,-վստահ է տղան: «Չեմ կարող ազատ կամ վիրտուալ աշխարհում մնալ, աշխատանքն իմ ուժն է, ես չեմ հոգնում:

Ամեն ինչից կօգտվիմ, շատ բնական է, բայց չափի մեջ, կաշխատիմ մնալ կյանքի մեջ: Գործ չկա հասկացություն չկա, կա ուղղակի չաշխատող: Եթե մարդն ունի միտք, դա կարող է գործի վերածել: Հիմա Հայաստանում շատ են միտքը գործ դարձնող նման ծրագրերը»:

Գյումրեցի տղային մեծապես օգնում է Երևանում բնակվող ճագարաբույծ Դավիթ Դավթյանը: Ճագարներին պահել, բազմացնելուց սկսած մինչև կերի ընտրություն ու մթերման նրբություններ: Միքայելն ասում է ամեն ինչ սովորեցնում է:


Տղան իր ճագարներով փորձում է Գյումրու շուկա մտնել, չի ստացվում, բայց ոչ թե մրցակիցներ ունի, այլ ուղիղ հակառակը, ընդհանրապես չկան նման մարդիկ: Խնդիրը մտածողության և նախասիրության մեջ է:

Շիրակի մարզում ճագարի միս ուտում են հիմնականում գյուղաբնակները, այն էլ իրենց պահած սովորական ճագարն են մորթում, պատրաստում: Գյումրեցիները ճագար, գրեթե չեն ուտում, ռեստորանների մենյուներում չկա ճագարի մսով որևէ ուտեստի առաջարկ: Ռեստորանատերերին անձամբ է առաջարկել, հրաժարվել են: Սա, ըստ Միքայելի, հստակ պատճառ ունի:

«Նույնիսկ առաջարկել եմ, որ փոձնական վերցնեն, ռեստորաններն էլի չեն ուզում:

Այստեղ հիմնականում ազատ պահվածքի ճագարի միս են համտեսել, իսկ դա ընդհանրապես նման չէ իսկական ճագարի մսի համին:

Այսինքն մարդիկ մի քանի անգամ փորձելուց հետո կարծիք են կազմում որ ճագարի միսը լավը չԷ, ձիգ է, հոտ ունի»,-բացատրում է գյումրեցի ճագարաբույծը:

Այս պահին Միքայելը ճագարաբույծ Դավթյանի աջակցությամբ իր ճագարների միսը մթերում է Երևանում: Այնտեղ, ասում է, պատկերն այլ է: Ամսական 10 տոննա ճագարի մսի պահանջարկ կա մայրաքաղաքում: Միքայելը, սակայն, վստահ է, որ կարողանալու է նաև Գյումրիում փոխել վերաբերմունքը: Ցանկություն ունի ստեղծել առևտրի և սպասարկման մի տարածք, որտեղ առաջարկվող ամեն բան պատրաստված կլինի ճագարի մսից՝ գրիլ, քաբաբ և այլն: Ներքին շուկա է պետք ձևավորել: Բայց գրագետ ու ամեն նրբություն հաշվի առնելով:



«Գյումրիում եթե ճագարաբուծությամբ էլ զբաղվում են, ապա մի փոքր լավ չեն անում, պատվաստումները բաց են թողնում, անհաջողություն արձանագրում և այդ վերաբերմունքը տարածում ընդհանուր ճագարաբուծության ճյուղի վրա ու հայտարարում, որ չաշխատող գործ է, իզուր տանջանք: Բայց դա այդպես չէ, ուղղակի բացթողումներ այս գործում չպետք է լինեն, իսկ անհաջողությունից վախենալ պետք չէ»,-ընդգծում է Միքայելը:

Այսօր մարդիկ անընդհատ փորձում են օգնություն ստացնալ ու սահմանափակվել դրանով, բայց աղքատությունից դուրս գալու միակ գրավականը դա աշխատանքն է: Միշտ պետք է ռիսկի դիմել, չվախենալ: Անհաջողություններից հենց փորձն է ծնվում, իսկ այդ փորձից՝ արդյունքը:

Իր երեք տարվա աշխատանքի արդյունքում Միքայելը դեռ եկամուտ չունի: Ճագարների մսի վաճառքից ստացված գումարով կարողանում է նրանց համար ընդամենը կեր գնել: Վստահեցնում է՝ չի նահանջելու:

«Առայժմ կռիվ եմ տալիս այս ճյուղի հետ, չեմ ուզում հիասթափվել, եթե նույնիսկ չստացվի, ապա մեր տան համար կպահեմ»,-ասում է տղան:

Միքայելը Գյումրիում կարևոր նոր գործ է սկսել: Բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի արեգակ» կենտրոնի շահառուներին է ծանոթացնում ճագարաբուծության գաղտնիքներին:

«Երեխաներն եկան ինձ մոտ կոնսուլտացիայի: 2 տարի առաջ ես էի նույն ձևով գնացել Դավիթի մոտ ու դա ինձ համար մեծ նվաճում էր: Հիմա արդեն ինձ մոտ եկան»,-ուրախությամբ տեղեկացնում է մեզ Միքայելն ու նշում՝ նպատակը Գյումրիում մնալն է, բայց եթե զգա Գյումրիում չի հաջողում, ապա կտեղափոխվի Երևան կամ մայրաքաղաքին հարակից մի վայր, կտանի ճագարներին, նպատակ ունի խելացի անասնաֆերմա կառուցել:

Եվ վերջում ի գիտություն բոլոր նրանց համար, ովքեր ճագարի միս չեն օգտագործում: Միքայելն ասում է այն դյուրամարս է, չունի հակացուցումներ, ընդամենը պետք է գրագետ սնված ճիշտ պահված ճագար ընտրել:

Сообщение Նիկոլ Փաշինյանի նվիրած 2 ճագարը Միքայելին տարավ երազանքի հետևից появились сначала на MediaNews.


от admin

-->