>

2010թ. ի վեր զրպարտությունն ու վիրավորանքն ապաքրեականացված էին, սակայն ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ծանր վիրավորանքը՝ հայհոյանքը, քրեականացնելու մասին օրինագիծը: Քրեական օրենսգրքում այս փոփոխության ներառումը բազմաթիվ քննադատությունների ու տարակարծությունների տեղիք է տվել:





Արդյոք օրենքով հստակեցվա՞ծ են այն չափանիշները, որով հնարավոր է որակել՝ վիրավորանքը ծանր է, թե ոչ, թե՞ այդ հարցը թողնված է իրավապահ համակարգի հայեցողությանը:





Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքով շատ դժվար է սահմանել հայհոյանք կամ ծանր վիրավորանք հասկացությունը, և այն կարող է հստակեցվել միայն դատական պրակտիկայի իրականացման ընթացքում. «Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մեր դատական համակարգը պրոֆեսիոնալ լինի և դուրս լինի որևէ քաղաքական ճնշումներից: Բայց մենք այդպիսի դատական համակարգ չունենք, և կարող են լինել ընտրողական ու շատ սուբյեկտիվ որոշումներ: Եվ դա պատճառներից մեկն է, որ այդ փոփոխությունը Քրեական օրենսգրքում ընդունելի չէ»:

Հարցին՝ Քրեական օրենսգրքի այս փոփոխությունը համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, թե՞ ոչ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ հակասությունը հնարավոր է լինի հիմնականում հավասարության սկզբունքի խախտման առումով, քանի որ, ըստ Քրեական օրենսգրքի փոփոխության, պաշտպանվածությունը հայհոյանքից տարբեր է լինում քաղաքացիների տարբեր խմբերի պարագայում. «Օրենքի ձևակերպմամբ՝ առավել պաշտպանված են հանրային գործունեությամբ զբաղվող անձինք՝ պետական պաշտոնյաները, հանրային ծառայողները, լրագրողները, հասարակական գործիչները, քան քաղաքացիները: Բայց պետական պաշտոնյաներից բացի, ուրիշ ոչ ոք չի արտահայտվել լրացուցիչ պաշտպանություն ունենալու անհրաժեշտության հաշվով»:


Բորիս Նավասարդյանն ընդգծեց, որ թեպետ տարբեր խստության միջոցներ են նախատեսված հրապարակային և ոչ հրապարակային հայհոյանքի համար, սակայն ինքը կարծում է, որ պրակտիկ կյանքում օրենքը կտարածվի հրապարակային հայհոյանքի վրա:

Երևանի մամուլի ակումբի նախագահը հիշատակեց նաև, որ Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից մինչև 2010թ. Քրեական օրենսգրքի մաս են կազմել զրպարտությունն ու վիրավորանքը:



Նշենք, որ երեկ ԱԺ-ում պատգամավորների միջև թեժ քննարկում էր ծավալվել հայհոյանքը քրեականացնելու և Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցի ժամանակ: Նախագծի համահեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ 10 տարի առաջ Հայաստանում վիրավորանքն ու զրպարտանքը ապաքրեականացնելը ճիշտ էր, սակայն հիմա, ըստ պատգամավորի, իրավիճակ է փոխվել՝ սոցիալական ցանցերով հայհոյանքն ամենուր է, իրենք էլ ոչ թե վիրավորանքն ու զրպարտանքն են քրեականացնում, այլ հայհոյանքը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի դիտարկմամբ էլ՝ հայհոյանքը տարբեր բացատրություններ ունի: Նա Աճառյանի բառարանից մեջբերեց «հայհոյանք» բառի իմաստը. «Հասկացվում է ցանկացած սուտ տեղեկատվություն մարդու նկատմամբ հայտնել՝ ըստ Աճառյանի բառարանի, դա համարվում է հայհոյանք»: Ի պատասխան սրա՝ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Հայաստանի Հանրապետության և դատախազությունը, և քննչական մարմինները, և փաստաբանները, և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը»:

Օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում ծանր վիրավորանք հասցնելու համար քաղաքացիները կտուգանվեն մինչև 3 մլն դրամ կամ կսահմանվի կալանք 1-3 ամիս ժամկետով՝ կախված ծանր վիրավորանք հասցնելու եղանակից՝ այն հրապարակայի՞ն է, թե՞ ոչ, և դրա կրկնվող բնույթից: Երեկ ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց՝ փոփոխությունները կատարել են Քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականը:

Сообщение «Ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում մեր դատական համակարգը ընտրողական և սուբյեկտիվ որոշումներ կկայացնի…». Նավասարդյան появились сначала на MediaNews.


от admin

-->