>

 




Քոչարյանի զոհերը

Մենք գրել էինք, որ ընդդիմությունը, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքը որոշել է խորհրդարանի անդրանիկ նիստին, որի ժամանակ ԱԺ ղեկավար կազմն է ընտրվելու, նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, որոշել է ալտերմատիվ թեկնածուներ առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնին։





Այդ թեկնածուները ընտրություններից հետո կալանավորված Սյունիքի համայնքապետերն են, որոնք ԱԺ պատգամավոր են դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Ապա պետք է պահանջեն, որ ԱԺ նախագահների թեկնածուներին բերեն ԱԺ դահլիճ, որ նրանք, ըստ նախատեսված ընթացակարգի, ելույթներ ունենան։ Իսկ եթե իշխանությունը մերժի իրենց առաջարկ-պահանջը, որոշել են բոյկոտել իշխանական թեկնածուների ընտրությունը եւ հետագայում դիմել Սահմանադրական դատարան ու ոչ լեգիտիմ ճանաչել ԱԺ նախագահի ընտրությունը։

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը պետք է վերջնական եզրահանգման գար եւ որոշեր վաղվա նիստի մարտավարությունը։ Մենք գրել ենք, որ «Հայաստան» դաշինքի ԱԺ խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, քննարկումների մեջ են նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքում։ Տարբեր սցենարներ են քննարկել։
Մենք տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի նիստը բավականին երկար է տեւել, բավականին բուռն է ընթացել։ Ցավոք սրտի, ընդդիմությունը եւս տառապում է իշխանություններին պատած ցավով՝ երկար քննարկել են, թե ինչպես են իրենց խոհանոցից մանրամասներ հայտնի դառնում մամուլին եւ որոշել են առավելագույն կոնսպիրացիա ապահովել, որպեսզի իրենց քննարկումների եւ որոշումների մասին լրագրողներին, ըստ այդմ՝ հասարակությանը հայտնի դառնան միայն իրենց հրապարակելու ճանապարհով, այլ ոչ թե լրագրողական աղբյուրների միջոցով։

Եւ այդ նկատառումից ելնելով էլ որոշում է կայացվել վաղվա ծրագրի որոշ դետալներ չքննարկել խմբակցության նիստում։ Այսինքն՝ իրենց պատգամավորներին էլ են կասկածում։ Իսկ հրապարակման ոչ ենթակա դետալները վերաբերում են մասնավորապես՝ ԱԺ ամբիոնը գրավելու սցենարին, որը կարող է խաղարկվել վաղը։ Իրականում, Հայաստանը փոքր երկիր է եւ որեւէ տեղեկատվություն գաղտնի չի մնում, հատկապես՝ իշխանություններից։


Մեր տեղեկություններով, օրեր առաջ իշխանությունների ձեռքում է հայտնվել ընդդիմության ներքին նամակագրությունը եւ այն հարցաշարը, որը ընդդիմությունը որոշել էր վաղը ուղղել ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին եւ փոխնախագահների թեկնածուներին։ Այդ հարցաշարում բավականին վիրավորական եւ կոպիտ արտահայտություններ են եղել։ Սակայն ընդդիմությունը հետագա քննարկումների ժամանակ կարծես թե հրաժարվել է դրանից՝ հարցեր չեն տա, սակայն դաժան ելույթներ կունենան, որ ժողովուրդը լսի։

Իսկ նիստը կընթանա, ինչպես եւ նկարագրել էինք․ կառաջադրվեն երկու քաղաքապետերը, ընդ որում՝ Մեղրիի քաղաքապետին կառաջադրի «Հայաստան» դաշինքը, իսկ Սիսիանի քաղաքապետին՝ «Պատիվ ունեմ»-ը։



Երբ կհրաժարվեն նրան ներկայացնել խորհրդարան, ընդդիմությունը կբոյկոտի նիստը եւ չի լսի Ալեն Սիմոնյանի ելույթը, որով վերջինս փորձելու է համագործակցության, աշխատանքային մթնոլորտ ձեւավորելու առաջարկ անել ընդդիմությանը։ Բայց ընդդիմությունը դահլիճ կվերադառնա ելույթներ ունենալու ժամին եւ կասեն իրենց խոսքը։

Իսկ ընտրություններից հետո էլ հավանաբար կդիմեն ՍԴ։ Նման մի նախադեպ արդեն կա՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելուց հետո ԱԺ ընդդիմությունը դիմել էր ՍԴ՝ որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցով, թեեւ ՍԴ-ն մերժել էր այդ դիմումը։

Ի դեպ, ԱԺ ընդդիմությունը նիստեր կանի նաեւ վաղն առավոտյան՝ խորհրդարանի անդրանիկ նիստից անմիջապես առաջ՝ կճշգրտեն ամեն մեկի անելիքը եւ վերջին շտրիխները կորոշեն։

Ամեն դեպքում ուշագրավ ներկայացում է սպասվում։

Сообщение Վաղը ուշագրավ զարգացումներ կլինեն. ընդդիմության սցենարը հայտնի է появились сначала на MediaNews.


от admin

-->