>

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը օգոստոսի 2–ին մեկնարկեց «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիա հիշեցնող գործողությամբ, որն արտահայտվեց նախ դաշինքի ցուցակում գտնվող Գորիսի և Սիսիանի համայնքապետերի լուսանկարներով շապիկներով խորհրդարան գալով, և հետո նրանց խորհրդարանի նիստին մասնակցելու հնարավորություն ապահովելու պահանջով: Հիշեցնենք, որ համայնքապետերը կալանավորված են քրեական գործերի շրջանակում:





Խորհրդարանի երկրորդ ուժի կարգավիճակում գտնվող արմատական ընդդիմություն «Հայաստան» դաշինքը առաջին նիստը ըստ էության ավելի շուտ վերածեց փողոցային, քան խորհրդարանական ակցիայի: Մեծ հաշվով այդ վարքագիծը անսպասելի էլ չէր, քանի որ դաշինքի տարբեր ներկայացուցիչներ, ընդհուպ առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրենց հետընտրական հայտարարություններում տվել են այդպիսի սպասումների առիթներ: Տվյալ պարագայում սակայն խնդիրն այն է, որ խորհրդարանի ընդդիմության այդօրինակ վարքագիծը Հայաստանում ոչ թե բարձրացնելու, այլ իջեցնելու է քաղաքական բովանդակային պատասխանատվության նշաձողը, ինչով արմատական ընդդիմությունը այլ բան, քան հերթական «նվերը» գործող քաղաքական մեծամասնությանը, չի անելու:





Մյուս կողմից սակայն, հակառակ պարագայում, «Հայաստան» դաշինքը և նրան միացած «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է նախ ինքը հայտնվեր քաղաքական բովանդակային պատասխանատվության տակ, որպեսզի դրա տակ դներ նաև գործող մեծամասնությանը: Իսկ այդ հանգամանքը առաջին հերթին ենթադրում է բովանդակային պատասխանատվություն այսօր գերհրատապ՝ արցախյան հարցի հետագա իրողությունների և զարգացման միտումների համար, դիրքորոշում, որը մի կողմից առարկայորեն հասկանալի է լինելու ընտրողի համար, մյուս կողմից ստիպի սեփական դիրքորոշում արտահայտել գործող իշխանությանը: Եթե խորհրդարանի աշխատանքը մեկնարկեր հենց դրանով, ապա դա կարող էր լինել ուժեղ մեկնարկ, անգամ այդօրինակ բողոքի ակցիայի տրամաբանությամբ ուղեկցվող:


Սակայն, ուժեր, որոնց առաջնորդները իրենց իշխանության տարիներին անգամ չեն ստանձնել Արցախի հարցում առարկայական, բովանդակային և հայեցակարգային պատասխանատվություն հանրության առաջ, և դրսում սպասարկել են այն, ինչ ներսում հայտարարել են անսակարկելի, ընդդիմության կարգավիճակում հազիվ թե գնան քաղաքական բովանդակային պատասխանատվության ճանապարհով:



Ավելին, այդօրինակ մեկնարկը թերևս վկայում է, որ առաջնորդները խորհրդարանական հարթությունը դարձնելու են ընդամենը իրենց քաղաքական այդ կարճաժամկետ նախագծերը այսպես ասած «լուծարման» տանելու ճանապարհով: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն դրա համար իրենց առանձին պատճառները, սակայն երկուսի համար էլ «դաշինքները» ըստ էության կատարել են իրենց գործը և այժմ խնդիրը այդ ձևաչափերը սահուն կերպով դեպի «ապամոնտաժում» տանելն է:

Բուն խնդիրն այն է, որ այդ գործընթացը Հայաստանը կարող է տանել դեպի քաղաքական դեգրադացիայի նոր փուլ, ինչը կթուլացնի պետության դիմադրունակությունը այդ թվում առաջին հերթին արցախյան հարցում: Սակայն, այդ հանգամանքը դժբախտաբար Հայաստանի այսպես ասած ներքաղաքական օբյեկտիվ պատկերն է, որ արտացոլվել է հունիսի 20-ի ընտրությամբ, և թե այդ ընտրությունը, թե դրա արդյունքի հիմքով խորհրդարանի առաջին նիստը ակնառու ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական դիմադրունակության հարցի երկարաժամկետ և խորքային լուծումները խորհրդարանից դուրս են և հանրային-քաղաքական գերխնդիրը այդ լուծումները գտնելը, մշակելն ու կապիտալիզացնելն է, որը պահանջելու է համառ աշխատանք, համբերատարություն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Сообщение Խորհրդարանի առաջին նիստը․ Լարված իրավիճակ ԱԺ-ում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->