>

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում Վլադիմիր Պուտինը նշել է.

«Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը: Մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը»:





Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել նաև ԵԱՏՄ անդամ մեկ այլ գործընկերոջից: Վարչապետին ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:





«Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վառ ապացույցն է Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը: Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»:

Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վարչապետին է փոխանցել լավագույն բարեմաղթանքները` ընտրություններում հաղթանակից հետո Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:


«Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների վրա, որ մեր երկրները կիսում են, ինչպես նաև այն ամուր կապը, որ միավորում է մեր հասարակություններին՝ այս նամակի միջոցով ցանկանում եմ հայտնել համոզմունք, որ մոտ ապագայում մենք միասին կկարողանանք հաղթահարել դժվար պատմական մարտահրավերները: Վերահաստատում եմ իմ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակել ամրապնդել բարեկամության և գործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը»:

Է՛լ ավելի խորացնել հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ վարչապետի պաշտոնը Փաշինյանը ստանձնում է Հայաստանի և Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել հնարավոր է միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը:

«Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերն ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ»,- ասել է ԱՀ նախագահը:



Արդյունավետ աշխատանքի մաղթանքներով վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է դարձնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը և մեր հայրենիքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը»,- ասված է ուղերձում:

Մայր աթոռը մարտահրավերների հաղթահարման համար կարևորում է ներքաղաքական մթնոլորտի լիցքաթափումը և համերաշխության մթնոլորտի հաստատումը:

Сообщение Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ появились сначала на MediaNews.


от admin

-->