>


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ, վիճակը կայուն ծանր է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նշենք, որ Արման Անտոնյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո: Դանիելյանի խոսքով՝ նրան միացված է արհեստական շնչառության սարք:








Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Արման Անտոնյանը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպի ժամանակ վնասվածքներ է ստացել նաև Անտոնյանի պապը:


Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ ապօրինի մուտք է գործել Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպել են Ա. Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև պապին՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ: Հետո բնակարան մուտք գործած անձինք դիմել են փախուստի, տնից, ըստ նախնական տեղեկությունների, իրեր չեն անհետացել:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով: Խոսքը ծեծի, բնակարան ապօրինի մուտք գործելու և երկու կամ ավելի անձանց կողմից սպանության փորձ կատարելու մասին է:



Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոյանը «Հետք »-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի շրջանակներում Արման Անտոնյանն ու վերջինիս պապը տուժող են ճանաչվել, վերջինս հարցաքննվել է: Գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ կա՞, թե՞ ոչ, Քննչական կոմիտեն այս պահին չի հայտնում: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Сообщение Արման Անտոնյանն ու պապը տուժող են ճանաչվել, պապը հարցաքննվել է появились сначала на MediaNews.


от admin

-->