>

Ազգային ժողովի շենքում շինարարական աշխատանքներ պետք է կատարվեն ու որոշակի փոփոխություններ անեն, քանի որ շենքը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվող հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:





Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն, օրինակ, չի կարող մոտենալ ԱԺ ամբիոնին ու ելույթ ունենալ, այն բեմի վրա է, իսկ բարձրանալու համար չկա թեքահարթակ: Բաթոյանը Ազգային ժողովի շենքում ստիպված է լինում ակնկալել գործընկերների օգնությունը՝ աստիճաններ բարձրանալու, որոշ աշխատասենյակներ մտնելու համար:





Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այստեղ չկան հարմարեցված սանհանգույցներ դեռ: Կան սենյակներ, որտեղ հասնելու համար ես պիտի շրջանցեմ, կամ մեկ այլ մուտքից մտնեմ: Այս պահին իմ գործունեության համար լուրջ խոչընդոտներ չկան, որովհետեւ սենյակը տեղակայված է այն հատվածում, որտեղ դահլիճն է՝ 3-րդ հարկում, իսկ դահլիճը հարմարեցված է այնքանով, որ կարողանում եմ մուտք գործել իմ տեղը, նստել, հարցեր տալ:


Ամբիոն բարձրանալն է խնդիր, բայց խոստացել են առաջիկա վերանորոգման ժամանակ փոխել: Իսկ մնացածը, այսինքն, սանհանգույցները կամ վերելակը պետք է ամենաուշը մինչեւ սեպտեմբերի փոխեն: Կան դահլիճներ, որտեղ մուտքը անխոչընդոտ չէ, բայց հիմա ինձ օգնում են իմ գործընկեր պատգամավորները, սայլակը բարձրացնում են, իջեցնում են: Լինում է՝ օրը մի քանի անգամ: Հուսով եմ, ԱԺ-ում այդ մշակույթը կփոխվի, ինչպես օրինակ կառավարությունում դա փոխվեց»:

Ժամանակին, երբ Արման Մուշեղյանը ԱԺ-ում օգնական էր ու ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին հարցրել էինք, թե ինչու շենքը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվելու համար՝ նա ասել էր, թե մենակ Մուշեղյանն է, այսինքն, եթե մի հոգի է, ԱԺ շենքում լուրջ փոփոխություններ անելը այդպես սուր դրված հարց չէ: Բաթոյանն արձագանքեց. «Դժվար թե Գալուստ Սահակյանը ենթադրեր, որ ես էլ եմ գալու:



Բարեբախտաբար, ես վստահ եմ, որ մենք կունենանք հաշմանդամություն ունեցող այլ քաղաքացիներ, որոնք հետագայում կընտրվեն ու կլինեն ԱԺ-ում, եւ այն փոփոխությունները, որոնք իմ առաջարկով եւ հայտնի մասնագետների ներգրավմամբ կիրականացնենք, դրանք կլինեն արդեն համակարգային փոփոխություններ եւ կծառայեն մյուսների համար:

Հիմա ես օգտվում եմ այն թեքահարթակներից, որոնք Արման Մուշեղյանի առաջարկով կառուցվել են, դրանք մուտքերի մոտ են: Իհարկե, նոր մասնաշենքն ավելի մատչելի է, բայց վերելակի դռների խնդիր կա, առանց որեւէ մեկի օգնության չեմ կարող օգտվել: Սանհանգույցից օգտվելիս ես օգնականի կարիք եմ ունենում: Ամեն ինչ պիտի անենք, որ ոչ միայն շենքի ֆիզիկական մատչելիությունը փոխվի, որովհետեւ նույնիսկ նոր կառուցված շենքը հարմարեցված չի, այլ՝ մշակույթ, մտածողություն եւ կազմակերպչական հարցերի միջոցով դա պետք է լուծվի: Պետք է ճկուն լինենք նաեւ այդ իմաստով»:

Сообщение «Դժվար թե Գալուստ Սահակյանը ենթադրեր, որ ես էլ եմ գալու». Զարուհի Բաթոյան появились сначала на MediaNews.


от admin

-->