>

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ են տեղակայվել. oգոստոսի 5-ին հայտարարեց Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման, շինությունների կառուցման նպատակով։

Ինչո՞ւ Ոսկեպարում. քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սա պայմանավորում է սահմանի այդ հատվածում հնարավոր սադրանքների կանխմանն ուղղված գործողություններով: Ռուս զինվորականների տեղակայումը Ոսկեպար համայնքի հարևանությամբ կանխարգելիչ անվտանգային նշանակություն ունի՝ կարծում է քաղաքագետը:





Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ — Ուշադրություն դարձնենք, որ ցավալիորեն հուլիս ամսվա ընթացքում հաճախակիացած դեպքերը կոնկրետ Երասխի, Վերին Շորժայի, Կութի և այլ բնակավայրերի հատվածում վկայում էին այն մասին, որ թշնամին ունի սահմանախախտման նոր փորձեր կատարելու ցանկություն:





Սաֆարյանը հիշեցնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի օրերս արած մի հայտարարություն, որով վերջինս չէր բացառում սահմանին նոր սադրանքների հնարավորությունը՝ դա համարելով իբրև հայկական կողմի գործողություններին պատասխան:

Ստյոպա Սաֆարյան — Սա նշանակում է, որ առնվազն նոր սահմանախախտման փաստեր բացառելու և հնարավոր արկածախնդրությունները բացառելու տեսանկյունից կա ռուսական կողմի հետ պայմանավորվածություն և, ինչպես հաղորդագրությունում է ասվում, այդ ուղեկալի տեղակայումը կատարվել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության հենքի վրա:


Խոսքը 1997 թ. հայ-ռուսական պայմանագրի՞ մասին է, թե՞ այս գործընթացի կազմակերպման համար նոր պայմանագրի անհրաժեշտություն կար: Քաղաքագետը շեշտում է՝ առկա պայմանագրային բազան ամբողջովին բավարար է նման գործընթաց իրականացնելու համար: Եթե նոր պայմանագիր լիներ՝ դրա վերաբերյալ հրապարակային հայտարարություն կարվեր՝ ընդգծում է նա:

Ստյոպա Սաֆարյան — Կարծում եմ՝ խոսքը վերաբերում է 1997 թ. պայմանագրին և, առավելևս, 2013 թ. Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրին, որով ոչ միայն երկարաձգվեցին Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետները, այլև դրա իրավասությունները տարածվեցին Հայաստանի բոլոր սահմանների համատեղ պաշտպանությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս ամիսներ առաջ հրապարակային կերպով առաջարկել էր Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի հայելային կերպով հետ քաշում՝ դեպի ելման դիրքեր և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայում: Կառավարության հուլիսի 29-ի նիստում նա կրկին խոսեց այդ մասին:



Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված մեկնաբանությունները, որ սա գաղտնի գործընթաց է: Արդյոք ադրբեջանական կողմի համաձայնությունն անհրաժե՞շտ էր՝ սահմանի վրա երրորդ կողմի սահմանապահների տեղակայման համար:

Ստյոպա Սաֆարյան — Համենայնդեպս, պաշտոնական Երևանը պնդում է, որ դա տեղի է ունեցել երկկողմ պայմանավորվածության արդյունքում, մանավանդ, որ նախկինում արված հայտարարությունները դրա հիմքն ապահովել էին: Վարչապետը հայտարարել էր, որ սահմանների և, ընդհանրապես, ՀՀ քարտեզների առումով ՌԴ ռազմաբազայի և ՀՀ ՊՆ-ի միջև չկան տարաձայնություներ:

Նաև միջազգային հանրության առավել ազդեցիկ դերակատարները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ըստ էության, Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանցիների հայտնվելը գնահատել էին որպես Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում:

Сообщение Ինչ գործ ունեն ռուս սահմանապահները Ոսկեպարոում. պարզաբանւմ է Ստյոպա Սաֆարյան появились сначала на MediaNews.


от admin

-->