>


Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:








«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը:


«Ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն, և չկա կառավարող մարմին: Երկու խմբակցությունում էլ կան մարդիկ, որոնք բովանդակային խոսք չունենալու պատճառով, փորձում են ինչ-որ վիրավորանքների միջոցով աչքի ընկնել: Եթե դուք չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես: Չկասկածեք, դա անելու եմ ամենախիստ ձևով»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիմելով իր գործընկերներին՝ նա կոչ արեց արհամարհել կրթություն, դաստիարակություն չունեցող մարդկանց. «Ամեն մի սադրանքի մի արձագանքեք. մարդիկ պարտվել են, շատ մրմռացել են այդ պարտությունից, պարտության մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է, և չեն կարողանում հասկանալ, թե էդքան փող ծախսելուց հետո, էդքան ատելություն տարածելուց հետո…»:
ԱԺ նախագահը ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենածանր պայմաններում, երբ կային իսկապես քաղբանտարկյալներ և ահավոր կուռուպցիա, իրեն երբեք թույլ չի տվել ատելություն տարածել:



«Արհամարհեք. դա նրանց թուլությունն է, դա նրանց վերջին ճիչն է: Այն բոլոր մարդիկ, ովքեր հայհոյանքներ օգտագործեցին և փորձեցին աչքի ընկնել, ՀՀ ժողովուրդը նրանց մերժեց, մերժեց իրենց տերերի պես, և նրանք հայտնվեցին քաղաքական աղբանոցում»,- նշեց Ալեն Սիմոնյանը և հավելեց. «Տեղը չեք բերել՝ ուր եք եկել: Սա Հայաստանի Ազգային ժողովն է: Ամենախիստ ձևով արձագանքելու եմ, կգնաք կդիմեք էթիկայի հանձնաժողովներ, Սահմանադրական դատարան, ինչ ուզում եք՝ արեք: Ազգային ժողովը գործելու է բնականոն ձևով, և դրա համար անելու եմ ամեն ինչ: Այսքանը՝ դեռ»:

Сообщение «Պարտության մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է. սա նրանց վերջին ճիչն է…». ԱԺ նախագահը հորդորեց չարձագանքել անդաստիարակներին появились сначала на MediaNews.


от admin

-->