>


8-րդ գումարման ԱԺ առաջին նիստերն առանց ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների չանցան։ Արդեն իսկ տեսակետներ են հնչում, որ այս ԱԺ-ն որևէ կերպ հանրային սպասելիքները չի արդարացնելու և ավելի կարճ կյանք է ունենալու, քան նախորդը, իսկ շոուների պակաս ընդհանրապես չի լինելու։ Անգամ տեսակետ է հնչում, որ անորակ պատգամավորներին պետք է դուրս շպրտել խորհրդարանից։








Այս Ազգային ժողովը, մեղմ ասած, շատ անարդյունավետ է գործում և գործելու, և դա աներկբա բերելու է նոր արտահերթ ընտրությունների, որովհետև առանց քաղաքական նոր շնչի, նոր որակի քաղաքական մտքի պետությունը չի կարող առաջ գնալ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե ԱԺ-ում կան անորակներ, և նրանց պետք է դուրս շպրտել։


Նրա խոսքով, արտահերթ ընտրությունները կարող են մեր պետություն համար փրկություն լինել, խուսափելու համար պալատական հեղաշրջումներից կամ հեղափոխություններից. «Պետք չի խուսափել արտահերթ ընտրություններից, որովհետև դրանք ժողովուրդավարության ճանապարհը բռնած պետության ու ժողովրդի համար լեգիտիմ իշխանություն ձևավորելու ճանապարհն է։ Մեծ հաշվով, այս փուլում ընտրությունները միակ փոքրիշատե քաղաքական պրոցեսն են, որտեղ կարող է քաղաքական արժեք գեներացվել, կշիռ հաղորդ ռեսուրսներից զուրկ առողջ, գաղափարական քաղաքական ուժերին»,-ընդգծեց Միսկարյանը:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը ևս կարծում է, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Ես չգիտեմ, թե ով սպասելիքներ ուներ այս խորհրդարանից, ես որևէ սպասելիք չունեի: Բնական է, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ամենաշատը երեք տարուց մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս առաջին շաբաթը մեզ ծաղիկներ են թվալու համեմատած նրա հետ, թե ինչ է լինելու ապագայում: Լինելու է էպատաժի, լեզվակռվի, փոխադարձ մեղադրանքների չաշխատող խորհրդարան: Տեսնելու ենք ավելի ագրեսիվ ելույթներ, ավելի մեծ կոնֆլիկտային իրավիճակներ, նաև չեմ բացառում իրար նկատմամբ բռնություն գործադրելու փորձեր և այլն»,-ասաց նա:



Տեսակետին, որ ԱԺ-ում կան անորակ պատգամավորներ, որոնք պետք է այնտեղից ուղղակի դուրս շպրտել, Քոչինյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ խորհրդարան անցած կուսակցությունների ընտրական ցուցակների շարունակությունն ավելի լավն է, քան այս պահին պատգամավոր դարձածները»:

Сообщение Արտահերթ ընտրությունները կարող են փրկություն լինել՝ խուսափելու համար պալատական հեղաշրջումներից կամ հեղափոխություններից появились сначала на MediaNews.


от admin

-->