>

Օգոստոսի 16-ից գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն լիցենզավորված կազմակերպություններին իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Ներդրված նոր կարգը կգործի համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների, ըստ որի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:





Այսօր շահագործվող տրանսպորտային միջոցների 85 տոկոսն աշխատում է գազով: Մետաղյա կամ մետաղապլաստե գազաբալոնների պիտանելիության ժամկետը 15 տարի է, բայց, ըստ մասնագետների, պարբերաբար լիցքավորման ընթացքում բալոնի մետաղյա շերտերը ենթարկվում են լայնացման:





Բարձր ճնշման դեպքում՝ քայքայված պատերով գազաբալոններում պայթյունի վտանգը մեծ է, 2-3 տարի պարբերականությամբ գազաբալոնները պետք է ենթարկվեն փորձաքննության: Փորձաքննությունը գազաբալոնների անվտանգ շահագոծման երաշխիք է, բայց պարտադրանք չկա, դրա համար էլ վարորդների մեծ մասը շահագործվող գազաբալոնները ճնշափորձարկման չեն ենթարկում կամ ինքնուրույն են տեղադրում:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված փոփոխությամբ, այսուհետ, գազաբալոնային համակարգերով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցները պարտադիր պետք է պարբերաբար ենթարկեն փորձաքննության, իսկ դրանց շահագործման ու տեղադրման համար ունենան լիցենզավորված ընկերությունների կողմից տրամադրած վկայագիր: Փոփոխվել են նաև ավտոբուսների գազաբալոնային համակարգով շահագործման կանոնները: Մեքենայի սրահում բալոնների տեղադրումն արգելվում է:


«Գազաբալոնային համակարգերը տեղադրելու են ավտոբուսների տանիքին և պետք է լինի արևի ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պաշտպանված, պետք է համապատասխան պատյան ունենա, միևնույն ժամանակ՝ գազաբալոնային փականները պետք է ունենան հասանելիություն։ Այս կարգը խախտելու դեպքում 2022 թվականի փետրվարի 16 -ից սկսած կիրառվելու են նաև պատասխանատվության միջոցներ»,- Shantnews.am-ին պարզաբանումներ է տվել ՀՀ տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը։

Վարորդներին վկայագրերի տրամադրման գործընթացը սկսվում է այսօրվանից: Նախ լիցենզավորված կազմակերպությունները մեքենաները և գազաբալոնները փորձաքննության են ենթարկելու: Բոլոր պահանջներին համապատասխանելուց հետո միայն վարորդները կստանան վկայագիր, որը իրավունք կտա մեքենան շահագործել գազաբալոնով:

«Գազաբալոնային համակարգեր տեղադրող կազմակերպություն այցելելուց հետո, եթե պարզվեց, որ իրենց գործող համակարգը չի համապատասխանում սահմանված կարգին, արտադրման տարեթիվը ընթեռնելի չէ կամ բալոնի շահագործման ժամկետն ավարտվել է, ճնշափորձարկումներ և այլ փորձարկումներ իրականացնելուց հետո պարզվում է, որ տվյալ ավտոմեքենան ենթակա չէ վկայագրման, ապա տվյալ կազմակերպությունը չպետք է վկայագիր տրամադրի, այլ տվյալ դեպքում գազաբալոնը պետք է համարվի խոտանված»,- նշել է Արտուշ Գրիգորյանը։



Վկայագիր չունեցող կամ չփորձաքննված գազաբալոնով ավտոմեքենաները կզրկվեն նաև լցակայաններում սպասարկվելու իրավունքից: Պարզ ասած՝ լցակայանները չպետք է սպասարկեն այդ մեքենաները: Նոր կարգը պատասխանատվություն և տուգանքի չափ է սահմանել նաև լցակայանների համար:

«Գազալցակայաններում տրանսպորտային միջոցը լցավորելուց առաջ աշխատակիցը պարտադիր պետք է ստուգի տվյալ ավտոմեքենայի տվյալները էլեկտրոնային շտեմարանում։ Եթե բացակայում է տվյալ տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվությունը, ապա աշխատակիցը չպետք է լցավորի ավտոմեքենան։ Դա նշանակում է, որ ավտոմեքենան համապատասխան վկայագիր չի ստացել լիցենզավորված կազմակերպությունից, իսկ տեսչական մարմինը իրականացնելու է վերահսկողական գործընթացները»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։

Վարորդներն այսօրվանից սկսած 6 ամիս ժամանակ ունեն իրենց գազաբալոնները ստուգելու և համապատասխան փաստաթուղթը ստանալու համար: 2022-ի փետրվարից արդեն առանց վկայագրերի գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը չի թույլատրվի: Ըստ տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, Հանրապետությունում գազաբալոնային համակարգեր տեղադրող և փորձաքննող լիցենզավորված կազմակերպությունների քանակը բավարար է: Այս ընթացքում նոր կազմակերպություններ, անհատներ ևս դիմել են հավաստագիր ստանալու և այս գործընթացն իրականացնելու համար:

Сообщение Առանց լիցենզավորված կազմակերպության վկայագրի գազաբալոնով շահագործվող ավտոմեքենաների շահագործումը կդադարեցվի появились сначала на MediaNews.


от admin

-->