>

Կառավարության օգոստոսի 18-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը։

Ծրագրի առաջին մասը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։




Քոչարյանի զոհերը

Պաշտպանության ոլորը․ Զինված ուժերի բարեփոխումներ





Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և  սահմանների անձեռնմխելիությունը:

Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից  սահմանադրական առաքելության կատարումը։ Ընդ որում բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և  բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և  ներդաշնակ աշխատեն և  մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում։


Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և  հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները։ Հաշվի են առնվում նաև  ռազմական գործողությունների բնույթի, օպերատիվ մարտավարական արվեստի և  մարտավարության փոփոխություններն աշխարհում։ Սրանով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և  վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը:

Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև  44-օրյա պատերազմից քաղած դասերի և  նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև  պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և  հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։

Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ իր սպառազինությամբ, կառավարման և  ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և  պատերազմավարման եղանակներով: Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և  արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, լուծվելու են նաև  անձնակազմի համալրման և  մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:



Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛  կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի:

  • Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները:
  • Կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորություններն ու պարտականությունները: Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և  ղեկավարման արդյունավետության բարձրացման և   որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և  առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և  զորային օղակներում իրականացվելու են  կազմակերպչական և  հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և  կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:
  • Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով Կառավարությունը նպատակ է հետապնդում հասնելու արդյունավետության բարձրացման, մասնավորապես ձևավորվելու են մեծ շարժունակությամբ օժտված  մարտական կազմավորումներ։
  • Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և  նոր նմուշների ձեռքբերման գործընթացները:  Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և  գործընկեր պետությունների հետ ռազմական և  ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու  այդ ոլորտում դաշնակցային և  գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և  երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:
  • Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի,  ակտիվ պահեստազորի և  աշխարհազորայինների պատրաստման  ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների  միջոցով կատարելագործվելու է ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը:
  • Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է Կառավարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Վերանայվելու են ՀՀ զինված ուժերում օպերատիվ, մարտական և  զորահավաքային պատրաստության գործընթացները, որոնք համապատասխանեցվելու են զինված ուժերին առաջադրված խնդիրներին և դրանց իրականացման պահանջներին: Ռազմական գործողությունների բնույթի կերպափոխման, տեխնիկական ու տեխնոլոգիական առաջընթացի, տեղեկատվական ու հոգեբանական ազդեցությունների ավելացման պայմաններում ռազմական կրթությունը լինելու է ապագայամետ՝ պատրաստելով հնարավոր պատերազմներին պատրաստ արհեստավարժ զինվորականներ: Կառավարությունը հետամուտ է լինելու նաև  հայրենական ռազմական գիտության զարգացմանը, որի շրջանակներում վերանայվելու են պատերազմավարման հիմնադրույթները, մարտական գործողությունները պլանավորելու և  վարելու ձևերը:
  • Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և  մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և  պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը:
  • Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը և  ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև  բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և  ժամանցային միջոցառումների բնույթը։
  • Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և  նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և  սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և  զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և  այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և  առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:
  • Կառավարությունը կատարելագործելու է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու է Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և  առավելագույն ջանքեր է գործադրելու ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու ուղղությամբ։
  • Կառավարությունը բարձրացնելու է ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակը:

Հայաստանի Հանրապետությունունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

Сообщение Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի появились сначала на MediaNews.


от admin

-->