>

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Վարուժան Բ.-ի գործով բերված բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ:

30-ամյա Վարուժանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4 –րդ մասով: Նա արգելանքի տակ է 2016 թվականի հունիսի 19-ից:

Վարուժան Բ.-ն դասակի հրամանատար էր, կոչումով՝ լեյտենանտ:

Ըստ մեղադրանքի՝ նա, «ենթակաների շրջանում խստապահանջ սպայի համբավ ձեռք բերելու շարժառիթով, կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն 2016 թվականի մայիսին գումարտակի զորանոցի դիմաց ուշացած շարք ներկայացած զինծառայող, շարքային Հրանտ Գ.-ի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ձեռքով հարվածել է նրա կրծքավանդակին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 16 –ին, ժամը 9-ի սահմաններում գումարտակի դիմաց դասակի հրամանատար Վարուժան Բ.-ն ուսապարկի ամրագոտին պոկված լինելու պատճառով նախատել է շարքային Հրանտ Գ.-ին, կոպիտ հայհոյանք է տվել ու բռնություն է գործադրել՝ հարվածել է զինվորի ուսին ու ոտքին:

Այնուհետև, ըստ մեղադրանքի՝ հաջորդ օրը՝ հունիսի 17-ին, ժամը 10-ի սահմաններում, երբ զորային հրաձգարանում վատացել է շարքային Հրանտ Գ.-ի ինքնազգացողությունը, նա չի կարողացել շարունակել պարապմունքը, լեյտենանտ Վարուժան Բ.-ն նրան հայհոյել ու սպառնացել է:




Քոչարյանի զոհերը

Ըստ մեղադրանքի՝ շարքային Հրանտ Գ.-ն, «չդիմանալով համածառայողների ներկայությամբ լեյտենանտ Վարուժան Բ.-ի կողմից իր նկատմամբ պարբերաբար գործադրված բռնություններին ու կոպիտ հայհոյանքներին, հայտնվելով հոգեկան դեզադապտացիայի ու ֆրուստրացիայի հոգեվիճակում, իրեն ամրակցված զենքով նույն օրը, ժամը 10-ն անց 40-ի սահմաններում կրակոց է արձակել իր բերանի շրջանում և ինքնասպան է եղել»:

Ամբաստանյալ Վարուժան Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանում նա, պատասխանելով հարցերին, հայտնել է, շարքային Հրանտ Գ.-ի հետ գտնվել է ծառայողական փոխհարաբերությունների մեջ, համատեղ ծառայել են 5-6 ամիս: Երբ Հրանտին ուսումնական գումարտակից տեղափոխել են իրենց մոտ, զգացվել է, որ նա քիչ շփվող է, անձնակազմից առանձնանում էր, ամեն բան մենակ էր անում: Ինքը փորձում էր նրան ներգրավել , նա մարտական հերթապահության ծառայություն իրականացնող ստորաբաժնում էր, ինքն ուզում էր, որ նա հարմարվի, կարողանա հարկ եղած դեպքում մարտական հերթապահության ժամանակ ընկերոջը պահել: Ուզում էր, որ Հրանտը շփվի, իրեն քաշված չպահի: Ինքը բոլորին հավասար է վերաբերվել: Գիտեր, որ Հրանտն առողջական խնդիրներ ունի, նա հոգնում էր աշխատանքներ կատարելու ժամանակ, ինքը թույլ էր տալիս, որ մեկը մյուսին փոխարինելով կատարեն աշխատանքը, նրան շատ չէր ծանրաբեռնում: Մինչ իրենց մոտ գալը Հրանտը թոքաբորբից էր բուժվել, ոտքերի խնդիր ուներ…


Վարուժան Բ.-ն նշել է, որ առողջական խնդիրներ ունեցող զինվորին մարտական հերթապահության ընդգրկողն ինքը չէ, ինքը նույնպես զինվորի նման հերթապահություն էր իրականացնում:




Երբ հրաձգարանում Հրանտը վատացել է, ինքը ջուրէ լցրել նրա վրա, դա արել է օգնության նպատակով՝ որ ուշքի գա: Եթե ցանկանար նրան ծաղրել, ապա ջուր չէր տա, կստիպեր, որ վատ վիճակում շարունակի պարտականությունների կատարումը: Բայց ինքն այդ զինվորի հետ մարտական հերթապահություն է անցկացրել, ինքը չէր կարող նրան ծաղրել: Նույնիսկ նրա պայուսակից նռնակները հանել է, որ նա շատ ծանրաբեռնված չլինի:

Երբ Հրանտը վատացել է, ինքը բժիշկ չէ, որ հասկանար՝ նա իրո՞ք վատացել է, թե՞ այդպես ցույց է տալիս: Երբ նրան ջուր են տվել, վերնազգեստը հանել են, նա միանգամից ասել է, թե արդեն լավ է: Ինքն էլ ասել է, թե պետք չի, որ զորավարժությունը շարունակի, նրան ուղարկել է ելման դիրք, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք չի դրսևորել, բայց ասել է՝ եթե պարզվի, որ սաչոկություն ես անում… ու հայհոյել է:

Երբ շարքից ուշանալու պատճառով բարկացել է Հրանտի վրա, կարգապահական իրավունք չի կիրառել, այլ հարվածել է՝ նպատակ չունենալով ցավ պատճառել, ամբողջ ուժով չի հարվածել, դա պահի տակ ստացված գործողություն էր: Ինքը Հրանտի մոտ ընկճվածություն չի նկատել…

Ամբաստանյալն ասել է, թե Ապրիլյան քառոօրյայի ժամանակ, երբ ռմբակոծվում էր իրենց մարտական դիրքը, ինքը զինվորներին ուղարկել է թաքստոց, մենակ է մնացել դիրքում, ոչ մի կորուստ չի տվել…

Դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Վարուժան Բ.-ի գործողությունների և Հրանտ Գ.-ի ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի ու ինքնասպանություն կատարելու միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Դատարանը Վարուժան Բ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4 –րդ մասով և դատապարտել է 7 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալն ու իր շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատական ակտը՝ մեղմացման առումով, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Վարուժան Բ.-ին դատապարտել հոդվածի տվյալ մասով նախատեսված առավելագույն պատժի: Նաև բողոքաբերը տարակուսելի պահանջ էր ներառել իր բողոքի մեջ՝ պահանջելով, որ առաջին ատյանի դատարանում չներկայացված քաղհայցի պահանջը վերաքննիչ դատարանն ուղարկի առաջին ատյանի դատարան՝ հանձնարարելով, որ այն վարույթ ընդունվի, քննվի ու բավարարվի…

Վերաքննիչ քրեական դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փոխվեց, տուժողի իրավահաջորդի շահերը սկսեց ներկայացնել հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լուսինե Ասլանյանը:


Ամբաստանյալի շահերի պաշտպանը փաստաբան Աշոտ Ապրեսյանն է՝ նա է ամբաստանյալի շահերը պաշտպանել նաև առաջին ատյանի դատարանում:

Վերաքննիչ դատարան չէր ներկայացվել արգելանքի տակ գտնվող ամբաստանյալ Վարուժան Բ.-ն: Նա դիմում էր ուղարկել վերաքննիչ դատարան՝ հայտնելով, թե հրաժարվում է ներկա գտնվել վերաքննիչ դատարանում բողոքների քննությանը, խնդրում է քննությունն անցկացնել իր բացակայությամբ, իրեն էտապավորելու հանձնարարություն չտալ:

Վերաքննիչ դատարանում բողոքները քննվում էին վճռաբեկության կարգով, ամբաստանյալի դիմումի առկայության պայմաններում նրա բացակայությամբ քննությունը կարող էր շարունակվել, կողմերն էլ չառարկեցին:

Փաստաբան Ա. Ապրեսյանը իր բերած բողոքի հիմնավորումը սկսեց տուժողի ընտանիքին ցավակցություն հայտնելով: Դահլիճում ներկա էր տուժողի իրավահաջորդը՝ ինքնասպան եղած զինվորի հայրը:

Փաստաբան Ա. Ապրեսյանն ասաց. «Հայոց բանակի զինվոր ենք կորցրել… Հասկանում եմ ընտանիքի վիշտը, կիսում եմ այն… Կգա ժամանակ, և Հայոց բանակում նման երևույթները հնարավորինս կքչանան…»:

Այնուհետև ամբաստանյալի շահերի պաշտպանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը՝ ասելով, որ ինքն ու իր պաշտպանյալը չեն վիճարկում մեղադրանքում նշված երեք դրվագները՝ շարքից ուշանալու պատճառով, այնուհետև ուսապարկի ամրագոտին պոկված լինելու պատճառով լեյտենանտը հարվածել է մի դեպքում՝ զինվորի կրծքավանդակին, մյուս դեպքում՝ ուսին, իսկ ինքնասպանության օրը, երբ Հրանտ Գ.-ն զորավարժության ժամանակ վատացել է, Վարուժան Բ.-ն նրա վրա ջուր է լցրել ոչ թե ծաղրելու, այլ օգնելու նպատակով: Այդ օրը զորամասը պատրաստվում էր Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը, բոլորը լարված էին: Վարուժան Բ.-ն չի թույլատրել, որ վատացած զինվորը շարունակի զորավարժությունը, նրան ուղարկել է ելման դիրք, բայց զայրացած լինելով՝ զգուշացրել է՝ եթե պարզվի որ «սաչոկություն է անում…» ու հայհոյանք է տվել: Այդ օրը նա Հրանտ Գ.-ին չի հարվածել, բռնություն չի գործադրել, միայն հայհոյանք է տվել… Մեղսագրված արարքի հանցակազմում վիրավորանք հասցնելու մասին խոսք չկա, խոսքը գնում է միայն բռնության գործադրման մասին, իսկ բռնություն գործադրվել է երկու նախորդ դրվագով միայն:

Պաշտպանը նշեց, որ բողոքը բերվել է պատժի մեղմացման առումով, դատական ակտում առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել պայմանական դատապարտության կիրառման հարցին: Վարուժան Բ.-ն համարյա 2,5 տարի անազատության մեջ է: Ըստ պաշտպանի՝ այդքանը բավարար է՝ որպես իրական կրված անազատություն, Վարուժան Բ.-ի նկատմամբ կարող է կիրառվել պայմանական դատապարտություն, նրան հասարակությունից մեկուսացված պահելու անհրաժեշտությունը արդեն վերացել է: Նա արդեն անհրաժեշտ հետևություններն արել է, նա պետք է մարտական դիրքում, առաջնագծում, դա նրան ավելի շուտ կուղղի, քան կալանավայրում անցկացրած տարիները…

Ըստ պաշտպանի՝ Վարուժան Բ.-ն հոգատար սպա է եղել բոլոր զինվորների նկատմամբ, զինվորները վկայություններ են տվել, որ երբ հոգնում էին, Վարուժան Բ.-ն ինքն էր կանգնում հերթապահության:

Պաշտպանը անհամաչափ համարեց, որ մի քանի ապտակի և զինվորի ուսին հասցրած հարվածի համար իր պաշտպանյալը 7 տարի ազատազրկում կրի: «Նա հո չէ՞ր ցանկանա, որ նման հետևանք լիներ»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով կատարվածի անզգույշ բնույթը:


Պաշտպանը օրենսդրական խնդիր տեսավ՝ դիտավորյալ սպանության համար նվազագույն պատիժը սկսվում է 8 տարուց, իսկ իր պաշտպանյալին մեղսագրված անզգույշ արարքի՝ ինքնասպանության հասցնելու համար՝ 7 տարի ազատազրկում: Ճիշտ է, դատարանը Վարուժան Բ.-ի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժը, բայց իր բողոքը վերաբերում է պատժի կրմանը, իր և իր պաշտպանյալի խնդրանքը պայմանական դատապարտության կիրառումն է:

Մեղադրող դատախազ Ա. Տոնոյանը առաջին ատյանի դատական ակտը գնահատեց որպես պատճառաբանված ու հիմնավորված դատական ակտ, ասաց, թե այն պատժի մասով փոփոխելու հիմքեր չկան: Գործի քննությանը առաջին ատյանի դատարանում մասնակցած դատախազը ամբաստանյալի համար պահանջել է 8 տարի ազատազրկում, դատարանը Վարուժան Բ.-ին 7 տարի ազատազրկման է դատապարտել, և մեղադրանքի կողմը, դժգոհ չմնալով, պատժի խստացման առումով բողոք չի բերել:

Տուժողի իրավահաջորդը՝ Հրանտ Գ.-ի հայրը, անդրադառնալով պաշտպանի հայտնած ցավակցությանը, նշեց. «Իմ սաղ կյանքը փչացել ա, ես ի՞նչ անեմ… Ամբաստանյալը կնստի յոթ տարի, դուրս կգա, ես ի՞նչ անեմ…»:

Որդեկորույս հայրն ասաց, որ դժվարությամբ զավակներ են մեծացնում, ուղարկում են բանակ, որ նրանց նկատմամբ բռնությո՞ւն գործադրեն, նվաստացնե՞ն: Իր որդին տվյալ ստորաբաժին ուղարկվելուց առաջ երկու ամիս բուժվել է հոսպիտալներում, թոքաբորբ է ունեցել, միգուցե իրո՞ք վատ էր զգում, ինչո՞ւ է սպան նրա հետ այդպես վարվել…

Տուժողի իրավահաջորդն ասաց՝ թող ազատեն ամբաստանյալին, դա իրեն չի հետաքրքրում, բայց նա թող չվերադառնա զինվորական ծառայության, քանի որ մարդը չի փոխվում, եթե նա իր որդու նկատմամբ է վատ վարվել, ուրիշների նկատմամբ էլ այդպես կվարվի… «Ինքն իմ տղայի նկատմամբ թշնամա՞նք է ունեցել, կարծում եմ՝ չէ: Ես իմաստն եմ ուզում հասկանալ՝ զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու, զինվորին նվաստացնելու…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լ. Ասլանյանը կարդաց նախորդ ներկայացուցչի կողմից գրված վերաքննիչ բողոքը, որում բավական վիճելի շեշտադրումներ կային, մասնավորապես՝ «հայաստանցիներ-ղարաբաղցիներ» բաժանում էր կատարված, մեղադրանքի սահմաններից դուրս եկող ենթադրություններ էին արված:

Բողոքաբերը նաև անընդունելի էր համարել, որ Վարուժան Բ.-ին դատարանը մեղսագրված հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատժի է դատապարտել: Բողոքաբերը պահանջել էր Վարուժան Բ.-ին դատապարտել օրենքով տվյալ արարքի համար նախատեսված առավելագույն պատժի՝ 12 տարի ազատազրկման:

Բողոքում ներկայացված էր նաև առաջին ատյանի դատարանում տուժողի իրավահաջորդի քաղհայցը ներկայացնելու անհնարինության վարկածը, որպես բողոքի երկրորդ պահանջ՝ ներկայացված էր քաղհայցի պահանջը առաջին ատյանի դատարան ուղարկելու պահանջ:

Վերաքննիչ դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցչությունը ստանձնած Լ. Ասլանյանը, փորձելով շտկել նախորդի վիճելի մոտեցումները, նշեց, որ ստեղծված պայմաններում, երբ ամբաստանյալը չի հատուցել պատճառված նյութական վնասը, անգամ ներողություն չի խնդրել զինվորի ծնողներից, տուժողները չեն հաշտվել ամբաստանյալի հետ, նրա նկատմամբ նվազագույն պատիժ նշանակելը խիստ անարդարացի մոտեցում է: Տուժողներին միայն արդարություն է պետք, իսկ արդարության հնարավոր է հասնել արարքին համաչափ պատիժ նշանակելով:

Լ. Ասլանյանն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել արարքի հանրային վտանգավորության աստիճանին, մինչդեռ այս հանցատեսակի հանրային վտանգավորության աստիճանը չափազանց բարձր է, իր կարծիքով՝ անգամ սպանությունից ավելի բարձր հանրային վտանգավորություն ունի այն:

Ամբաստանյալը զինվորի նկատմամբ պարբերաբար է բռնություն գործադրել, եթե երրորդ անգամից հետո նման ծանր հետևանք չառաջանար, նա դեռ չորրորդ, հինգերորդ անգամ էլ կարող էր նման վերաբերմունք դրսևորել:

Ըստ Լ. Ասլանյանի՝ սպան զինվորի նկատմամբ բռնություն գործադրել ու նրան նվաստացրել է «ցինիկ ձևով», այդպիսով՝ նա վախի մթնոլորտ է ձևավորել, նա հանցավոր արարքները կատարել է խոցելի մարդու նկատմամբ…

Տուժողի իրավահաջորդը հավելեց, որ իր որդին ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ սկոլիոզ, հարթաթաթություն, նա զինվորական ծառայության է ուղարկվել սահմանափակումով, բայց նրան չգիտես թե ինչպես՝ ուղարկել են մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանում…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը ևս տարակուսանք հայտնեց, որ սահմանափակումով զինծառայության ուղարկված զինվորը հայտնվել էր մարտական հերթապահություն իրականցնող ստորաբաժանում: Վարուժան Բ.-ն չէ, որ Հրանտին այդ ծառայության էր ուղարկել, Վարուժան Բ.-ն պարտավոր էր բոլոր զինվորներից հավասար պահանջել, իսկ Հրանտ Գ.-ն հենց առողջական լուրջ խնդիրների պատճառով չէր կարողանում մյուսներին հավասար ծառայել, դա էլ նրան նվաստացնում էր:

Պաշտպանը նշեց, որ ըստ բժշկական փաստաթղթի՝ Հրանտի մի ոտքը մյուսից կարճ է եղել 1,8 սմ-ով. «Ես համաձայն չեմ, որ սպայի կողմից երկու անգամ կիրառված բռնությունն ու մեկ հայհոյանքն են եղել զինվորի ինքնասպանության պատճառը, դա շատ կասկածելի է… Հրանտը շփվող չի եղել, նա, ըստ զինվորների վկայությունների, անգամ ամաչել է ուրիշից ծխախոտ ուզել… Ունենալով լուրջ առողջական խնդիրներ՝ նա դարձել է ավելի ինքնամփոփ… Հրանտը մեղավոր չէր, որ մի ոտքը մյուսից կարճ էր, որ մյուս զինվորների նման ինքը չէր կարողանում վազել, բայց երբ տեսչություն էր սպասվում զորամասում, բոլոր զինվորներից հավասար էին պահանջում, հավասար էին նրանց ստուգում…»:

Պաշտպանը մեկ անգամ ևս նշեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված դրվագների համար. «Յոթ տարուց ավելի պատժի մասին խոսելը այս գործով արդարադատության շահից չի բխում…»:

Պաշտպանն առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի դեմ, անընդունելի համարեց այդ բողոքում ներկայացված անհարիր շեշտադրումները, ինչպես նաև ավելացրեց, որ տուժողի իրավահաջորդը ցանկացած պահի կարող է քաղաքացիական դատավարության կարգով քաղհայց ներկայացնել ու հիմնավորված քաղհայցի պահանջի դեպքում իր պաշտպանյալը պատրաստ կլինի այն ընդունել…
Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 5-ին:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->