>


Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ», այսօր սկսվել են մեկ բարձրահարկ շենքի կառուցման աշխատանքներ, ինչն առաջացրել է տվյալ տարածքի բնակիչների զայրույթը։ Նրանք համարում են, որ այդ շենքի կառուցումն ապօրինի է։ Եվ այսօր, երբ փորձել են խոչընդոտել շենքի կառուցման աշխատանքներին, քաշքշուկ է սկսվել բնակիչների և ոստիկանների միջև։ Բնակիչներից ոմանք սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել ոստիկանների հասցեին, իսկ քաշքշուկի հետևանքով եղել են նաև բերման ենթարկվածներ։ Երկու անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:








Քոչարյանի զոհերը

Շենքի կառուցման մանրամասների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։
Նա նշեց, որ տվյալ տարածքում 2000-ականների կեսերից գործում է սեփականության իրավունք, և գոյություն ունի բնակելի շենքի կառուցապատման իրավունք։

«2018 թվականից հետո, երբ գործող քաղաքային իշխանությունը ստանձնել է պաշտոնը, քննարկվել է այդտեղ կառուցապատում իրականացնելու նպատակահարմարությունը, քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդում հարցը մանրամասն քննարկվել է, իսկ խորհրդի անդամները ոլորտի առաջատար մասնագետներ են, ճարտարապետներ, քաղաքաշինության ոլորտի հայտնի մասնագետներ: Եվ խորհուրդը, քաղաքաշինության տեսակետից և քաղաքի զարգացման տրամաբանության տեսակետից, միանգամայն ընկալելի և ընդունելի է համարել ներկայացված նախագիծը։ Բացի դրանից, 2019 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել հանրային քննարկում՝ քաղաքապետի որոշմամբ, որի ընթացքում մի կողմից՝ կառուցապատողը, մյուս կողմից՝ բնակիչները ներկայացրել են իրենց դիտողությունները և պատկերացումները»,- ասաց Հակոբ Կարապետյանը։


Նա նաև նշեց, որ ներկայացված նախագծի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, օրինակ՝ եթե 2006 թվականին ներկայացված նախագծում գոյություն ունեցող տարածքի 65 տոկոսի վրա էր նախատեսվում շինության կառուցումը, ներկայումս փաստացի գոյություն ունեցող տարածքի 42 տոկոսի վրա է շինությունը կառուցվելու, ստորգետնյա կայանատեղիները նախկին նախագծով եղել են տարածքի մոտ 50 տոկոսի ծավալներով, ներկայումս՝ մինչև 80 տոկոս ստորգետնյա ավտոկայանատեղիների հնարավորություն։
«Բացի դրանից, այնտեղ մեր քաղաքացիները, որոնք բողոքում են կառուցապատումից, նշում են, որ տարածքում ծառեր կան. ամեն դեպքում դա սեփական տարածք է, և այդ ծառերը նույնպես սեփականատիրոջ սեփականությունն են, համենայնդեպս, ներկայացված նախագծով նախատեսվում է գոյություն ունեցող կանաչ տարածքից ավելի մեծ ծավալի կանաչ տարածք»,- ասաց Հակոբ Կարապետյանը։



Վերջինս վստահեցրեց, որ կա կոնկրետ մեկ 12-հարկանի շինություն կառուցելու նախագիծ, և այդ շինությունը բոլոր նորմերին համապատասխանում է, բոլոր անհրաժեշտ փորձաքննություններով ստացել է իր համապատասխան եզրակացությունը։
Հակոբ Կարապետյանի խոսքով՝քաղաքապետարանն առանց այդ եզրակացությունների շինթույլտվություն չի կարող տալ։
Նշենք, որ շենքի կառուցման շինթույլտվությունը տրվել է 2021 թվականի հուլիսին։

«Կարծում եմ, որ մեր հարգարժան քաղաքացիների մեծ մասը տեղյակ է այն բոլոր փաստարկներին կամ հակափաստարկներին, որոնք քաղաքապետարանը ներկայացնում է»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը։

Сообщение «Ֆիզգորոդոկում» ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով երկու անձ է բերման ենթարկվել появились сначала на MediaNews.


от admin

-->