>

Պաշտպանության նախարարությունը 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:




Քոչարյանի զոհերը

Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:





Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելն առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը միանշանակ ողջունում է պաշտպանության նախարարության այս քայլը։ Փորձագետի խոսքով՝ մնում է, նախորդ տարիների դառը փորձը նկատի ունենալով, հույս ունենալ, որ զորավարժանքները իրականում կլինեն զորավարժանքներ, այլ ոչ թե թղթի վրա գրված զորավարժանքներ:


«Ընդհանրապես մեր տարածաշրջանում և հատկապես հետպատերազմյան այս ժամանակահատվածում Հայաստանի համար շատ կարևոր են այս երկարաժամկետ զորավարժանքները, որոնք առաջին հերթին նպատակաուղղված են ռազմական մասնագիտություն ունեցող քաղաքացիների ընդգրկվածությանը։ Հետևաբար ես միանշանակ շատ դրական եմ գնահատում ՊՆ-ի քայլը։

Միայն թե այն միսուարյուն ստանա»,- ասաց Հովհաննիսյանը։ Որպեսզի եռամսյա վարժական հավաքների վերաբերյալ ծանուցում ստացած քաղաքացիները չխուսափեն ներկայանալուց, փախուստի չդիմեն, քրեական հետապնդումներ չհարուցվեն, փորձագետի խոսքով՝ նախ անհրաժեշտ է հասարակությանն առավելագույնս տեղեկացնել, իրազեկել, որ այդ վարժանքները պատերազմի վերսկսման մասին չեն, քանի որ թյուր կարծիք կա, որ շուտով պատերազմ է լինելու, և զորավարժանքի անվան տակ մարդկանց հավաքագրում են և այլն: «Իրականում դա այդպես չէ։

Դա քիչ տեղեկացվածության հետևանք է։ Պետությունը պետք է մաքսիմում շատ տեղեկատվություն տարածի, որպեսզի թյուրըմբռնում չառաջանա։ Բայց անկախ ամեն ինչից՝ ես անընդունելի եմ համարում զինկոմիսարիատներ չներկայանալը ծանուցման դեպքում։ Չի կարելի այդպես։ Վերջիվերջո, մեր երկիրը պատերազմական երկիր է, և այստեղ ամեն մի քաղաքացի, անկախ իր պաշտոնից, պարտավոր է կիսով չափ լինել զինվորական և այդ առումով տիրապետել նաև զենք-զինամթերքի, տեխնիկայի տարբեր տեսակների։



Ես չէի ցանկանա, որ մենք մեր հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելիս դիմեինք Քրեական օրենսգրքին, քրեական պատասխանատվությանը։ Հարկավոր է, որ պետությունը աշխատի հասարակության հետ և հավուր պատշաճի տեղեկացնի, թե ինչ է տեղի ունենում»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իրազեկելուց զատ, շատ կարևոր է, որ պետությունն ամբողջությամբ ստանձնի զորավարժանքների ներկայացած քաղաքացիների սոցիալական երաշխիքների կատարումը, որպեսզի քաղաքացիների մեջ կասկած չառաջանա, թե այդ երեք ամսում իր ընտանիքն ինչպես է ապրելու, կամ ով է փակելու իր վարկերը:

«Հստակ գրված է, որ եթե քաղաքացին վարկ է վերցրել, ապա իր վարկը սառեցվում է այնքան ժամկետով, քանի դեռ ինքը զորավարժանքների մեջ է։ Քաղաքացու վարկի մարումը սկսում է, երբ նա անցնում է աշխատանքի։ Օրենքով ամրագրված է, որ պետությունը պարտավոր է փոխհատուցել այդ քաղաքացիներին»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը ևս հիշեցնում է, որ մենք Ադրբեջանի հետ կողք կողքի ենք ապրում, և ամեն պահի կարող է նոր պատերազմ սկսել։ Հետևաբար պետք է պատրաստ լինել դրան։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ շատերն անպատրաստ էին, իսկ եռամսյա զորավարժանքները լավ հնարավորություն են, աշխատատեղերը, աշխատավարձը պահպանելով, դառնալու զինվորական, զինվորական հմտություններ ձեռք բերելու և պատրաստ լինելու պատերազմի: «Ափսոս տարիքս չի ներում։ Թե չէ ես էլ կգնայի»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ ՊՆ-ի այս քայլը միայն ողջունել կարելի է։

Сообщение 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ շատերն անպատրաստ էին. եռամսյա զորավարժանքները լավ հնարավորություն են պատրաստ լինելու պատերազմի появились сначала на MediaNews.


от admin

-->