>





ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ Ազատության ռեպորտաժում այսօր արտահայտածս մտքերը ամբողջական չեն ներկայացվել, հարկ եմ համարում հստակություն մտցնել։
Զանգեց Ազատության լրագրողը, հարցրեց՝ ձեր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի նկարը կա՞։ Դրական պատասխան ստանալով՝ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքը ՀՔԾ-ի ինչ-որ աշխատակցի սենյակում Սերժ Սարգսյանի նկարի մասին։






Բնականաբար այդ համեմատությունը անվանեցի աբսուրդային։ ՈՒ արեցի դա մի շատ հիմնավոր պատճառով․ ՀՔԾ քննիչը չի կարող ունենալ կուսակցական պատկանելիություն, չի կարող քաղաքական թիմի անդամ լինել, գործի բերումով կարող է և նաև կարող է պարտավորված լինել քննել երկրի ղեկավարին առնչվող գործ, կարող է իր աշխատասենյակում ինչ-որ մեկը կամենա վկայություն տալ երկրի ղեկավարին վերաբերվող քրեական գործով(ի դեպ, հենց այս օրինակները կարծեմ բերել է Նիկոլ Փաշինյանը, երբ քննադատում էր ՀՔԾ-ում Սարգսյանի նկարի առկայությունը)։ Լրագրողը օրինակ բերեց նաև դատարանում Սերժ Սարգսյանի նկարի առկայության մասին, ամբողջ նախորդ պարբերությունը վերաբերելի է նաև այս պարագային։
Իսկ հիմա պատգամավորի աշխատասենյակի մասին։
Հարգելի ընկերներ, հարգելի ու սիրելի ընկերներ, որ մոտ երկու օր է քննարկում ու քննարկում եք այս հարցը՝ հաճախ ձեր սոցցանցային գլխավոր նկարներում ձեր նախընտրած քաղաքական ուժի ղեկավարի նկարն ունենալով։ Հարգելիներս, պատգամավորը ո՛չ ՀՔԾ քննիչ է, ո՛չ դատավոր, ո՛չ դատախազ։ Պատգամավորը քաղաքական գործիչ է, մեծամասամբ՝ կուսակցական, պատգամավորն ազատ է իր աշխատասենյակում ունենալ իր քաղաքական թիմի անդամների, առաջնորդի լուսանկարներ, կուսակցական խորհրդանիշներ։ Ու դա բերել համեմատել ՀՔԾ-ում նախագահի կամ վարչապետի նկարի հետ, կներեք, անլուրջ է։ Հիմա եթե շատերին թվում է, թե կարողանալու են մանիպուլացնելով թացն ու չորը խառնեն իրար, սխալվում են, ինչպես սխալվել են միշտ։
Հ․Գ․ Պատրաստվում եմ առաջիկա օրերին պատվիրել MAYRO թիմի պատրաստած հեղափոխության կոմիքսային նկարներից։ Դրանք էլ եմ ունենալու աշխատասենյակումս ու դրանցում էլ լինելու են վարչապետն ու ՔՊ վարչության այլ անդամներ։ Կարող եք դա էլ համեմատել օրինակ՝ ՍԴ-ում Սերժ Սարգսյանի նկարի եղած-չեղած լինելու հետ»,-գրել է նա։



Сообщение «Դա համեմատել ՀՔԾ-ում նախագահի կամ վարչապետի նկարի հետ անլուրջ է…»․ Վահագն Ալեքսանյան появились сначала на MediaNews.


от admin

-->