>

Սերը, որ հաղթեց մեր պարտված պատերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն

Sputnik Արմենիան գրում է․ Վրեժի ու Քրիստինեի սերը հաղթել է մեր պարտված պատերազմին։ Նրանց սերը թևեր է տալիս դիմացինին ու համոզում` երբեմն նաև կարող ենք թռչել, եթե սիրելիի հետ ենք…

Վրեժը պատերազմի ժամանակ կորցրել է մեկ աչքը և մյուսի տեսողությունը։ Այժմ նրա աչքերն են դարձել օրերս իր կինը դարձած Քրիստինեի ձեռքերը. նրանք օգոստոսի 11-ին են ամուսնացել։





20-ամյա Վրեժ Բադալյանն արդեն իսկ 1 տարի ծառայել էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վրեժը Մատաղիսում էր ծառայում, և պատերազմը սկսվելուց 5 օր անց թշնամին գրավեց նրանց դիրքը։





«Սկզբում մտածեցինք` երևի Թալիշն են ուզում գրավել, ինչին թշնամին հասավ պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Թալիշում երկու մոտ ընկերներս զոհվեցին։ Նրանց ամենադաժան ձևով էին սպանել, չէին կրակել։ Թալիշից մեր գնդից միայն կեսը վերադարձավ։ Մյուսները զոհվեցին, ու հասկացանք` ամեն ինչ լուրջ է, քանի որ թշնամին առաջ էր գալիս»,–պատմում է Վրեժը։

Պատերազմի օրերը հիշելն այնքան էլ Վրեժի սրտով չէ. խոսելիս նյարդայնանում է։ Քրիստինեն նկատում է ու շոյում ամուսնու մորուքը։

Կարճ դադարից հետո Վրեժը շարունակում է պատմել, որ հետո թշնամին Մատաղիսի համար է սկսել կռիվ տալ. հոկտեմբերի 2-ին թեժ մարտեր են ընթացել, որոնց ժամանակ էլ վիրավորվել է։ Առաջին անգամ ընկերոջ հետ խրամատում են եղել, երբ սկսել են հրթիռակոծել «Գրադ»–ից։ Վնասվել է Վրեժի ձեռքը, ոտքը, թոքը։


Սակայն տեսնելով, որ ընկերն ավելի շատ վնասվածքներ ունի (որովայնն է պատռվել)` իր ցավն ու թոքի վնասվածքի հետևանքով շնչառական անբավարարությունն անտեսել է և ընկերոջ կյանքն է փրկել` նրան սողեսող դիրքերից ներքև իջեցնելով։

Հետո ընկերները Վրեժին էլ զինվորական մեքենայի թափքին են դրել Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ԱԹՍ–ով հարվածել են մեքենային։

«Միայն հիշում եմ, որ օդ թռա, և վերջ, գիտակցությունս կորցրել եմ։ 22 օր կոմայի մեջ եմ եղել և արթնացել արդեն Երևանում` «Էրեբունի» հիվանդանոցում։ Արթնացա, բայց ոչինչ չէի տեսնում, մատս անգամ շարժել չէի կարող։ Ցավերին դիմանալու համար նորից արհեստական կոմայի մեջ գցեցին։



Օրեր անց կրկին արթնացա ու հասկացա` տեսողությունս կորցրել եմ»,–պատմում է Վրեժն ու, չնայած այն հանգամանքին, որ ծխել չի կարելի, քանի որ թոքը վնասված է, Քրիստինեին խնդրում է ծխախոտ տալ։

Վրեժը ծխում է, իսկ Քրիստինեն նրա գանգուրների հետ է խաղում։ Խնդիրների մասին շատ խոսել Վրեժը չի սիրում, և նրա մայրը` տիկին Լիլիթն է շարունակում պատմել։

Մայրն ասում է, որ երբ որդու հետ կապը կտրվել է, նրան սկսել են հիվանդանոցներով փնտրել. անճանաչելի դարձած Վրեժին Քրիստինան է ճանաչել ձեռքի վրայի խաչի տեսքով դաջվածքից։

«Շատ բան ենք տեսել այս ընթացքում` Վրեժի գլխի մի հատվածն են տիտանիտով հավաքել, ծնոտը վիրահատել, 3 անգամ աղիներն են վիրահատել։ Այս ընթացքում նա չէր քայլում, Մոսկվա տարանք. այնտեղ աղիները կրկին վիրահատեցին, բացի այդ, հրաշք եղավ` որդիս սկսեց քայլել։ Հիմա մեր միակ երազանքն է, որ Վրեժը տեսնի»,–ասում է տիկին Լիլիթը և հարսին նայում. Քրիստինան հուզվել է, սակայն չի ուզում, որ Վրեժը տեսնի։ Դուրս է գալիս սենյակից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Сообщение Սերը, որ հաղթեց մեր պարտված պատերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->