>


ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքն ունի 345 բնակիչ. բոլորն էլ պատերազմից հետո վերադարձել են և շարունակում են արարել սեփական հողի վրա:








Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը:


«Գյուղում վերաբնակեցվել է 13 ընտանիք. նրանց համար տներ են վերանորոգվել: Դպրոցը՝ 52 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Այս ուսումնական տարում աշակերտների թիվը կավելանա քսանհինգով: Մանկապարտեզ չունենք. բայց մանկապարտեզի ենթակա 25 սան ունենք: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնք վերանորոգման կարիք ունեն:

Մինչ պատերազմը վերանորոգվում էր գյուղի հանդիսությունների սրահը, պատերազմական գործողություններից հետո աշխատանքները վերսկսվել են. մոտ մեկ շաբաթից շենքը պատրաստ կլինի: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ամառային շրջանում ունենք ոռոգման ջրի խնդիր։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն օր օրի դրա անհրաժեշտությունն էլ ավելի է զգացվում»,- նշեց Ս. Ավանեսյանը՝ հավելելով, որ բարեբախտաբար պատերազմի ընթացքում գյուղում ոչ տներ են ավերվել, ոչ էլ մարդկային կորուստ են ունեցել:



Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ՝ ավելացնելով անասնագլխաքանակը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ:

Сообщение «Քոլատակում վերաբնակեցվել է 13 ընտանիք, աշակերտների թիվը՝ զգալիորեն աճել…». համայնքապետ появились сначала на MediaNews.


от admin

-->