>

Օրերս Կոռնիձորում սպանված երեք ժամկետային զինծառայողների գործով ձերբակալված զինծառայողը կալանավորված է՝ դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կալանքի միջնորդությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ այսինքն երկու կամ ավելի անձանց սպանությունը։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Քննչական Կոմիտեի մամուլի պատասխանատու՝ Վարդան Թադևոսյանը։





Նշենք, որ մեր տեղեկություններով՝ բացի կալանավորված զինծառայողը, ևս մեկ զինծառայող էլ կասկածյալի կարգավիճակ ունի։





Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել՝ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ՝ 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։




Civic.am-ի հարցին՝ ՀՀ ՊՆ-ն հերքո՞ւմ է այն վարկածը, որ երեք զինծառայողների միաժամանակյա մահը կարող էր տեղի ունենալ հակառակորդի կազմակերպած դիվերսիայի հետևանքով, նախարարությունից ընդգծել էին, որ նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ։

 


от admin

-->