>

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:





«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ շատ խոսվեց պատերազմի հետևանքներից, սակայն պակաս կարևոր չէ խոսել պատերազմի պատճառներից:





Նրա խոսքով՝ մեր ամենալուրջ սխալը եղել է այն, որ ճակատամարտը հաղթելուց հետո չի դրվել խաղաղության խնդիրը:

«Պատերազմը սկսեց մեր դուռը թակել, երբ մենք սկսեցինք այլասերել քաղաքական համակարգը և ոտնահարել ազատ կամքի դրսևորման մարդու իրավունքը: Դա սկսվեց 1990-95 թվականներին: Մենք աչքներս փակում էինք, թե ինչպես էին ընտրությունները տեղի ունենում:


Մենք աչքներս փակեցինք, երբ 95 թվականին առաջացան արհեստածին կուսակցություններ, և խորհրդարանի 1-ին ընտրությունները չբերեցին համաձայնության հասարակական մթնոլորտի, այլ ծնեցին առճակատում: Սահմանադրության ընդունումն էլ դարձավ պառակտման պատճառ»,- նշեց նա և հավելեց, որ հետագայում Ռոբերտ Քոչարյանը բերվեց Հայաստան ընդդիմության ճանապարհը փակելու համար, ինչն անթույլատրելի էր: «Հետո տեղի ունեցավ պալատական հեղաշրջումը. մի գիշերում մեծամասնությւոնը դարձավ երկրապահ: Գուրգեն Արսենյանն ասաց՝ Ռոբերտին Հայաստան բերելով մենք կորցնում ենք մեր օրինական իշխանությունը, Լևոնը թռավ: Եվ այդպես էլ եղավ»:

Վիգեն Խաչատրյանը ընդգծեց, որ այն ուժերը, որոնք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, պիտի մեղավոր զգան անօրինական ընտրությունների համար. «Ես ասում էի՝ ում ուզում եք ընտրել, բացի Քոչարյանից, որովհետև անօրինական է: Չի կարող անօրինական բանը լավ բանի հանգեցնել: Արդյունքում հասարակական մթնոլորտը այլասերվեց ու քրեականացվեց»:



Նրա խոսքով՝ 2018թ. հեղափոխությունը ցնծությամբ ընդունվեց, որովհետև իրենց հարազատ պետությունն ազատագրվում էր ու ծառայելու էր իրենց. «Հենց էնպես չէին մարդիկ գոռում՝ «Մենք ենք տերը մեր երկրի»»:

«Չի կարող Հայաստանում գործող կուսակցությունը ֆինանսավորվել արտասահմանից, որովհետև կայլասերվի. Հայաստանը համայնք չէ: Սփյուռքում հայապահպանման համար դա կարևոր է, բայց մենք այդ խնդիրը չունենք»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանին այս դահլիճում վարչապետ են ընտրել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն. «Նիկոլ Փաշինյանը ձեռք մեկնեց, և կոալիցիոն կառավարություն ստեղծեց»:

Նա մի նամակ կարդաց, որում մասնավորապես ասվում է. ««Ազգային ժողովում երկգլխանի վիշապի պոչն է: Մի բան ակնհայտ է՝ պոչը կտրելով սողունին մեծ վնաս չես տա»: Ես ուզում եմ, որ մեր ընդդիմությունը դադարի երկգլխանի վիշապին սպասարկելուց և դառնա այլընտրանք գործող իշխանությանը»:

Сообщение «ԱԺ-ում երկգլխանի վիշապի պոչն է». Դադարեք երկգլխանի վիշապին սպասարկելուց. Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը появились сначала на MediaNews.


от admin

-->