>


ՀՀ Գլխավոր դատախազությունը Ոստիկանության 6-րդ վարչություն է ուղարկել նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի շտաբներում միլիարդավոր դրամների ապօրինի շրջանառության մասին տեղեկությունը՝ ստուգման։ Այս մասին Civic.am-ին հայտնեց դատախազության մամուլի խոսնակը։








Դեռևս օգոստոսի 16-ին «Առաջին լրատվական»-ը հրապարակել է հոդված, ըստ որի՝ լրատվամիջոցի տեղեկությամբ՝ նախընտրական շրջանում «Հայաստան» դաշինքի շտաբների գումարային իրական շրջանառությունը օրենքով սահմանված չափը գերազանցել է բազմաթիվ անգամներ՝ հասնելով 6 մլրդ դրամի։

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը արդեն ստուգողական քննություն է սկսել այդ առթիվ, թեև ոստիկանության լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել դրա վերաբերյալ։


Ավելի վաղ Civic.am-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ ճշտելու, թե արդյոք կա՞ քննվող գործ «Հայաստան» դաշինքի շտաբների գումարային շրջանառությունն օրենքով սահմանված չափը ենթադրյալ գերազանցելու վերաբերյալ, և ՊԵԿ-ը պատրաստվո՞ւմ է պարզել այդ հարցը՝ հաշվի առնելով, որ ՊԵԿ-ը խիստ աչալուրջ է սովորական քաղաքացիների հարկերի վճարման և դրամաշրջանառության հարցում։ Սակայն ՊԵԿ իրավաբանական վարչությունից ի պատասխան նշել են, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում «Հայաստան» դաշինքի շտաբների վերաբերյալ գործ չի քննվել և չի քննվում։ Պետական եկամուտների կոմիտեն մեր հարցումը վերահասցեագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանին, որպեսզի վերջինս խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնի ՊԵԿ՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։



ԿԸՀ լրատվականից Civic.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ ԿԸՀ-ն սահմանված կարգով ընթացք կտա ՊԵԿ-ի ուղարկած գրությանը։

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ը մասնավորապես գրել էր. «Քոչարյանի գլխավորած դաշինքը հայտարարագրել է 309 միլիոն դրամի մուտք, որից իբրև թե ծախսվել է ընդամենը 245 միլիոնը։ Իրականում միայն շտաբներին տրված գումարները, որոնք իբրև ծախսվել են աշխատավարձերի վրա, հասնում են 6 միլիարդի։ Այսինքն՝ մոտավոր հաշվարկներով՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ֆոնդի գումարները մոտ 20 անգամ, 2000%-ով, գերազանցել են օրենքով նախատեսված շեմը։ Միայն մամուլի հրապարակումների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի յուրաքանչյուր շտաբ ստացել է 6 հազար դոլար, այն էլ՝ արտարժույթով, ինչը օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է խստագույն պատիժներ միայն արժութային ապօրինի շրջանառության համար»։

Сообщение Ոստիկանության 6-րդ վարչությունը քննում է Քոչարյանի շտաբներում միլիարդավոր դրամների ապօրինի շրջանառության մասին տեղեկությունը появились сначала на MediaNews.


от admin

-->