>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։





-Պարոն Պետորսյան, Պաշտպանության նախարարությունը եռամսյա զորավարժանքներ է սկսել։ Միանշանակ կարծիք չկա այս վարժանքների հետ կապված։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։





-Շատ դրական եմ գնահատում ՊՆ-ի քայլը։ Դա միանշանակ մեզ պետք է ու մենք շատ հաճախ պետք է դա անենք։ Այդպես ռեզերվում գտնվող ՄՕԲ ռեսուրսը մշտական կապ կունենա բանակի հետ, զենքի հետ, պատրաստի վիճակում կլինի։ Իսկ այսօրվա մեր կարգավիճակը մեզ ստիպում է մշտապես պատրաստ վիճակում գտնվել։ Ուղղակի պետք է կոնտենգենտի քանակն ավելին լինի, ավելին նախատեսվի։ Չնայած սկզբի համար սա էլ է նորմալ։

–Նախկինում էլ էր լինում նմանատիպ զորավարժանքներ, բայց դրանք մշտապես ձևական բնույթ են կրել, գրեթե ոչ ոք դրանց չի ներկայացել։ Հիմա ո՞րն է երաշխիքը, որը այս զորավարժանքները Ձեր ասած նպատակին կծառայեն ու իրականություն կդառնան։

-Այո։ Դուք ճիշտ եք։ Նախկինում դա ձևական բնույթ է կրել։ Բայց հիմա, որ եռամսյա զորավարժանքին առաջին ռեզերվի կոնտենգենտն է ներկայանալու, այսինքն դա նրանք են, որ պատերազմի ժամանակ առաջինն են կանչվելու, սա շատ կարևոր է։ Սա փորձություն է այդ առումով։ Առաջին էտապի հաջողությունից, գրանցած արդյունքներից կախված կլինի նաև հաջորդ էտապների հաջողությունը։ Սա նաև հոգեբանական առումով է կարևոր, առաջինը բանակի կողքին լինելու առումով է կարևոր։ Նախկինում եղած այդ հոգեբանական վիճակը պետք է վերականգնել։ Դա շատ կարևոր է։


-Բայց հիմա շատ հաճախ տեղեկություններ են հասնում, որ ովքեր ծանուցում են ստանում, խուսափում են ներկայանալ, կամ դեռ ծանուցում չստացած շտապում են երկրից հեռանալ, որ խուսափեն զորավարժանքներից։ Ինչպես պետք է անել, որ ճիշտ ընկալվեն այս զորավարժանքները։

-Ես միշտ ասել եմ, որ նրանք, ում համար երկրի առաջ ծառացած վտանգը պետք է արտագաղթի պատճառ դառնա, նրանք իզուր էլ ապրում են այս երկրում։ Նրանք, ովքեր երկրի համար դժվարին իրավիճակում, երբ իրենք որպես զինվոր պետք է ծառայեն հայրենիքին, վախից պետք է փախնեն, ավելի լավ է հենց հիմիկվանից փախնեն ու մնան նրանք, ովքեր սիրում են այս երկիրը ու պատրաստ են իրենց երկրի համար զոհողության գնալ։ Մեր 18 տարեկանները այսօր պատրաստ են ու ապացուցեցին, որ կարող են իրենց կյանքով պահել մեր երկիրը, իսկ ոմանք իրենց կնոջ կողքից դժվարանում են մի քանի օրով դուրս գան ու ծառայեն հայրենիքին, մասնակցեն զորավարժանքներին։



–Մասնագետները մտահոգություն են հայտնում, որ այս եռամսյա զորահավաքները աշխատաշուկայում կարող են խնդիրներ առաջացնել։ Ճիշտ է, աշխատողը պահպանում է իր աշխատատեղը, բայց 3 ամիս չի աշխատում, ավելացված արժեք չի ստեղծում։ Դուք այս մասով խնդիր տեսնո՞ւմ եք։

-Խնդիրներ կարող են առաջանալ, բայց մենք պատերազմական վիճակում ենք, այսօր մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը անվտանգության խնդիրն է։ Պատերազմական իրավիճակում գործատուի շահն այս դեպքում երկրորդական է երկրի անվտանգոթւյան շահին։ Այնպես որ ես շատ դրական եմ գնահատում եռամսյա զորահավաքները ու պատահական չի, որ մեր շատ մարտական ընկերներ, ովքեր ընդգրկված չեն այդ ցուցակներում, այսօր դիմումներ են գրում և կամավորությամբ գնում են այդ ցուցակներում ընդգրկվելու համար։ Նրանք, ովքեր հասկանում են երկրի պաշտպանության խնդիրը, այսօր զինվորի կողքին են։

-Պարոն Պետրոսյան, Ադրբեջանն ավելի ագրեսիվ բնույթ է տվել իր գործողություններին։ Նախորդ շաբաթ մենք զոհեր ու վիրավոր ունեցանք։ Այս իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում ենք պատկերացնում կամ լայնամասշտաբ գործողութունների վտանգ տեսնում եք, թե ոչ։

-Նախկին փորձը ցույց է տվել, որ նրանք հանգստանում են, երբ որ մենք իրենց իսկ լեզվով ենք բացատրում։ Այսինքն ուժի դիրքից։ Այնպես որ մենք քաղաքակիրթ լեզվով չենք կարող խոսել մի ազգի հետ, որը այդ լեզուն չի հասկանում։ Այդ երկրի առաջնորդը 25 տարի է բարդութավորված ապրում է, բայց հիմա իրեն թվում է, թե իր հաջողությունը մշտական է լինելու։ Բայց մենք զսպաշապիկ կհագցնենք Ադրբեջանին ու ամեն ինչ նորմալ կլինի։ Պարզապես մի խնդիր կա. Մեր ներքին պառակտումներին, ներքին քաոսին, ներքին քաղաքական վիճակին պետք է վերջ տանք մեր նպատակին հասնելու համար։ Իսկ նրանք , ովքեր կփորձեն ապակայունացնել վիճակը՝ օրենքի ուժով նրանց պետք է մեկուսացնել։ Նրանք ավելի վտանգավոր են, քան Ալիևը և թուրքը։ Հենց նրանք են թուրքին ու Ադրբեջանին ստիպում գործողություններ ձեռնարկել Հայաստանի հանդեպ։

Сообщение Մենք զսպաշապիկ կհագցնենք Ադրբեջանին. Ռեզերվում գտնվող ՄՕԲ ռեսուրսը պետք է մշտական կապ ունենա բանակի հետ появились сначала на MediaNews.


от admin

-->