>

Հայաստանի հանրային, փորձագիտական եւ քաղաքական շրջանակները շարունակում են աշխուժորեն քննարկել Արցախի հարցի կարգավորման համար տարածքների հանձնման անխուսափելիության մասին ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլզի հայտնի հայտարարությունը:

Տպավորություն է, որ Միլզը շոկի է ենթարկել հանրությանը, եւ մինչ այժմ հանրությունը տեղյակ չէր, որ Արցախի խնդրի կարգավորման գործընթացի ֆորմալ բովանդակության համատեքստում սեղանին դրված է հենց տարածքների հանձնման տարբերակ, եւ խոշոր հաշվով այնքան էլ խորքային նշանակություն չունի, թե ինչի դիմաց: Չունի, որովհետեւ Արցախի հարցը, կամ ավելի շուտ Արցախը,- որովհետեւ այն հայկական պետականության համար ոչ թե հարց է, այլ առանցք,- միանվագ լուծման ենթակա վեճ չէ, այլ պետական ռազմավարության հիմնաքար: Ըստ այդմ, ռազմավարական առումով չկա մի բան, որը համարժեք է ազատագրված տարածքներին: Ընդ որում, խոսքը նյութական, տարածքային, կշռային համարժեքության մասին չէ, այլ անվտանգային-ռազմա-քաղաքական:




Քոչարյանի զոհերը

Այսինքն, տարածքների հանդեպ հայ ժողովրդի կոնցեպտուալ վերաբերմունքի ձեւավորումը պետք է բխի այդ խորքից, դրանք չդիտարկելով որպես խաղաղության գին: Դրանք խաղաղության գին չեն: Դրանց հանձնումը խոշոր հաշվով լինելու է պատերազմի գին, ընդ որում պատերազմից առաջ վճարված, ինչը նաեւ նախանշելու է հետագա պատերազմում վճարվելիք ավելի ծանր գին:




Արցախի հարցի որեւէ «լուծում» չի փոխելու աշխարհքաղաքական հարաբերությունների դարավոր բնույթը, որտեղ թույլ օղակ են նրանք, որոնք որեւէ բան են ձեռք բերում իրենց հաղթանակից ամբողջությամբ կամ թեկուզ մասամբ հրաժարվելու դիմաց: Այդ օղակները չեն ստանում խաղաղություն, այլ դառնում են մյուս գոտիներում խաղաղության եւ կայունության այսպես ասած վճարվող գին, պարբերաբար վճարվող գին:

Այդ ամենի շուրջ քննարկումների, խորհելու եւ պատերազմի ու խաղաղության խորքային բնույթը դիտարկելու փոխարեն, Հայաստանի հանրությունը պատերազմի հաղթանակից անմիջապես հետո դրվել է պատերազմ, թե խաղաղություն արհեստական, պրակտիկ քաղաքականության պատմա-գեղարվեստական նկարագրությամբ համեմված դիլեմայի առաջ, որտեղ հաղթանակի մի մասից հրաժարումը մատուցվել է իբրեւ խաղաղության գին, իրականում իր խորքում ունենալով հայկական ինքնիշխան պետականության ռազմավարական հեռանկարը իբրեւ աշխարհքաղաքական «զոհաբերություն» մատուցելու մեծ ռիսկը:

Ռիսկ, որը բարեբախտաբար լոկալ ռազմական հարվածով ավարտվեց ապրիլիյան քառօրյայում, եւ պետականության ռազմա-քաղաքական խորքային կոնցեպտների շուրջ խորհելու փոխարեն հանրությանը պատմա-գեղարվեստական դիլեմայի առաջ երկու տասնամյակ կանգնեցված հասարակությունը կարողացավ արագորեն ուշքի գալ եւ պահել չեղած կոնցեպտը ենթագիտակցաբար:


Ապրիլից հետո սկսեց ձեւավորվել այդ հարցում հայկական հանրային գիտակցությունը, սակայն էլիտաները՝ չակերտավոր, թե առանց չակերտի, ամենեւին ձեռնամուխ չեղան այդ գիտակցությունը քաղաքականապես «կոնսպեկտավորելու» առաքելությանը:

Ի՞նչ է ասել ԱՄՆ հեռացող դեսպանը հայ ժողովրդին: Դեսպան Միլզը, արտահայտելով տարածքների հանձնման տրորված եւ սպառված սկզբունքը, տողատակում տարակուսանք է հայտնել, որ չկան քննարկումներ, արձանագրելով, որ ժողովուրդը դեմ է տարածք հանձնելուն եւ անգամ հղում անելով, որ ապրիլյան քառօրյան լիովին հասկանալի է դարձնում, թե ինչու է դեմ:


Որեւէ մեկն ակնկալում է, որ իր պաշտոնավարման ավարտին ԱՄՆ թեկուզ հեռացող դեսպանը ուղիղ, բաց տեքստով եւ նույնիսկ գրական հայերենով պետք է հայ ժողովրդին հորդորեր երբեք չհամաձայնել տարածք հանձնելու գնով որեւէ տարբերակի՞, ու զարմանք արտահայտեր, որ տարածք հանձնելուց բացի որեւէ տարբերակի շուրջ խորքային, կոնցեպտուալ քննարկում Հայաստանում չի եղել ամբողջ քառորդ դա՞ր:

Արդյոք հայ ժողովուրդը ակնկալում էր, որ Միլզը պետք է ամեն ինչ ասեր ուղիղ, հենց այդպես, բաց տեքստով, հայերեն: Արդյոք հայ ժողովուրդը համարում է, որ հենց ինքն է հայկական ժողովրդական հայտնի ասույթի հերոսը, ում ասում են «դուզ խոսքը»: Հայ ժողովուրդը չգիտե՞, թե ում են ասում «դուզ խոսքը», առավել եւս դեսպանները, որոնք ուղիղ խոսքի համար չեն «ծնվում»:

Էլ ինչպե՞ս ասեր հեռացող դեսպանը, որ հանրությունն անտեղի շոկի փոխարեն սկսեր տեղին մտածել եւ վերջապես, առավել եւս խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ քաղաքական պատվեր կամ պահանջ դներ մասնակից ուժերի առաջ, հայկական պետականության այդ կարեւորագույն բաղադրիչի առնչությամբ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->