>

Խորհրդարանական ընտրությունների հիմնական ինտրիգը վերաբերում է ՀՀԿ-ի մասնակցությանը, մնացած հարցերի պատասխանները տրված են արդեն այսօր, երբ նույնիսկ նշանակված չէ քվեարկության օրը։

ՀՀԿ-ի մասնակցության-չմասնակցության հարցն առանցքային է ոչ այնքան ընտրությունների արդյունքների համատեքստում, որքան կանխորոշիչ կարող է լինել քարոզարշավի բովանդակության, քաղաքական նոր համակարգի կայացման առումով։

Հոկտեմբերի 2-ի խորհրդարանական «պուտչը» բացահայտեց, որ ՀՀԿ-ն ամենևին էլ չի ադապտացվել քաղաքական, ինստիտուցիոնալ նոր իրողություններին և մնում է մայիսի 1-ի քվեարկության բարդույթի պատանդը։ Ընտրական մարաթոնին չարդիականացված, քրեաօլիգարխիկ համակարգի փլատակների տակ մնացած ՀՀԿ-ի մասնակցությունն ամենևին էլ չի նպաստելու մրցակցային միջավայրի ձևավորմանը, հակառակը՝ թույլ չի տալու, որ գործընթացը նպաստի քաղաքական նոր համակարգի ձևավորմանը։




Քոչարյանի զոհերը

ՀՀԿ-ում կարծես տրամադրված են մասնակցել արտահերթ ընտրություններին ու նույնիսկ պնդումներ կան, որ այս հարցում որոշակի պայմանավորվածություններ կան Նիկոլ Փաշինյանի թիմի ու հին համակարգի ներկայացուցիչների միջև։ Ասում են նույնիսկ, որ Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որը պարտադիր է համարում նոր խորհրդարանում առնվազն չորս կուսակցության ներկայությունը, եթե, իհարկե, գերազանցվել է 2%-ի շեմը, իրականացվում է՝ խորհրդարանում ՀՀԿ-ի ներկայությունն ապահովելու համար։ Բնականաբար, Փաշինյանի թիմն ու ՀՀԿ գործիչները հերքում են, որ իրենց միջև գոյություն ունի որևէ ստվերային պայմանավորվածություն։




Անկեղծ ասած՝ հակված ենք հավատալ, որ ստվերային, ոչ լեգալ պայմանավորվածություններ իսկապես չկան, այլ խնդիր է, որ այն պարագայում, երբ ապագա խորհրդարանի ձևավորմանը մասնակից երեք քաղաքական ուժերի անունները գրեթե հարյուր տոկոսով կանխատեսելի են, չորրորդի ներկայության օրենսդրական իմպերատիվի ամրագրումը, այն էլ՝ 2%-ոց շեմով, իսկապես կարող է բոնուս համարվել ՀՀԿ-ի համար։

Պարտադիր չէ տեղի ունենան ստվերային պայմանավորվածություններ, երբեմն քաղաքական համատեքստը վարքագծային, մարտավարական ընդհանրություն է ձևավորում այն ուժերի համար, որոնք գտնվում են հակադիր բևեռներում։

Նիկոլ Փաշինյանի՝բարիկադների ապամոնտաժման թեզն ակնհայտորեն չաշխատեց, մի կողմից՝ անհաջող կադրային նշանակման հետևանքով, մյուս կողմից՝ այն պատճատով, որ հասարակությունը շատ է ներշնչված «ասֆալտին պառկեցնելու» հեղափոխական հրահանգով ու պատրաստ չէ քաղաքական, հասարակական համաձայնությունների։ Այլ խոսքով՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմի օրակարգը բաց է մնում՝ ի շրջանս յուր վերադառնալու գայթակղությամբ, ու ՀՀԿ-ի մասնակցությունը գործընթացին հեղափոխության թիմի համար կենսական անհրաժեշտություն է դառնում՝ մի վերջին անգամ հակահեղափոխության վիրտուալ ռևանշի դեմ հասարակությանը կոնսոլիդացնելու համար։ Երևանի ավագանու ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ «սպիտակների» ու «սևերի» հակադրության պարզունակ մոդելը արդյունավետ գործում է ու շռնադալից հաղթանակ է ապահովում Փաշինյանի թիմի համար։ «Իմ քայլը» դաշինքը դեմ չի լինի նույն թեզն օգտագործել խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ-ին ներկայացնելով «բոբոյի» դերում, մանավանդ որ կոնսոլիդացնող, հասարակական համաձայնության և հաշտեցման արդյունավետ բանաձև գտնված չէ։


Գուցե պարադոքսալ թվա, սակայն այդ կարգավիճակը ձեռնտու է նաև ՀՀԿ-ի համար, որովհետև առաջիկա քարոզարշավում լեգիտիմացվում է երկրոդ առանցքի դերում հանդես գալու նրա մարտավարությունն, ինչն, անշուտ, թույլ է տալու, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունը հաղթահարի անցողիկության շեմը, մանավանդ որ այն կարող է համարժեք լինել ընդամենը 2%-ոց քվեին։

Նման կոնֆիգուրացիան թույլ կտա, որպեսզի հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա Նիկոլ Փաշինյանի թիմը ձևավորի մոնոլիտ իշխանություն, իսկ ՀՀԿ-ն հայտնվի խորհրդարանում՝ թեկուզև փոքր խնբակցությամբ։


Սակայն եթե այս երկու ուժերին «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզը գործնականում ձեռնտու է, որովհետև նրանց «կենսունակություն» է հաղորդում հակադրության, բարիկադային ռեժիմը, ապա նման ստատուս-քվոն սպառնում է պետական ինստիտուտներին ու քաղաքական համակարգին՝ հանգեցնելով նրանց փոշիացմանը։

Ինչքան նոր խորհրդարնաի ձևավորման հիմքում մեծ լինի հեղափոխական էյֆորիայի գործոնը, այնքան շուտ է տեղի ունենալու նոր ԱԺ-ի քաղաքական ապալեգիտիմացման գործընթացը, այլ խոսքով՝ էլեկտորալ ոչ բնական սեգմենտացիայի արդյունքում ձևավորված խորհրդարանի լեգիտիմության միակ աղբյուրը լինելու է Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը, որի օբյեկտիվ անկումը երկու-երեք տարիների ընթացում խորհրդարնի պատերից դուրս առաջացնելու է ուժեղ ընդդիմություն, որը քաղաքական լեգիտիմության հիմքով պահանջելու է «փոքրամասնության ԱԺ»-ի վերածված խորհրդարանի լուծարումը։ Այլ խոսքով՝ հեղափոխության կառավարության վարկանիշի անխուսափելի անկումը հանգեցնելու է իշխանության տոտալ ինստիտուցիոնալ ճգնաժամի։

Մյուս կողմից՝ հակահեղափոխական ընկալվող ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին թույլ չի տալու, որպեսզի դրանց ընթացում դրվեն դեմոկրատական այլընտրանքի, կամ՝ հեղափոխության պլատֆորմի հենքով գործող ընդդիմության ձևավորման հիմքերը։ «Սևերի» ու «սպիտակների» հակադրության բանաձևը սպանելու է դեմոկրատական ընդդիմության ձևավորման շանսերը՝ մոնոլիտ իշխանության ընդդիմության դերում առաջին պլան բերելով ՀՀԿ-ին ու քաղաքական արմատականությանը, ենթադրաբար՝ «Սասնա ծռերի» դեմքով։ Սա, ըստ էության, մինչև վերջ դեգրադացնելու է քաղաքական համակարգը՝ իշխանությանը թողնելով առանց իրական այլընտրանքի։

ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում քաղաքական ռեաբիլիտացիայի շանս չունի, փոխարենը դրանց իր մասնակցությամբ կարող է կառավարող դաշինքին թողնել առանց ինստիտուցիոնալ այլընտրանքի, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է հեղափոխության օրակարգի ձևախեղմանը կամ Հայաստանը ներքաշելու է պերմանենտ հեղափոխությունների հորձանուտի մեջ, որից մինչև այսօր չի կարողանում դուրս գալ Ուկրաինան։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->