>

Խորհրդարանի արտահերթ ընտրությանը, իսկ առայժմ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանի լուծարման տանող առաջին յոթնօրյակին ընդառաջ տարբեր աղբյուրներ շրջանառության մեջ են դնում միտքը, թե խորհրդարանի արտահերթ ընտրության առաջանցումը՝ 2019 թվականի մայիսից 2018 թվականի դեկտեմբեր, պայմանավորված է Արցախի խնդրում Հայաստանի նոր իշխանության վրա ճնշմամբ՝ անցանկալի լուծում պարտադրելու առումով:

Այդ միտքը նոր չէ: Ընդ որում նոր չէ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, որի նկատմամբ այն փորձ է արվել օգտագործել առնվազն երկու անգամ՝ երբ հանրության հետ քայլում էր դեպի իշխանություն, եւ երբ արդեն վարչապետի պաշտոնին էր եւ քայլեր էր կատարում նախկին համակարգն ապամոնտաժելու ուղղությամբ:

Այդ իմաստով, միտքը կոնկրետ նոր իշխանության կամ թավշյա հեղափոխության, իսկ ավելի ճիշտ կլինի թերեւս ասել՝ նախկին կոռուպցիոն համակարգը պետական կառավարման համակարգից անջատելու, ապամոնտաժելու դեմ կիրառվում է արդեն երրորդ դրվագում:




Քոչարյանի զոհերը

Իսկ ընդհանրապես այն պարբերաբար եղել է Հայաստանի ներքաղաքական շրջանառության մեջ, այսինքն ինքնին բավականին մաշված միտք է, որը տարբեր ընդդիմություններ կիրառել են տարբեր իշխանությունների դեմ, հանրությանը համոզելու համար, թե ուր որ է իշխանության վրա լինելու է միջազգային ուժգին ճնշում, եւ իշխանությունը հանձնելու է Արցախը:




Ներկայումս փորձ է արվում նոր համեմունք տալ խնդրին, այն իմաստով, որ Փաշինյանը լեգիտիմ առաջնորդ է եւ կարող է համոզել ժողովրդին այն հարցում, ինչը չէին կարող անել նախկին՝ ոչ լեգիտիմ առաջնորդները:

Դժվար է ասել, այդ մտքի հեղինակները վերարտադրում են միջազգային ուժային կենտրոնների՞ միտքը, թե՞ սեփական ցանկությունը: Որովհետեւ, այդպիսի կատեգորիա՝ ցանկություն, որ միջազգային կենտրոնները վերջապես Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելուն նպաստեն եւ այդ միջոցով լուծում պարտադրեն Արցախի խնդրում, Հայաստանում գոյություն ունի վաղուց:

Օրինակ, այդ առիթով կա Վիկիլիքսի հայտնի գրառումներից մեկը, թե ինչպես է Հայաստանի առաջին նախագահը Հայաստանում ԱՄՆ դեսպանին համոզել՝ 2008-ից հետո, որ պետք է ճնշում բանեցնել Սերժ Սարգսյանի վրա Արցախի խնդրում համաձայնության գնալու համար: Բայց, ինչպես ասում են, այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն է դուրս եկել, մինչդեռ նրա հայեցակարգի «հավատավոր հետեւորդները» հայեցակարգի հանդեպ հավատի առումով գերազանցել են դրա հեղինակին, չեն գերազանցել միայն այդ հայեցակարգը ընդունելու եւ հրապարակավ պաշտպանելու անձնական քաջության, քաղաքական խիզախության եւ մարդկային անկեղծության առումով:


Օրերս մեկ այլ հայտարարություն արեց ԱՄՆ մեկ ուրիշ դեսպան, արդեն ոչ թե Վիկիլիքսի գրառման, այլ բաց հարցազրույցի տեսքով: Նա հայտարարեց, թե իրենք կարծում էին, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է տարածք հանձնելու պայմանով Արցախի հարցի կարգավորմանը, սակայն պարզվում է, որ այդպես չէ:

Ամենեւին զարմանալի չէ, որ դեսպանի հայտարարությունից «որսվեց» միայն այն, թե «առանց հանձնելու չի լինի կարգավորում»: Դա ենթագիտակցական է, որովհետեւ գործում է «սեփական ցանկության» կատեգորիան, պարզապես չկա համարձակություն ու անկեղծություն ասելու, թե դեսպանը ճիշտ է ասում:


Մյուս կողմից, կա ենթագիտակցական մյուս շերտը՝ չնայած սեփական ցանկությանը, կա նաեւ առնվազն ենթագիտակցական զգացողությունը, որ այդուհանդերձ Հայաստանին ոչ ոք ոչինչ չի պարտադրելու՝ թե լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ իշխանության պարագայում, որովհետեւ Արցախի խնդրում Հայաստանի հանրության չհանձնելու ցանկությունը՝ որի մասին խոսել է ԱՄՆ դեսպանը, խոչընդոտ չէ, այլ հնարավորություն:

Բանն այն է, որ Հայաստանի հանրությունն ինքնին չի կարող խոչընդոտ լինել աշխարհաքաղաքական կոնսենսուսի եկած ուժային կենտրոնների համար: Այդ խոչընդոտը կվերացնեն հաշված ժամերի, շաբաթների կամ ամիսների ընթացքում, որքան էլ հնչի դաժան:

Եվ ավելին, այդ խոչընդոտը վերացնելու համար առավել շահեկան է լինում ոչ լեգիտիմ իշխանությունը, եթե դրվում է վերացնելու աշխարհքաղաքական խնդիր: Դրա վկայությունն էլ «արաբական գարուն» կոչված շղթայի մի շարք դրսեւորումներն են, նաեւ առ այսօր շարունակվող:

Լեգիտիմ իշխանությունը ունի հակառակ նշանակություն՝ օգտագործել հայ ժողովրդի ցանկությունը, որը փաստացի համահունչ է աշխարհքաղաքական ուժային կենտրոնների ռազմավարությանն ու տակտիկային, անգամ դրանցից շատերի իրարամերժության պարագայում: Բանն այն է, որ հենց այդ իրարամերժության համատեքստում հայ ժողովրդի ցանկությունն այն անուղղակի հարթակն է, որտեղ նրանք կարող են գալ կոնսենսուսի՝ առանց դա բարձրաձայնելու եւ փաստաթղթի հանձնելու, ինչը արդեն բավական բարդ գործընթաց է: Հայ ժողովուրդը իր ցանկությամբ դառնում է փաստորեն ռեգիոնալ ներկայիս իրավիճակի ամրագրման յուրօրինակ վավերացում: Դա է լինելու Հայաստանի նոր խորհրդարանը եւ իշխանությունը, ու նոր համակարգը ընդհանրապես:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->