>

Ռուսաստանը, Իրանն ու Հայաստանը պետք է միասին մեթոդներ գտնեն Ադրբեջանին իր տեղը դնելու համար, հայտարարել է ռուսաստանցի պատգամավոր Զատուլինը՝ Լազարևյան ակումբի «հիմնադիրը», անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին, այդ թվում Գորիս-Կապան ճամապարհի հետ կապված:

Կա հետաքրքիր մի օրինաչափություն: Ռուսաստանից այսպես ասած «հայամետ» համբավ ունեցող կամ ձեռք բերած մի շարք «տրիբուններ» խոսում են Իրանի հետ «կոմբինացված» հակազդեցության մասին, որոշները նաև տալիս Չինաստանի անունը, իսկ՝ «чтоб не догодались», երբեմն տալիս նաև Ֆրանսիայի անունը, շատ լավ զգալով հայաստանյան հանրության շրջանում Ֆրանսիայի ձեռք բերած «թրենդային» քաղաքական գրավչությունը:




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ է կատարվում իրականում, երբ ռուսական ամբողջատիրական դաշտից հանկարծ փորձագիտական ինտենսիվ հորդորներ են հնչում հայկական դաշտի ուղղությամբ, պնդումներով, որ պետք է ձեռնամուխ լինել Չինաստանի, Իրանի հետ դաշինքին, ռազմա-քաղաքական դաշինք կնքել Ֆրանսիայի հետ:





Ֆրանսիան այդ հանգամանքի շուղակային բնույթը հասկացավ թերևս ժամանակին, և Երևանում իր պաշտոնավարման ժամկետը սպառող դեսպան Լաքոթը որոշեց հարցազրույց տալ և որոշակիորեն օդիից իջեցնել Ֆրանսիայի օժանդակության հանդեպ գերսպասումներ ունեցող հայաստանյան հանրությանն ու փորձագիտական-քաղաքագիտական մտքի կրողներին, թափանցիկ ակնարկելով Փարիզի քաղաքականությունից չափավոր սպասումների անհրաժեշտությունը: Իրանն ու Չինաստանն առայժմ լուռ են, թերևս ունենալով իրենց հաշվարկները: Իսկ ի՞նչն է Հայաստանին Ռուսաստանից «հայամետ տրիբունների», ընդ որում որոշ դեպքերում նորընծա տրիբունների շուրթերով այդպիսի համառ խորհուրդներ տալու հաշվարկը:

Այն, որ Ռուսաստանը չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունը անգամ քաղաքական մակարդակում, ուր մնաց, թե ռազմական, պարզ է վաղուց, անգամ 44-օրյա պատերազմից ավելի վաղ: Սրանով հանդերձ, Ռուսաստանը պատերազմի հետևանքով ստանձնեց հավելյալ պարտավորություններ, որոշակի ձևաչափային պատասխանատվություն, ինչը սակայն չի կարողանում կրել: Ի՞նչ անել այդ դեպքում: Հայ ժողովրդին շարունակաբար խաբելու մարտավարությունն աշխատող չէ: Ավելի շուտ, շարունակաբար «դաշնակցային հավատարմությամբ» խաբելու մարտավարությունը:


Հետևաբար, պետք է անցնել «հակադաշնակցային հնարամտության»: Մասնավորապես, մի որոշակի առումով հենց ռուսական տիրույթից գոհացնել հայ ժողովրդին ՌԴ իշխանության հանդեպ կոշտ գնահատականներով, և այդպիսով ստեղծելով «վստահության համոզիչ պաշար», գեներացնել միտքը, որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի բացահայտորեն փնտրի Ռուսաստանին այլընտրանք: Կարևոր չէ, թե որքանով են Չինաստանն ու Իրանը հակված կանգնել հայ ժողովրդի և Հայաստանի թիկունքին՝ ռուս-թուրք-ադրբեջանական պահանջներին հանդիման: Կարևոր չէ, որ Չինաստանն ունի Թուրքիայի հետ հարաբերության իր շահագրգռությունները և բացարձակապես հակված չի լինելու դրանք զոհաբերել Հայաստանի խնդիրներին:

Կարևորը, որպեսզի հայ ժողովուրդը ձևակերպի պահանջ իր լեգիտիմ իշխանության հանդեպ՝ գնալ իքս կամ իգրեք ուղղությամբ: Այդ պահանջը մի կողմից պարունակում է այդ քաղաքական ղեկավարության ապալեգիտիմացման թեկուզ հարաբերականորեն թույլ թվացող, սակայն ներուժ ունեցող հեռանկար՝ եթե քաղաքական ղեկավարությունը անհաղորդ է մնում դրան, և պարունակում է Ռուսաստանի ձախողած պատասխանատվությունը Հայաստանի վրա տեղափոխելու «հեռանկար» Մոսկվայի համար, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ընդառաջի, հաղորդակից լինի Հայաստանում ձևավորվելիք հանրային պահանջին:

Կհաջողվի՞ կիրառվող «անպարտելի» տեխնոլոգիան Հայաստանի հանրության շրջանում առաջ մղել որևէ մի էֆեկտի համար բավարար չափով: Սա հարց է, որի պատասխանը գոնե առայժմ չկա: Այն, որ Հայաստանի համար այլընտրանքի հարցը սուր է, չկա կասկած: Միաժամանակ կասկած չկա նաև, որ այդ սուր հարցը Հայաստանից պահանջում է հանդարտ լուծում, երկու պատճառով:



Նախ, անկասկած է, և 44-օրյա պատերազմից հետո գոնե ակնառուորեն հասկանալի, որ չկա պետություն, որը պատրաստ է Հայաստանի կողմից հակադրվել Թուրքիային ու Ադրբեջանին, և այդ հարցում անգամ արմատական դիրքորոշումներ արտահայտած Ֆրանսիան վերջին շրջանում հասկանալիորեն փորձում է հավասարակշռել դիրքորոշումը:

Եվ երկրորդ, Հայաստանը պետք է այլընտրանքի ուղղությամբ աշխատի այնպիսի դինամիկայով ու ծավալով, որպեսզի այդ աշխատանքը Հայաստանին տա նոր հնարավորություն, այլ ոչ թե Ռուսաստանին հնարավորություն տա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր սակարկությունների պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Сообщение Ինչից է խուսափում և ուր է մղում Հայաստանին Ռուսաստանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->