>

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ սկսել է հասունանալ մի թեմա, որի մասին քիչ տեղեկատվություն կա, բայց շատ են տհաճ կանխագուշակությունները: Խոսքը Հայաստանի հանքերի մասին է, որոնք հարուստ են ոսկով, պղնձով, մոլիբդենով եւ այլ արժեքավոր մետաղներով:

Հայաստանի ընդերքը, չնայած պաշտոնապես ազգային հարստություն է, իրականում շահագործում են կասկածելի ծագման մասնավոր ընկերությունները: Հայաստանում բազմաթիվ հանքարդյունաբերող ընկերությունները կապվում են ինչպես երկրի նախկին ղեկավարության, այնպես էլ արտաքին՝ հիմնականում ռուսական ուժերի հետ:

Երկար տարիներ հանքարդյունաբերությունը պետական եկամուտների ու արտահանման հիմնական աղբյուրն էր՝ չնայած պետությունը շատ քիչ գումար էր ստանում դրա դիմաց: Իսկ հիմնական եկամուտները մինչ օրս մտնում են մասնավոր ընկերությունների գրպանը:




Քոչարյանի զոհերը

Հայաստանում թավշյա հեղափոխությունը չէր կարող շրջանցել հանքերի օգտագործման ոլորտի քաղաքականության վերանայումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել տտնտեսության կառուցվածքը եւ ծանրության կենտրոնը հանքարդյունաբերությունից տեղափոխել բարձր տեխնոլոգիական ոլորտներ:




Բարդ կլինի այս տրանսֆորմացիան իրականացնել հանքարդյունաբերության պես պահպանողական ոլորտում: Այս ոլորտում խաչվել են ոչ միայն մասնավոր հսկաների, այլ նաեւ աշխարհքաղաքական կենտրոնների շահերը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն չեն թաքցնում Հայաստանի ընդերքի համար պայքարը:

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շատ լուրջ է անվանել Ամուլսարի, Թեղուտի հանքերի եւ Ալավերդիի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված հարցերը: Բոլոր երեքն էլ փակման եզրին են, ինչը կարող է սոցիալական լուրջ խնդիր առաջացնել:

Կարելի է նկատել, սակայն, որ շահագրգիռ կողմերը, փորձելով լուծել իրենց խնդիրները, սպեկուլյացիաներ են անում սոցիալական լարվածության, ներդրողների վախերի ու բնապահպանության թեմաներով:


Հայաստանից հեռացած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, օրինակ, վերջին ամիսներին Ամուլսարի ոսկու հանքի լոբբինգ էր անում, որը շահագործում է բրիտանա-ամերիկյան Լիդիան կոնսորցիումը: Բնապահպանները փակել են ճանապարհը՝ հայտարարելով հնարավոր աղետի մասին: Սակայն Տիգրան Ավինյանը խոստովանել է, որ ապացույցներ չունեն: «Եթե բնապահպանական խնդիրները չեն ապացուցվում, այլ զուտ ենթադրությունների ու ոչ հիմնավոր փաստարկների վրա են հիմնված, չենք կարող կանգնեցնել նաեւ տնտեսվարողին, որովհետեւ դեռեւս շատ կոնկրետ փաստարկ, փաստ եւ ապացույց չունենք մենք, որը մեզ թույլ կտա հայտարարել, որ բնապահպանական աղետ է մեզ սպասվում», – ասել է փոխվարչապետը:

Այն մասին, որ բնապահպանների անկեղծ մտահոգությունը կարող էին օգտագործել շահագրգիռ անձինք, ասում էր նաեւ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը: Նա ասել է, որ Լիդիան ընկերությունում կոռուպցիայի հետ կապված ոչ մի ապացույց չի տեսել: Միլզն ասել է, որ ֆինանսավորումը մասամբ ստացվել է բաժնետերերից ու ներդրողներից, նախնական ֆինանսավորումն իրականացվել է միջազգային կառույցներից, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, Համաշխարհային բանկը, որոնք իրենց բնապահպանական պահանջներն ունեն հանքարդյունաբերական որեւէ նախագծի մասնակցելու համար եւ ավելացրել, որ Հայաստանում եւս 27 մետաղական հանք կա, եւ դրանցից ոչ մեկը չի փակվել:

Հիշեցնենք, որ հիմնականում ռուսական ընկերություններն են շահագործում այս հանքավայրերը: ԱՄՆ դեսպանը հավանաբար ակնարկում է, որ Հայաստանը «հատուկ վերաբերմունք» ունի ամերիկյան ընկերությունների ու արեւմտյան նախագծերի բնապահպանության հանդեպ, իսկ ռուսականների հանդեպ բնապահպանական պահանջներ չկան:


Դա չէին կարող չնկատել Ռուսաստանում: Ռուսաստանի ԱԳՆ խոսնալ Մարիա Զախարովան օրերս քննադատել է դեսպան Միլզին: Զախարովան մեկնաբանել է նաև Միլզի մտահոգությունը, որ «Հայաստանի կառավարությունում ոմանք անհրաժեշտ են համարում սահմանափակ միջոցները կենտրոնացնել բարձր տեխնոլոգիական սեկտորներում՝ դուրս բերելով գինեգործությունից, տուրիզմից, հանքարդյունաբերությունից»՝ ավելացնելով, որ դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:

Միլզն իրոք հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հրաժարվի եկամտի ավանդական ոլորտներից, ինչպիսին է հանքարդյունաբերությունը: Դժվար է ասել նա Հայաստանի խնդիրներով, թե ԱՄՆ շահերով է հետաքրքրված, բայց ակնհայտ ,է որ ԱՄՆ-ն փորձում է հաստատվել Հայաստանի հանքարդյունաբերական շուկայում, իսկ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ թույլ չտա:

Դա միայն Ամուլսարին չի վերաբերում: Վերջերս փակվել է Թեղուտի հանքավայրը եւ Ալավերդիի պղնձաձուլարանը, որոնք պատկանում են Վալեքս խմբին, որը կապված է ռուսական շահերին: Այդ ընկերությունները գրավադրված են ռուսական ՎՏԲ-ում եւ կարող են բանկի սեփականությունը դառնալ: Ընկերության վրա միլիոնների տուգանք է դրված, եւ փորձագետներն ասում են, որ Վալեքսը փակել է ձեռնարկությունը, որ սոցիալական ընդվզում հարուցի ու ստիպի կառավարությանը չեղյալ անել տուգանքներն ու պատժամիջոցները:

Հայաստանի կառավարությանը հեղափոխական միջոցառումներ են անհրաժեշտ ընդերքի համար բացահայտ առճակատման պայմաններում: Ակնհայտ է, որ կառավարությունը չի կարող չեղարկել նախկինում ստորագրած պայմանագրերն ու պարտավորությունները: Բայց կառավարությունը կարող է հեղափոխական քայլ կատարել, եթե պետական քվոտաներ սահմանի հանքարդյունաբերող ընկերություններում, բարձրացնի ռոյալթին եւ հայտարարի վիճելի հանքավայրերի ազգայնացման մասին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->