>

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Նարեկ Բաբայանի պարտությունը չի կապում Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առնչությամբ առաջ եկած դժգոհությունների հետ։

«Կոնկրետ այս պարագայում բացառում եմ, որովհետեւ մենք, բնականաբար, հարցումներով գիտեինք իրավիճակը, ընդհակառակը՝ վերջին քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց, ցավոք, մինչեւ վերջ չհասցրեցինք», -այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Փաշինյանն, իհարկե, մեծ հաշվով ճիշտ է․ Պողոսյանի նշանակումը չէր կարող ուղղակիորեն ու նման կտրուկ ազդեցություն ունենալ Կապանի ընտրական գործընթացի վրա։ Մյուս կողմից՝ այդ իրադարձությունը հավասար մրցակցության պայմաններում կարող էր էապես հարվածել ՔՊ թեկնածուի դիրքերին, այլ խոսքով՝ թույլ չտալ, որպեսզի նա կարողանա հաղթել մրցակցի հետ հավասար պայքարում կամ շրջանցել նրան։




Քոչարյանի զոհերը

Մի փոքր պարադոքսալ է թվում, որ իմանալով Կապանի ոչ այքան միանշանակ ընտրական համատեքստի մասին՝ վարչապետը գոնե մի քանի օրով չի հետաձգել իր նշանակումը։




Այս հանգամանքը թերևս հատուկ պարզաբանման կարիք ունի։

Գուցե Նիկոլ Փաշինյանը չի պատկերացրել, թե ինչպիսի բացասական արձագանք կարող է առաջացնել Հունան Պողոսյանի նշանակումը։ Եթե առաջնորդվենք այս վարկածով, ապա անկեղծորեն պետք է հայտնենք մեր տարակուսանքը, որովհետև «սև»-«սպիտակի» հակադրության մարտավարությունից բարիակդների ապամոնտաժման կուրսին անցումը կատարվեց շատ կտրուկ, ինչին, բնականաբար, պատրաստ չէր ոչ միայն հասարակությունն, այլ նաև՝ Նիկոլ Փաշինյանի թիմը։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն գերագնահատել է իր հռետորական դիրքը՝ վստահ լինելով, որ Կապանի հանրահավաքում կարող է ոչ միայն ապահովել իրենց թեկնածուի հաղթանակը, այլ նաև՝ հասարակության համար համոզիչ դարձնել Հունան Պողոսյանի նշանակումը։


Ստացվեց հակառակ պատկերը՝ Սյունիք կատարած այցով վարչապետն, ըստ էության, չկարողացավ լուծել երկու խնդիրներից որևէ մեկը։ Համենայն դեպս, դա են ցույց տալիս Կապանի ընտրությունների արդյունքները։

Նիկոլ Փաշինյանը ստիպված է հաշտվել այն իրականության հետ, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ողջ պատասխանատվությունը մնալու է իր ուսերին, ինչը բերելու է վարկանիշային որոշակի անկման՝ դրանից բխող հետևանքներով։ Այլ խոսքով՝ աստիճանաբար անցնում են այն ժամանակները, երբ հեղափոխության առաջնորդի յուրաքանչյուր խոսք հասարակությունն ընդունելու է անվերապահորեն։


Իրավիճակը բարդ է նաև այլ տեսանկյունից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունի, որ Հունան Պողոսյանի հարցում սխալվել է, ապա դրան անմիջապես պետք է հաջորդի կադրային լուծումը, ինչը գոնե այս պահին այնքան էլ նպատակահարմար չէ, եթե հաշվի առնենք, որ առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։

Խնդիրը Հունան Պողոսյանը չէ, որի պաշտոնանկությունը հասարակությունը նույնիսկ կընդունի ծափողջյուններով, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը հարկադրված է լինելու վերանայել բարիկադների ապամոնտաժման իր քաղաքական ուղերձը, ինչը կարող է որոշակի ռիսկեր ծնել, նույնիսկ ֆորս-մաժորային իրավիճակներ ստեղծել։

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն հակված չէ խորհրդարանական ընտրություններում կրկնել երևանյան ընտրությունների սցենարը՝ հատկապես, որ նոր ԱԺ-ում ընդդիմությունը սահմանադրորեն ունենալու է առնվազն 1/3-ի ներկայություն, իսկ դա ենթադրում է երկխոսության գոնե նվազագույն մակարդակ քաղաքական մյուս ուժերի հետ։ Բացի այդ՝ ժամանակն ակնհայտորեն չի հերիքում, որպեսզի խորհրդարանական ընտրությունների համար փորձարկվի քաղաքական նոր ուղերձ, մանավանդ որ բարիկադների ապամոնտաժման թեզը վարչապետի վերջին հրապարակային ելույթներում առանցքայինն է։

Ինչևէ, առայժմ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի նշանակումով որոշակի սխալ հաշվարկ է արել ու ստեղծված իրավիճակը հանգուցալուծում է պահանջում։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->