>

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 6-ից Լաչինի շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները:





Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ ընթացող զորավարժությունների գլխավոր նպատակը ռազմական գործողությունների ժամանակ համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը։





Այսօր արդեն լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Այդ ներկայացուցչության կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։ Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:


Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն ստեղծվելու առաջնահերթ վտանգն այն է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը խորանում է և առաջիկայում դեպի մեզ եկող հարվածը կարող է ավելի ուժեղ լինել։ Բայց դա կարող է նաև հակառակ կողմն ունենալ։ Ասել է թե՝ դա կարող է վտանգ ներկայացնել հենց Ադրբեջանի համար՝ ի դեմս ռուսական խանդի, Ալիևի ներքին իշխանության թուլացման ․«Բացառված չէ, որ ինչ-որ պահի Ալիևը կորցնի վերահսկողությունը հենց իր իսկ բանակի նկատմամբ։ Այսինքն՝ այս հարցում կան նաև թաքնված նյուանսներ, որից հենց ինքը՝ Ալիևը պետք է զգուշանա։ Ռուսաստանի պահով, իր ներքին իշխանության պահով և շատ այլ հարցերում։ Էրդողանն Ալիևին կեղծ ժպտալով իր օրակարգն է առաջ տանում»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այս մեծ խաղում Հայաստանը պետք է անի առավելագույնը՝ չտուժելու համար։ Իսկ դրա համար հարկավոր է ունենալ ուժեղ պետականություն և բանակ։

Մեր դիտարկմանը՝ ինչու Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքում, չի միջամտում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին, քանի որ ինքն է ստանձնել խաղաղապահ առաքելությունը տարածաշրջանում՝ փորձագետը պատասխանեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրականում ձևական, իրենց համար գծված սահմաններում գործողություններ են անում և Ռուսաստանն ակնհայտ ոչինչ անել չի կարող․«Ինչպե՞ս կարող է Ռուսաստանն արգելել, կամ միջամտել Թուրքիային կամ Ադրբեջանին միասնական զորախումբ կամ կառավարման կենտրոն ստեղծել։ Իրենք իրենց համար քայլեր են անում։ Ռուսաստանը պարզապես սա պետք է հաշվի առնի որպես թշնամական գործողություն»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ հենց այդ կոնտեքստում կարելի է դիտարկել ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխությունը:



«Բավական մարտունակ մեկին է նշանակել, որը լուրջ կենսագրություն ունի։ Պատահական չէ, որ նրա նշանակումը արդեն հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը։ Եթե Ադրբեջանն այնում է այն, ինչ ուզում է, այդպես էլ անում է նաև Ռուսաստանը։ Կարծես թե, կողմերը իրար քաղաքավարի ժպտալով, բայց իրար նկատմամբ անվստահություն ցույց տվող գործողություններ են անում։ Ռուսաստանը հաշվի է առնում Ադրբեջանի ու Թուրքիայի քայլերը և դրանց համապատասխան վերաբերմունք կլինի, բայց այս պահին դրանից ավելի ոչինչ չի կարող անել։ Կողմերը նախապատրաստական փուլում են գտնվում»,- նկատեց Հակոբյանը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ անդրադառնալով Ռուսաստանի լռությանը՝ նկատեց, որ Ռուսաստանը որևէ դիրքորոշում չի հայտնի այս գործընթացների վերաբերյալ, արձագանք չի լինի, բայց ռուսական կողմից Ադրբեջանի նկատմամբ քայլերի կոշտացում կնկատվի․«Իսկ Ռուսաստանը պաշտոնապես չի արձագանքի, քանի որ դա, վերջիվերջո, Ադրբեջանի ներքին գործն է, և եթե հայկական կողմը չի դիմում, չի արձագանքում, հայկական կողմը միջնորդից ոչինչ չի ակնկալում, ապա միջնորդ կողմը չի ցանկանում ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել։ Սա է ամբողջ պատմությունը»։

Сообщение Ռուսաստանը հաշվի է առնում Ադրբեջանի ու Թուրքիայի քայլերը և դրանց համապատասխան վերաբերմունք կլինի․ փորձագետ появились сначала на MediaNews.


от admin

-->