>

Hraparak.am-ը գրում է՝

Կառավարությունը թույլ տվեց իր առաջին կոպիտ սխալը՝ առանց նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հայտարարելով ընտրական գործընթաց սկսելու մտադրության մասին։




Քոչարյանի զոհերը

Այս վտանգի մասին մայիսի 10-ին հրապարակված հոդվածում զգուշացրել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առաջին նախագահը մասնավորապես նշել էր․ «Երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո»։




Բայց ինչպես տեսնում ենք, կարծես թե, քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների գնալու են առանց ԸՕ-ի արմատական վերափոխման, ինչը զգալիորեն բարդացնում է իրավիճակը։

Գործադիր իշխանության սխալի մասին խոսել է նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների գործընթացը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե այսպիսի սաբոտաժ արվեր»։


Իսկապես կառավարությունը անզգուշություն և շտապողականություն է թույլ տվել, քանի որ ՀՀԿ-ի վրա հանրային ճնշում պետք է գործադրվեր ԸՕ-ի ընդունման ժամանակ և դրանից հետո արդեն իսկ արտահերթ ընտրությունների անցկացման համար խոչընդոտներ չէին առաջանա։ Իսկ վարչապետը հանրային ճնշման ողջ ներուժը կենտրոնացրեց երկրորդի վրա՝ անտեսելով ԸՕ-ի սաբոտաժի ենթարկվելու հավանական հեռանկարը։

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԱԺ՝ 2018 թ․ հոկ․ 2-ին արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը։ Հիշեցնենք, որ ընդունված օրենքով առաջարկվում էր հետևյալ փոփոխությունը․ ԱԺ պատգամավորների համար նիստին մասնակցելու խոչընդոտող հանգամանքներ լինելու դեպքում, ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել: Ելք-ը դեմ էր արտահատվել օրենքին՝ պնդելով, որ դա խորհրդարանի ցրելը կանխելու փորձ է: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում նշվում է, որ օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա­իրավական խնդիրների մասին։ Հաշվի առնելով այս փաստը նախագահը որոշել է դիմել Սահմանդրական դատարան։

Ի դեպ հետաքրքրականն այն է, որ նախագահ Սարգսյանը վիճահարույց օրենքի վերաբերյալ հայտարարություն է տարածել միայն վերջին՝ 21-րդ օրը։ Ամեն դեպքում կարող ենք փաստել, որ վիճահարույց օրենքի մասով վտանգը ժամանակավորապես չեզոքացվել է, քանի որ Սահմանադրական դատարանը նախագահի դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում:


Բայց եթե օրենքի պարագայում ամեն ինչ գոնե ժամանակավորապես կարգին է, ապա նոր ԸՕ-ի չընդունման ու սաբոտաժի արդյունքում Հանրապետությունում առկա սահմանադրական ճգնաժամն էլ ավելի խորանում։

Կառավարությունը պետք է դասեր քաղի այս սխալից ու կոշտացնի քաղաքականությունը իրավիճակն ապակայունացնող տարրերի նկատմամբ։ Հակառակ պարագայում մեծագույն վտանգ կա, որ հին օրենսգրքով կազմակերպված ընտրությունները կարող են փոխակերպվել աննդառնալի առճակատման։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->