>

Մեկը չկա՞, որ ձեզ բացատրի ձեր շահը, ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով իր հրաժարականի եւ ԱԺ լուծարման ֆորմալ գործընթացի շրջանակում եւ խոսելով նախորդ իշխանության ռեւանշի փորձերի մասին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այդ փորձերը աշխատում են հենց այն անողների դեմ եւ ընդամենը անիմաստ ու ավելորդ լարվածություն են առաջացնում, որը պետք չէ ոչ մեկին, առաջին հերթին պետությանը:

Նիկոլ Փաշինյանն առերեւույթ բավական կոնկրետ է տալիս հարցը՝ չկա՞ մեկը: Մեկը իհարկե չկա, ավելի շուտ՝ մեկը չէ, որ կա, այլ մի քանիսը եւ ըստ այդմ չկա մեկ շահ այն համակարգում, որի առերեւույթ մարմնացումը դիտարկվում է ներկայիս ՀՀԿ-ն, սակայն որի տարբեր սեգմենտներ նաեւ ՀՀԿ «տարածքում» չեն, բայց մոտակայքում են:




Քոչարյանի զոհերը

ՀՀԿ-ն, որ սովոր էր գործել մեկ կենտրոնից եկող հանձնարարականով, ներկայում չունի այդ կենտրոնը: Բայց, խնդիրը ոչ միայն մեկ կենտրոնի կամ մեկի բացակայությունն է, այսինքն հանձնարարականի բացակայությունը: Խնդիրն այն է, որ կան արդեն տարբեր կենտրոններ, մեկը չէ՝ մի քանիսը, որոնցից գնում են հանձնարարականներ եւ ըստ այդմ ՀՀԿ-ում անհնար է դառնում դրանցում կողմնորոշվելը:




Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչպե՞ս է, որ ինչ որ բան տապալելու հարցում կողմնորոշվում են եւ անում գրեթե միասնական ինչ որ բան: Այդ միասնականությունն իրականում առերեւույթ է, եթե փոքր ինչ ուշադիր դիտարկվի ՀՀԿ տարբեր խմբերի վարքագիծը: Հանրությունը հիմնականում դիտարկում է այսպես ասած աղմկոտ դրվագները եւ անում միարժեք ու միատարր եզրակացություն, մինչդեռ շատ ավելի կարեւոր է, եւ խնդրի բուն էությունն արտացոլող՝ նախկին համակարգի եւ այդ թվում ՀՀԿ սեգմենտների վարքագիծը այդ աղմկոտ հանգույցների արանքում, կամ այլ կերպ ասած՝ առօրյայում:

Իսկ այստեղ ավելի ու ավելի ակնառու է վարքագծի տարամետությունը, բաժանարար գծերի կամ տարանջատման փորձերի ընդգծվածությունը:


«Ռեւանշի» «միասնական» փորձերը պետք է դիտարկել հենց այդ վարքագծի համատեքստում, դրանք են բխում առօրյա, ընթացիկ վարքագծից, ոչ թե ընթացիկ վարքագիծն է բխում դրանից: Ըստ այդմ, կա միասնական փորձ, սակայն այդ միասնական փորձը իրականում թողնում է ոչ միասնական հետեւանք, դրա մասնակից կամ դրանում ֆորմալ ներգրավված սեգմենտների համար այդ փորձի հետեւանքը տարբեր է, ըստ արդեն այսպես ասած առօրյա, ընթացիկ վարքագծի:

Ավելին, «միասնական ռեւանշը» կամ «միատարր ռեւանշը» իրականում ներքին հարաբերությունների եւ բախումների դրսեւորում է, եւ ըստ այդմ դրանցում հաղթանակի ու պարտության դրսեւորում: «Ռեւանշի» փորձը ՀՀԿ պայմանական ասած մի թեւի կամ թեւախմբի հաղթանակն է մյուս թեւի կամ թեւախմբի նկատմամբ, որը պայմանականորեն հնարավոր է գնահատեւլ կամ բաժանել հետեւյալ գծով՝ ՀՀԿ ներկայում բավական պասիվ, չերեւացող խմբի հաղթանակը երեւացող, ակտիվ գործունեության առաջին գծում գտնվողների նկատմամբ:

Այդ առումով խիստ խորհրդանշական էր այն նյարդայնությունն ու հուզականությունը, որ առկա էր ՀՀԿ աշխույժ պատգամավորների շրջանում Ընտրական օրենսգրքի տապալման փորձի ընթացքում:


Այդ իմաստով, ոչ թե մեկը չկա, այլ կան շատերը, փոխարենը ՀՀԿ ըստ էության չկա: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն այդ հարցով գործնականում բացահայտում է ՀՀԿ եւ ընդհանրապես նախկին համակարգի վիճակն ու տրամաբանությունը, որ առկա է այսօր: Եվ հատկանշական է, որ բացահայտում է ԱԺ լուծարման գործընթացի հանգուցային փուլում եւ իրավիճակում:

Նիկոլ Փաշինյանի խոսքն իրականում խորքում ՀՀԿ-ին չէ, որ ուղղված էր: ՀՀԿ-ն ներկայում Հայաստանի քաղաքական դաշտի ծուռ հայելին է, կամ ավելի շուտ այն դաշտի, որը իներցիայով շարունակում է կոչվել քաղաքական, բայց բովանդակային առումով քաղաքական չի եղել երբեք, ինչի մասին գործնականում վկայեց նաեւ առանձնահատուկ քաղաքական իրավիճակում անցկացվող նիստում վարչապետին ուղղված հարցերի գերակշռող մեծամասնությունը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->